Ինչո՞ւ են հայերն ուզում միայն «դիրեկտոր» դառնալ

17/11/2006 Արմեն ՔՈՉԱՐՅԱՆ

Մասնագետների տոտալ արտագաղթ (ի դեպ, այդ մասնագետները գերադասում են Ամերիկայում կամ Ռուսաստանում, իսկ Էրդողանի պնդմամբ` նաեւ Թուրքիայում «համբալություն» անել, քան հայրենիքում աշխատել իրենց մասնագիտությամբ): Հարկային օրենքների անկատարությունը եւ շատ ոլորտներում իշխանական «կռիշ» ունեցող մոնոպոլիստների առկայությունը եւ այլն: Անձամբ ես վերոնշյալ բոլոր պատճառների հետ էլ համաձայն եմ: Սակայն կա մի պատճառ եւս, որի մասին ոչ ոք չի խոսում: Դա այն է, որ յուրաքանչյուր հայ իրեն տեսնում է միայն ղեկավար պաշտոնում: Եվ, ի տարբերություն մնացած բոլոր պատճառների, վերջինը շատ վտանգավոր է, քանզի եթե օրենքները կարելի է փոխել, եթե Տիգրան Սարգսյանին կարելի է աշխատանքից հեռացնել, եթե կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում կարելի է վերացնել «կռիշ» հասկացողությունը, ապա «դիրեկտոր» դառնալու մտածելակերպը, որն արդեն արմատավորվել է հայերի մեջ, շատ դժվար կլինի վերափոխել: Այնպես, ինչպես, օրինակ, դժվար է հայերին համոզել աշխատանքի ժամին ոչ թե սուրճ խմել կամ բամբասել, այլ աշխատել, հյուր գնալիս կոշիկները չհանել, աղբը թափել աղբամանի մեջ, ոչ թե՝ որտեղ պատահի, բուհ ընդունվելիս հաշվի առնել ոչ թե «պապայի» գրպանի պարունակությունը, այլ սեփական գիտելիքները, եւ այլն:

Միայն դրանով կարելի է բացատրել այն հանգամանքը, որ հայաստանյան բազմաթիվ ընկերություններում աշխատում են միայն գլխավոր, գործադիր եւ կոմերցիոն տնօրեններ, իրենց «սոտովիներով» ու ֆաքսերով: Իսկ եթե տնօրեն չեն, ապա կամ նախագահ են, կամ, վատագույն դեպքում՝ «վիցե-պրեզիդենտ»: Հայաստանի մնացած բնակչությունը բաժանվում է երեք խմբի` տարատեսակ տնօրենների ու նախագահների ընտանիքի անդամների, բարեկամների եւ ընկերների: Այս ամենը սկսվեց այն բանից հետո, երբ վայրի սեփականաշնորհումից հետո յուրաքանչյուր պապուաս իրեն գործարար պատկերացրեց: Առանց պատկերացնելու, թե ի՞նչ է տնտեսությունը, ֆինանսները, հաշվապահությունը եւ կառավարումը: Իսկ այն պահից, երբ Հայաստանում բիզնեսն ու քաղաքականությունը սկսեցին իրարից չտարբերվել, քաղաքական դաշտում եւս հայերը սկսեցին իրենց պատկերացնել կամ նախարար, կամ ԱԺ նախագահ, կամ պարզապես ՀՀ նախագահ: Վատագույն դեպքում` կուսակցության ղեկավար: Արդեն մի քանի տարի է՝ բոլորը խոսում են քաղաքական դաշտի փոշիացման մասին: Հասկանալով, որ այս գործում իրենց մեծ լուման ունեն ներկա իշխանությունները, այնուամենայնիվ, չեմ կարող չանդրադառնալ այդ ցինիկ խաղի մյուս անդամներին: Քանզի, եթե իշխանությունները չունենային «լավ հումք», դժվար թե այսօր մեր քաղաքական դաշտն այս վիճակում գտնվեր: Եվ, քանի որ երկու օր առաջ նոյեմբերի 7-ն էր, սկսենք կոմունիստներից: Անկախ այն բանից, թե ինչպես եմ վերաբերվում Կոմունիստական կուսակցությանը, այն իրավունք ուներ իր տեղն ունենալու մեր քաղաքական դաշտում: Այսօր, սակայն, այնպիսի տպավորություն է, որ բիլյարդի առաջին հարվածից հետո ցրված «շարիկների» նման (ուշադրություն դարձրեք «շարիկ» բառի վրա, որովհետեւ մեր կոմունիստների կողմից շատ սիրված ռուսներն այն մի քանի իմաստով են օգտագործում), հիմա ով որ «շարիկը», որ «լուզան» կուզի` կմտցնի: Վազգեն Սաֆարյանը Միխայիլ Բաղդասարովին կից քաղաքական գործիչ է, բայց «զատո» կուսակցության լիդեր է: Յուրի Մանուկյանը, փաստորեն, հայտարարեց, որ չի ուզում լինել ընդդիմություն, ուզում է լինել իշխանություն (Նրան էլ կարելի է հասկանալ: Ժամանակին կուսակցական տոմսի համար «լիքը փող ա տվել», որ այսօր ընդդիմությո՞ւն լինի): Արդյունքում` ո՛չ ընդդիմություն է, ո՛չ իշխանություն: Դավիթ Հակոբյանն ապացուցում է, որ իշխանություններին կիսառուսախոս ծաղրածուներ էլ են պետք: Իսկ Ռուբեն Թովմասյանը հիշում է, որ ինքը Կոմկուսի նախագահ է միայն իներցիայով` նոյեմբերի 7-ին ու մայիսի 1-ին:

Ավելի վատ իրավիճակ է ԱԺՄ-ում: ԱԺՄ, ԱԺԴ, ԱԺԿ, ՀԺԱՄ, ԺԱԿ, Դավիթ Վարդանյանն էլ` ձեզ վրադիր: Նույն իրավիճակը ժամանակին ՀՀՇ-ում էր, ՀՌԱԿ-ում, Հնչակների մոտ, եւ այլն: Փաստը մնում է փաստ, որ նրանցից շատ-շատերը քաղաքականությունը դիտարկում են որպես բիզնեսի մի տեսակ, որտեղ իրենք պետք է միայն «դիրեկտոր» լինեն: Նախագահական ընտրություններից մեկուկես տարի առաջ նրանցից շատերն իրենց սկսել են տեսնել հանրապետության «դիրեկտորի» աթոռին, առանց հասկանալու, որ ներկա «դիրեկտորը, ճիշտ ա, տեղում չի, բայց առայժմ տարածքում ա»: Եվ հարկ եղած տեղը առավել ակտիվներին կարող է եւ պատժել: Հատկապես, երբ այդ նույն հավակնորդներից շատերն իրենց մաշկի վրա արդեն զգացել են, թե ինչպես կարող է վերջինս իրականացնել այդ պատժամիջոցները:

Բայց քանի որ ես աշխատում եմ ոչ թե «պեսիմիստի», այլ «օպտիմիստի» դաշտում, ուրեմն հեքիաթներ շատ եմ սիրում: Իսկ հեքիաթները, ինչպես եւ իմ հրապարակումները, հիմնականում լավ ավարտ են ունենում: Բայց կա նաեւ «Ոսկե ձկնիկի» մասին հեքիաթը, որի վերջը կարող է լինել, օրինակ, Շենգավիթի փոխթաղապետը, կամ, ասենք, Լիբանանի քաղաքացիությունը: Էլ չեմ ասում` Մաշտոցի ռայկոմի քարտուղարը: