Վերջին մեկ-երկու ամսում մամուլը պարբերաբար անդրադառնում է «Զվարթնոց» օդանավակայանի խնդրին: Երկու շաբաթ առաջ Փարաքար ու Թաիրով գյուղերի բնակիչները նույնիսկ փակեցին ճանապարհը` բողոքելով այն շինարարական աշխատանքներից, որ տարվում են ճանապարհի վրա: 90-ականներից օդանավակայանի ճանապարհը պարբերաբար փոփոխությունների է ենթարկվում: Մի քանի տարի շարունակ օդանավակայանն արտաքին աշխարհի հետ հաղորդակցման միակ միջոցն էր: Այդ տարիներից այս ճանապարհը վերածվեց յուրատեսակ բիզնես կենտրոնի` աջ ու ձախ մեծածախ առեւտրի խանութների, կրպակների երկար շարքեր էին: Հետո, երբ ապրանքափոխադրումն իրականացվում էր երկաթգծով, ճանապարհը «մասնագիտացավ» կահույքագործության ոլորտում: Ճանապարհի երկու կողմերում սեղան, աթոռ, բազմոց ու բազկաթոռ էր շարված: Երկու տարի առաջ ընդունված օրենքի համաձայն խաղատները դուրս բերվեցին քաղաքից: Խաղատների մեծ մասը տեղավորվեց հենց այս ճանապարհի երկայնքով: Ես չգիտեմ, աշխարհի որեւէ վայրում հանցագործների անուններով ցուցանակներ կա՞ն, թե՞ ոչ: Մինչդեռ Փարաքարով անցնողներն ըմբոշխնում են Ալ Կապոնեի պատկերն ու նրա անունով կոչվող խաղատան մեծ ցուցանակը: Կահույք ու խաղատան ցուցանակներ են տեսնում վերջին երկու տարին Հայաստան ժամանող բոլոր հյուրերը: Այս ճանապարհով անցնելով: Ճանապարհ, որը մեր երկրի չափանիշներով հրաշալի վիճակում էր: Այն պատճառով, որ ամեն տարի նորոգվում է: Երեք տարի առաջ այն նորոգվեց օդանավակայանի հաշվին: Հաջորդող տարիներին` պետբյուջեի հաշվին: Երբ այս ամառ նորից շինարարական աշխատանքներ սկսվեցին, բոլորը կարծում էին, թե իշխանություններին նորից հաջողվել է Է. Էռնեկյանին համոզել իրականացնել հերթական նորոգումը: Հասարակությունը չէր կարող կամ չէր ուզում հավատալ, որ այդ ամենն արվում է պետբյուջեի հաշվին: Քաղաքապետարանը հենց նույն ամռան սկզբից քանդել է Կոմիտաս, Տիգրան Մեծ փողոցներն ու փող չի գտնում աշխատանքներն ավարտին հասցնելու համար: Առողջ տրամաբանությունը կարծես բացառում էր այն, որ նույն քաղաքապետարանն այս ընթացքում անհրաժեշտ ֆինանսական միջոցներ կգտնի օդանավակայանի ճանապարհը նորոգելու եւ անմիջապես քանդելու համար: Բայց մեր իշխանությունները, ինչպես հայտնի է բոլորին, ծնվել են, որ անհնարինն իրականություն դարձնեն: Սեպտեմբեր ամսին օր ու գիշեր աշխատացնելով` իշխանությունները ավարտեցին ճանապարհի շինարարությունը: Հանաք բան չէր` հարվածային հայտարարված այդ կառույցը «Հայլուրի» ուշադրության կենտրոնում էր: Ճիշտ ժամանակին ավարտեցին: Սեպտեմբերին ինքը` Ժակ Շիրակն այդ ճանապարհով մտավ Երեւան: Հետո նույն ճանապարհով էլ լքեց հայոց մայրաքաղաքը: Անկախության տոնակատարություններն ավարտվեցին, ու բանվորները նորից գործի ելան: Սկսվեց բահ-քլունգով ու տեխնիկայի արդի միջոցներով նոր-նոր փռած ասֆալտը քանդելու գործընթացը: Ճիշտ այս պահին ահագին բան պարզվեց: Հասարակական դժգոհություններին ի պատասխան` «Զվարթնոց» օդանավակայանի ղեկավարությունը հայտարարեց, որ իրենք որեւէ կապ չունեն ընթացող շինարարության հետ: Իշխանությունները ստիպված եղան ընդունել, որ դա իրենց ձեռքի գործն է: Ինչպես միշտ` այս անհեթեթ սարքել-քանդելու գործընթացը եւս բարի հիմնավորում ունի: Իշխանությունները, պարզվեց, մտադիր են արագ երթեւեկության ճանապարհ կառուցել: Այս մտադրությունը նորություն չէ: Տարիներ առաջ Երեւանի արդեն նախկին գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանն արագընթաց ճանապարհի իր տարբերակն էր առաջարկել` նույն ճանապարհի վրայով մինչեւ Էջմիածին սյուների վրա էստակադա կառուցել: Այս թանկ կառույցի առաջարկը չընդունվեց եւ հիմա Արգավանդ, Փարաքար եւ Թաիրով գյուղերով անցնող ճանապարհը կտրտվում է: Ավտոմայրուղիների պատմության մեջ առաջին անգամ կառուցվում է արագընթաց ճանապարհ, որը 90 աստիճանով թեքվող ոլորան ունի: Նման թեքության ոլորաններ անգամ Ֆորմուլա 1-ում չկան: Երեւի այն պատճառով, որ Ֆորմուլա 1-ի բոլոր վարորդները չէ, որ Շումախերի որակին են: Ի տարբերություն մերոնց, որ քաղաքում են սիրում երթեւեկել Շումախերին պատիվ բերող արագությամբ: Ճանապարհի միջնամասը բետոնե եւ մետաղե ցանկապատով անջատվում է եզրային հատվածներից: Գյուղերի բնակիչները, շուրջբոլորը տեղակայված կազինոների, խանութների, ռեստորանների տերերն ու աշխատողները սկսված շինարարությունը կասեցնելու անհաջող փորձ արեցին: Ճանապարհի երկարությամբ ձգվող գյուղերի բնակիչներին բացատրեցին, որ կառուցվող ցանկապատերից զատ ստորգետնյա անցումներ են կառուցվելու: Եվ իսկապես, նոր նորոգած ճանապարհը քանդելով` գյուղերում սկսվել է դրանց կառուցումը: Ի տարբերություն մինչ այս` միայն քաղաքներում եղած անցումների` դրանք նախատեսված են եւ մարդկանց, եւ մեքենաների, եւ անասունների համար: Այլապես գյուղացիներն իրենց անասունը չէին կարողանա արոտավայր հասցնել: Գյուղերն էլ արհեստականորեն կբաժանեին իրար հետ հաղորդակցվելու ճանապարհ չունեցող հատվածների: Չեմ ուզում հոռետես ընկալվել, բայց գյուղական գետնանցումը հակված եմ հայտարարելու հակաուտոպիայի ժանրի լավագույն մտահղացում: Մեր քաղաքային իշխանությունները հավանաբար երբեւէ չեն եղել մայրաքաղաքի գետնանցումներում: Դրանցից ամենաբանուկը` Բարեկամության հրապարակի տակ գտնվողը, տարիներ շարունակ անանցանելիության աստիճանի հակասանիտարական վիճակում էր: Մյուս բոլորը` թե Բաղրամյան փողոցի, թե կենտրոնի, թե Երրորդ մասում գտնվողներն իրենց գործառական նշանակությամբ ավելի շատ հասարակական զուգարան են հիշեցնում, քան երթեւեկության կառույց: Անգամ մայրաքաղաքային գետնանցումներում լուծված չէ ջրահեռացման խնդիրը: Ու հիմա նման կառույց կառուցվում է գյուղերում: Մայրաքաղաքացիներիս կենցաղավարության մակարդակում գետնանցումներն անանցանելի են: Դժվար չէ պատկերացնել, թե ինչ վիճակում կհայտնվեն գյուղական գետնանցումները: Մանավանդ, որ ամեն առավոտ ու երեկո անասունների նախիր է անցնելու դրանցով: Հասարակական դժգոհությունները Հայաստանում երբեւէ որեւէ արդյունքի չեն հանգեցնում: Այսինքն՝ հասարակական կարծիքը ոչ մի խնդրի լուծման չի հանգեցնում: Եթե որոշվել է, որ Երեւանից օդանավակայան մեկնողները պիտի հարմարավետ ճանապարհ ունենան, այդպես էլ լինելու է։ Անկախ այն գնից, որ վճարելու են գյուղական համայնքները: Անկախ այն գնից, որ վճարելու է հասարակությունը: Միայն պարզ չէ, թե ինչու վերակառուցման հերթական ծրագիրն այսքան անհաշվենկատ են իրականացնում: Ֆրանսիան, հնարավոր է, որ իսկապես ազդեցիկ պետություն է: Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակը, հնարավոր է, ու իսկապես մեր ժամանակների ամենաազդեցիկ քաղաքական գործիչներից է: Բայց արժե՞ր արդյոք, որ նրան դիմավորելու եւ ճանապարհելու համար նորոգեն մի ճանապարհ, որ քանդվելու ու վերակառուցվելու էր մի քանի օր հետո: Ինչ-որ մեկը պիտի՞ մտածի պետական փողերն արդյունավետ ծախսելու մասին, թե՞ ոչ: Կրկնում եմ` մտածի եւ ոչ թե պատասխան տա: Թե չէ՝ պետական փողերը մսխելու մեր չինովնիկների արագությանը Շումախերը կնախանձեր: