«Հայաստանի կառավարությունը պետք է լրջորեն վերաբերվի Հայաստանում ժողովրդավարական գործընթացների անբավարարությունը դատապարտող ամերիկյան «Freedom House» իրավապաշտպան կազմակերպության դիտարկումներին»: Այդ մասին երեկ լրագրողներին հայտարարել է Հայաստանում «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիայի ներկայացուցիչ Ալեքս Ռուսինը:
Նա հիշեցրել է, որ «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիայի ծրագրի շրջանակներում տրամադրվող միջոցները նախատեսված են աղքատ երկրներին օգնության համար, ընդ որում, որպես հիմք են ընդունվում այնպիսի անկախ կազմակերպությունների ցուցանիշներն, ինչպիսին է «Freedom House»-ը: Չնայած այն հանգամանքին, որ Հայաստանն արդեն 2004 թվականից պիտանի էր ծրագրում մասնակցության համար, պայմանագրի համաձայն, երկիրը պարտավոր է պահպանել պիտանելիության անհրաժեշտ հատկանիշները դրամաշնորհի գործողության ողջ ընթացքում. այս մասին նշել է կորպորացիայի ներկայացուցիչը: Բացի այդ, ակնկալվում է, որ այդ ցուցանիշները կբարելավվեն ժամանակի ընթացքում:
«Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիայի տնօրենների խորհուրդը պետքարտուղար Կոնդոլիզա Ռայսի նախագահությամբ, ամեն տարի նոր գնահատական է տալիս երկրի պիտանելիության ցուցանիշներին: Կորպորացիայի ներկայացուցիչը նշել է, որ ներկայումս Հայաստանը պիտանի է 2007 թվականին ֆինանսավորման տրամադրման համար, պարզապես անհանգստություն են հարուցում քաղաքական ցուցանիշները:
Նա նշել է, որ 2007թ. ազատ եւ արդար ընտրությունների անցկացումը զգալիորեն կշտկի քաղաքական ցուցանիշների հետ կապված իրավիճակը: Եթե ընտրություններն անցնեն ոչ պատշաճ ձեւով, ապա դա բացասական ազդեցություն կունենա ցուցանիշների վրա, ինչն իր հերթին կհանգեցնի երկրի որակազրկմանը: Առավել մանրամասն խոսելով ցածր քաղաքական ցուցանիշների մասին՝ նա նշել է, որ դա առաջին հերթին վերաբերում է քաղաքական կառավարմանը, երկրում ազատ ընտրությունների անցկացմանը, ընտրական գործընթացում մասնակցության եւ քվեարկության համար քաղաքացիական հասարակությանն ազատության տրամադրմանը, ինչպես նաեւ մամուլի ազատությանը: