Հետեւեք Հայաստանի օրինակին

17/11/2006

«ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ի փոխանցմամբ՝ «Գազպրոմի» վարչության փոխնախագահ Ալեքսանդր Մեդվեդեւը նախօրեին հայտարարել է, թե գազի դիմաց էներգետիկ ակտիվներով վճարելու հնարավորությունն առաջարկվել է բոլոր պետություններին, սակայն միայն Հայաստանից է ստացվել Ռուսաստանի համար ձեռնտու առաջարկ: Մեդվեդեւն ասել է նաեւ, թե Հայաստանին մատակարարվող գազի սակագները բացատրվում են նրանով, որ պայմանագիրը կնքվել է անցած տարի, եւ պայմանավորվածության շրջանակներում «Գազպրոմը» «ստացել է Հայաստանի էներգետիկ ակտիվները»: «Այդ պայմանները հաշվի առնելով՝ Հայաստանին մատակարարվող գազի գինը լիովին համեմատելի է Անդրկովկասի մյուս երկրներին մատակարարվող գազի գների հետ»,- ասել է Մեդվեդեւը: «Եթե Վրաստանի հետ գազի մատակարարման վերաբերյալ պայմանագիր չստորագրվի, գազը Վրաստանի տարածքով կառաքվի միայն Հայաստանին»,- զգուշացրել է «Գազպրոմի» վարչության փոխնախագահը՝ հավելելով,-Վրաստանը հնարավորություն ունի գազի մատակարարման դիմաց վճարել իր էներգետիկ ակտիվներով»: Փաստորեն «Գազպրոմի» վարչության փոխնախագահը Վրաստանին առաջարկում է հետեւել իր հարեւան Հայաստանի օրինակին ու ունեցած-չունեցածը նվիրել ռուսներին՝ մի քանի տարի մի քիչ «էժան» գազ ստանալու դիմաց: