Ութ օր շարունակ Ազգային ժողովում քննարկվում էր ՀՀ 2007թ. պետբյուջեի նախագիծը։ Գրեթե բոլոր գերատեսչություններն ու առընթեր մարմինները գոհ են, որ իրենց հատկացված գումարներն ավելացել են։ Սակայն նրանց մեջ առանձնանում է Հարկային պետական ծառայությունը։ Հարկայինն ուրախանալու առիթ առանձնապես չունի, քանի որ բյուջեի համալրման բեռը գրեթե ամբողջությամբ՝ 97.6%-ով, ընկած է լինելու այս կառույցի ուսերին։ Հարկային դաշտում առկա խնդիրների, գնահատականների եւ սպասվելիք քայլերի մասին զրուցեցինք ՀՊԾ պետ Ֆելիքս Ցոլակյանի հետ։
– Հարկային մարմնի առաջին եւ ամենակարեւոր գործառույթը հարկերի հավաքագրման ապահովումն է։ Սա գերխնդիրն է, որի արդյունքներով նաեւ գնահատվում է Հարկային պետական ծառայության աշխատանքը։ Բերեմ մի քանի թվային տվյալներ։ 2006թ. 9 ամիսների ընթացքում հարկային մարմինները հավաքագրել են 154մլրդ դրամի հարկ։ Համեմատության համար նշեմ, որ 2005թ. առաջին 9 ամիսներին այդ թիվը կազմել է 124 մլրդ, իսկ 2004թ. նույն ժամանակահատվածի համար՝ 101 մլրդ։ Այսինքն, աճը դինամիկ գնացել է։ Սրան զուգահեռ` ՀՊԾ-ն զբաղվում է նաեւ սոցվճարների հավաքագրմամբ։ 2006թ. հունվար-սեպտեմբեր ժամանակահատվածում դրանք կազմել են 54.4մլրդ։ 2005թ. սոցվճարները եղել են 45 մլրդ, իսկ 2004-ին՝ 34։ Այսինքն, այստեղ տարբերությունն ավելի ակնհայտ է։ Տարվա վերջին դրանց մեծությունը կկազմի 74 մլրդ դրամ։ Սոցվճարների մասով պլանային առաջադրանքը, կարելի է ասել, կատարել ենք։ Այստեղ խնդիրներ չկան։
– Իսկ հարկատեսակների գծով հարաբերակցությունն ինչպիսի՞ն է։
Բավական մեծացել է ուղղակի հարկերի տեսակարար կշիռը։ 154.4 միլիարդից շահութահարկը կազմել է 48 մլրդ, եկամտահարկը՝ 24 մլրդ։ Շահութահարկն անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 13 մլրդ-ով ավելի է։ Բոլոր հարկատեսակների գծով էլ աճ ունենք։
– Այստեղից երեւում է, որ ուղղակի հարկերը կազմել են ընդհանուր հարկերի մոտ կեսը։ Այդ համամասնությունը հաջորդ տարի ինչպիսի՞ն կլինի։
– Բացարձակ թվերով, բոլոր հարկատեսակների գծով էլ աճ կունենանք։ Սակայն թե փաստացի համամասնությունն ինչպիսի՞ն կլինի, չեմ կարող ասել։ Բացի այդ, բյուջեն դեռ քննարկման փուլում է, եւ վերջնական թվերը պարզ չեն, թե հարկային գծով որքան մուտքեր պետք է լինեն։
– Բյուջեի նախագծով հարկեր/ՀՆԱ հարաբերակցությունը նախորդ տարվա 14.7%-ի փոխարեն նախատեսվել է 15.7%։ Ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանն այդ 15.7%-ն անվանեց «հավակնոտ» հարաբերակցություն։ Դուք է ՞լ եք այդպես կարծում։
– Վարդան Խաչատրյանը բառը ճիշտ գտել եւ ասել է։ Ընդհանրապես հարկեր/ՀՆԱ հարաբերակցությունը մեզ մոտ շատ փոքր չափերով է աճել։ Մենք չենք ունեցել այդպիսի բարձր աճեր, ինչպես 2007-ի համար նախատեսված 1%-ն է։ Բոլորս էլ հասկանում ենք, որ զարգացած երկրներում այդ հարաբերակցությունը 20%-ից բարձր է։ Սակայն հարկեր/ՀՆԱ հարաբերակցության մասին խոսելիս մի շատ կարեւոր բան կա, որը հաճախ հաշվի չի առնվում։ Դա մեր ՀՆԱ-ի կառուցվածքն է։ Օրինակ, գյուղատնտեսությունը շատ մեծ տեսակարար կշիռ ունի ՀՆԱ-ի մեջ, բայց չի հարկվում։ Վերցրեք աշխարհի մեկ ուրիշ երկիր, որի ՀՆԱ-ի մեջ գյուղատնտեսությունը մոտ 30% է կազմում եւ նայեք՝ այնտեղ ինչ է տեղի ունենում։ Չկա մի այնպիսի երկիր, որտեղ այսպիսի արտոնյալ պայմաններ են ստեղծված մի որեւէ բնագավառի համար։ Արտոնություններն այնտեղ մի քիչ այլ ձեւով են կատարվում՝ պետության կողմից դոտացիա ստացող գյուղատնտեսությունը հարկ վճարում է։
ՀՆԱ-ն ձեւավորող մյուս կարեւոր ոլորտը շինարարությունն է, որտեղ մենք անհատական շինարարության հարկման հարցում խնդիրներ ունենք։ Կան այլ ոլորտներ եւս, օրինակ` ադամանդագործությունը։ Իհարկե, մարդիկ աշխատում են, աշխատատեղեր են բացում, մեզ օգուտ են տալիս, սակայն վերջում մեզ հարկ չեն վճարում, հարկերից ազատված են։
Մեզ մոտ արտոնությունների բավական մեծ համակարգ գոյություն ունի՝ «Հազարամյակի» ծրագրեր, «Լինսի» հիմնադրամ եւ այլն։ Սրանք չէ՞ որ մտնում են ՀՆԱ-ի մեջ, սակայն այստեղ էլ արտոնություններ կան։ Երբ այս ամենը հաշվի առնենք, կտեսնենք, որ մեր հարկեր/ՀՆԱ հարաբերակցությունը վատը չէ։
Եվ ընդհանրապես, որ մեզ այդքան քննադատում են հարկեր/ՀՆԱ հարաբերակցության համար, ես մի բան ասեմ։ Մեր առաջ խնդիր է դրվում հավաքել կոնկրետ գումար, մենք այդ գումարը հավաքում ենք։ Որքան էլ մեզ քննադատեն, իրականությունն այն է, որ մենք մեր խնդիրը կատարում ենք։ Վերջին 4 տարում չի եղել այնպիսի դեպք, որ հարկերի հավաքագրման խնդիրը չկատարենք։ Պետբյուջեի մասին օրենքը ամենակարեւորագույն օրենքներից է, եւ այդ օրենքը չենք խախտում։ Չեմ ասում, որ ամեն ինչ ճիշտ ենք անում։ Մենք սխալներ, բացթողումներ, թերություններ շատ ունենք։
– Ամիսներ առաջ կառավարությունը ԱԺ ներկայացրեց օրենսդրական փոփոխությունների փաթեթ, որը վերաբերում էր բազմաբնակարան շենքերի հարկմանը։ Այդ օրենքը որեւէ կերպ կազդի՞ հարկերի հավաքագրման վրա։
– Անպայման կազդի։ Օրենքն արդեն առաջին ընթերցմամբ ընդունվել է։ Ասեմ, որ բավական ժամանակ կորցրեցինք այս օրենսդրական փոփոխությունների հետ կապված, բավական դժվարությունների հանդիպեցինք։
