Շաքարավազի շուկայում այս տարի գերիշխող դիրք ունի «Սալեքս գրուպ» ընկերությունը, որի իրացման ծավալը կազմում է 91,4 տոկոս: Անցած տարիներին շաքարավազի ներկրման մոնոպոլիստը 99,4 տոկոսով համարվում էր Սամվել Ալեքսանյանի «Ֆլիտֆուդ» ընկերությունը: Ճիշտ է, ընկերությունն իրավաբանորեն Ս. Ալեքսանյանի անունով գրանցված չի եղել, բայց դա բոլորին էր հայտնի: Իսկ ի՞նչ պատահեց այս տարի: Ոլորտների վերաբաշխո՞ւմ է տեղի ունեցել: Ս. Ալեքսանյանն այս տարի հրաժարվե՞լ է շաքարավազ ներկրելու մոնոպոլ ցանկություններից եւ «Ֆլիտֆուդին» պահել է ընդամենը 7 տոկոս: Իհարկե՝ ոչ: Պարզապես այսուհետ շաքարավազ ներկրելու է հիմնականում նրա «Սալեքս» ընկերությունը: Իսկ որ այդ նոր ընկերությունը պատկանում է նույն մարդուն, բացի մեր ունեցած տեղեկություններից, երեւում է նաեւ «Սալեքս գրուպ» անվանումից, որը Սամվել Ալեքսանյան անվան կրճատված տարբերակն է, եւ որը նույնպես գրանցված չէ նրա անունով: Ինչեւէ, եթե «Ֆլիտֆուդն» էլ Ս. Ալեքսանյանին է պատկանում, ապա ինչո՞ւ նա որոշեց երկրորդը ստեղծել եւ գործունեությունը մի ընկերությունից մյուսին փոխանցել: Բանն այն է, որ «Ֆլիտֆուդն» արտասահմանյան բաժնեմասով ընկերություն էր եւ համարվում էր օտարերկրյա ներդրում կատարող: Իսկ մենք գիտենք, որ օտարերկրյա ներդրումներով ընկերությունները որոշակի ժամկետում 50 տոկոսով ազատվում են շահութահարկ վճարելուց: «Ֆլիտֆուդի» համար այդ արտոնյալ ժամկետը 2006թ. հավանաբար ավարտվել է: Դեռ պարզ չէ՝ այս նոր ընկերությունն արտասահմանյա՞ն, թե՞ տեղական ներդրող է, օգտվո՞ւմ է հարկային արտոնությունից: Միայն գիտենք, որ «Սալեքս գրուպ» ընկերությունն անցած 9 ամիսներին վճարել է ընդամենն 10 մլն դրամի շահութահարկ ու եկամտահարկ: Բացի այդ, «Ֆլիտֆուդը» նախորդ տարիներին արդեն ճանաչվել էր որպես գերիշխող դիրք ունեցող, եւ պարտավոր էր իր ներկրած ապրանքի գնագոյացման մասին հաշվետվություն ներկայացնել: Հիմա ներկրվող շաքարավազի ընդամենը 7 տոկոսն է պատկանում նրան, այսինքն` շուկայում գերիշխող դիրք չունի, չունի նաեւ հաշվետվություն ներկայացնելու պարտավորություն: Իսկ մինչեւ կլրանա այս նոր ընկերության հաշվետվություն ներկայացնելու ժամկետը, սեփականատերը կօգտվի իրեն ընձեռած հնարավորություններից՝ կխուսափի բացատրություն տալուց, թե ինչո՞ւ է շաքարավազն այսքան թանկ: Եվ այդպես շարունակ: Ընդ որում, շաքարավազ ներկրող այս երկու ընկերություններն էլ հանձնաժողովի նիստին մասնակցելու եւ որոշակի մեկնաբանություններ տալու հրավերքը չէին ընդունել:
Հաջորդը բենզինի շուկան է, որտեղ այս տարի գերիշխող են ճանաչվել «Ֆլեշ» եւ «Քաղ Պետրոլ Սերվիս» ընկերությունները՝ համապատասխանաբար 44,1 եւ 40,4 տոկոս բաժնեմասերով: Այս երկու ընկերությունները 42,8 եւ 38,8 տոկոսներով գերիշխող են նաեւ դիզվառելիքի շուկայում: Մեր օրենսդրությունը չի արգելում գերիշխող դիրք ունենալ, ուղղակի հետո այդ ընկերությունները պետք է ներկրած ապրանքի գնագոյացման մասին հաշվետվություն ներկայացնեն տնտեսական մրցակցությունը պաշտպանող հանձնաժողովին: Բենզինի եւ դիզվառելիքի մասով նիստի օրակարգը հետաքրքիր, կարելի է նույնիսկ սենսացիոն համարել այն առումով, որ «Քաղ Պետրոլ Սերվիս» ընկերության գլխավոր հաշվապահ պարոն Եսայանը հայտարարեց, թե բացի իրենցից մյուս ընկերությունները Իրանից վառելանյութ են ներկրում եւ գերշահույթ ստանում: Իրենք էլ են փորձել, բայց ճնշումների են ենթարկվել: Պարոն Եսայանն ավելին չմանրամասնեց: «Ֆլեշ» ընկերության փոխտնօրեն Մուշեղ Էլչյանն էլ հերքեց ասվածը, թե իրենք Իրանից բենզին են ներկրել. «Մենք ներկրել ենք Բուլղարիայից ու Ռումինիայից»,- ասաց Մ. Էլչյանը:
Սակայն բազմիցս է խոսվել եւ հրապարակումներ են եղել, թե բենզին ներկրողներն Իրանից որոշ էժան քիմիական նյութեր ու յուղեր են ներկրում եւ խառնում բենզինի հետ: Այդպիսով նրանք էժանացնում են վաճառվող բենզինի ինքնարժեքը եւ կտրուկ իջեցնում որակը: Սակայն մեր մանրածախ շուկայում բենզինի գները նույնն են, լինի դա Իրանից, Ռուսաստանից թե Ռումինիայից ներկրված: Լավագույն դեպքում կա 10 դրամի տարբերություն: «Ֆլեշի» ներկայացուցիչը չկարողացավ բացատրել, թե ինչո՞ւ է դա այդպես: Բայց նույն «Ֆլեշին» պատկանող բենզալցակայաններում նույնպես բենզինի գինը ցածր չէ, գրեթե հավասար է իրենցից մեծ խմբաքանակով գնող եւ սպառողներին վաճառող լցակայանների գնին: Միայն այդ հանգամանքը բավարար է հաստատելու համար, որ բենզինի շուկայում ստվերային շրջանառության ու շահույթի չափերը մեծ են: Դժվար է ասել, թե այս ընկերությունները գնագոյացման մասին ինչ հաշվետվություն կներկայացնեն հանձնաժողովին, կամ ինչ հետեւություն կանի հանձնաժողովը, բայց մեզանում մի բան արդեն պարզ է, որ նման նիստերն ու հաշվետվությունները մեծ հաշվով ձեւական բնույթ են կրում, եւ, որ իշխանությունների կամոք գերիշխող դիրք ունեցողն իր գերշահույթը, միեւնույն է, կունենա: Իսկ հանձնաժողովը ո՛չ օրենքով, ո՛չ էլ զուտ մարդկային առումով չի կարողանա էական բան փոխել: Իսկ Իրանը Հայաստանին բացահայտ կերպով բենզին չի վաճառի, որովհետեւ մեր երկիրը գտնվում է պատերազմի մեջ: Իրանն Ադրբեջանի հետ պայմանագիր ունի, որ նրա հետ պատերազմի մեջ գտնվող երկրին վառելանյութ չի վաճառի: Ու հայ ներկրողներն այլ ճանապարհ են գտել եւ իրենց համար գերշահույթ են ապահովում: Բայց բենզին ներկրողները հերքեցին, որ իրենք գերշահույթ են ստանում, որ այդ շահույթն ավելի «գեր է դարձել» դոլարի արժեզրկման շնորհիվ: Մ. Էլչյանի ասելով` դոլարի արժեզրկումն ընդամենը նպաստել է, որ բենզինի գինը շատ չբարձրանա:
ՏՄՊՊՀ-ն ուսումնասիրություններ էր կատարել նաեւ մի քանի ապրանքների շուկայում եւ, օրինակ, կոնյակի դեպքում գերիշխող էր ճանաչել «Երեւանի կոնյակի գործարանին»: Հանձնաժողովի նախագահ Աշոտ Շահնազարյանի համար անհասկանալի էր, թե ինչո՞ւ է այս գործարանը 1200 դրամանոց կոնյակը 11.000 դրամով վաճառում: Եվ ընդհանրապես, պարոն Շահնազարյանի համար տարօրինակ էր այս գործարանի կոնյակի մանրածախ ու մեծածախ գների տարբերությունը, անհասկանալի էին նաեւ շատ այլ թվեր, որոնց բացատրությունը նա անպայման պահանջելու է: Իսկ ծառայությունների ոլորտից ուսումնասիրություն են կատարել քիմմաքրման շուկայում եւ 40 տոկոսով գերիշխող են ճանաչել «Նյու Շահաբ» ընկերությանը, որը պատկանում է մեր հին ծանոթ, ազերի գործարար Փարվիզ Ալամդարի Նոսրաթիին: