««Digitec-2006» ցուցահանդեսը ցույց տվեց, որ բոլոր հնարավորությունները կան այն ավանդական դարձնելու, ավելին` կարծում եմ` ժամանակի ընթացքում այն տարածաշրջանային նշանակություն կունենա»,- մեզ հետ զրույցում նշեց «Digitec-2006» ցուցահանդեսի տնօրեն Տիգրանուհի Մկրտչյանը։ Նրա փոխանցմամբ` այսպիսի լավատեսության հիմքեր են տալիս այս տարվա ցուցահանդեսի նկատմամբ ցուցաբերած մեծ հետաքրքրությունը. ցուցահանդես այցելեցին ավելի քան 15.000 մարդ, որոնց թվում էին տարբեր երկրներից ժամանած մասնագետներ, իսկ ցուցահանդեսի մասնակիցների թիվն անցած տարվա համեմատությամբ աճել էր 35%-ով։ Ցուցահանդեսի տնօրենը բավականին հատկանշական եւ կարեւոր համարեց, որ «այս տարվա «Digitec»-ում մասնակցեցին ոչ միայն անմիջական ինֆորմացիոն եւ հեռահաղորդակցության ոլորտը ներկայացնող աշխարհահռչակ եւ տեղական կազմակերպություններ, այլ նաեւ` բարձր տեխնոլոգիաների ոլորտը ներկայացնող ընկերություններ, ինչպիսիք են, օրինակ` «Ֆեստո», «Նեյշինալ ինստրումենտ», «Մշակ» ընկերությունները եւ մյուսները։ Կարծում եմ, որ կարեւորագույն նշանակություն ունի նաեւ այն փաստը, որ «Digitec-2006»-ում այս կամ այն ձեւով մասնակցեցին բիզնես ծառայություններ մատուցող ընկերություններ, ինչպիսին օրինակ` «Ահարոն Պարադիգման» է, եւ այնպիսի միջազգային բարձր վարկանիշ ունեցող աուդիտորական եւ խորհրդատվական ծառայություններ մատուցող ընկերություն, ինչպիսին «Գրանթ Թորնթոն Ամիօն» է,- նշեց Տիգրանուհի Մկրտչյանը։