Նոր օրենքով մենք չենք ասում՝ բերեք նորից հաշվարկ անենք եւ այլն։ Ֆիզիկական անձը կարող է շենք կառուցել։ Կառուցելուց հետո օրենքը թույլ է տալիս, որ նա տնօրինի իր կառուցած շենքի 10%-ը, բայց ոչ ավելի, քան 500քմ, որովհետեւ 10%-ը կարող է շատ մեծ մակերես ունենալ։ Մենք ասում ենք՝ այդ 500 մետրը կառուցիր քեզ համար։ Այսինքն, այդ 500քմ-ն չենք հարկում, բայց մնացածը պիտի հարկենք։ Կառուցապատողը պետք է իր թվերը ցույց տա, ինչպես կարգն է, շուկային համապատասխան գներով, բայց ոչ պակաս, քան կադաստրի նախատեսած գույքահարկի արժեքը։ Նրանք չեն կարող մեզ ասել՝ քառակուսի մետրը 50 դոլարով եմ ծախել, ինչպես հիմա ասում են։ Կան կառուցապատողներ, որոնք փոքր տներ, քոթեջներ են սարքում։ Այս դեպքում էլ ասում ենք՝ թաղամա՞ս ես կառուցում, շատ լավ, կառուցածդ քոթեջներից 4 հատը քեզ։ 4-ից մեկը կարող է տալ զոքանչին, մեկը` մի այլ բարեկամի։ Այդ նույն մարդը կարող է 10 տեղ շինություններ կառուցել, զոքանչն էլ 10 հատ տուն ունենա։ Ոչինչ, թող ունենա, բայց թող պետության փողը տա՝ էլի ունենա։
– Պրն Ցոլակյան, մամուլում վերջերս կարծիք հնչեց, թե քանի որ գալիք տարում ընտրություններ ունենք, օլիգարխներն իրենց գումարները կծախսեն նախընտրական պայքարի վրա, հարկերը չեն վճարի, եւ բյուջեի կատարումը կվտանգվի։ Դուք այդպիսի մտավախություններ չունե՞ք։
– Աշխատանքային փորձը ցույց է տվել, որ ամեն ինչից էլ կարելի է մտավախություն ունենալ։ Բայց չեմ կարծում, որ այդ մարդիկ միայն մտածում են՝ ոնց անեն, ոնց փող ծախսեն, որ պատգամավոր դառնան։ Այդ նույն մարդը նաեւ լավ հասկանում է, որ փող ծախսելը կարող է իրեն ավելի քիչ ձայն բերել, քան իր մուծած հարկերը, իր տեսքը, իր դեմքը՝ խոշոր հարկատուների ցանկում։ Քաղաքականություն է։ Իսկ այն կոնտինգենտը, որի մասին խոսում ենք, քաղաքականության մեջ այսօր բավականին հասունացել է, առաջվանը չէ։ Մեթոդներն էլ են փոխվել, մարդիկ այսօր ուզում են ավելի ցիվիլ ձեւով ներկայանալ հասարակությանը։ Բացի այդ, մենք այդ «օլիգարխ» բառը շատ ենք սիրում օգտագործել։ Հարկային մարմնի համար առանձնապես մեծ տարբերություն չկա՝ սրա մուծածը շատ է, նրանը` քիչ։ Երկուսն էլ հարկատու են, եւ երկուսի հետ էլ նորմալ աշխատելու խնդիր ունենք։ Ճիշտ է, օլիգարխները շատ հարկ են մուծում, բայց մյուսների մուծածն ընդհանուր վերցած ավելի շատ է։ Եթե մյուսների հետ նորմալ չաշխատենք, 20-30 խոշոր հարկատուների հետ աշխատելով բյուջե չենք լցնի։ Եվ այն կարծիքն էլ, որ բյուջեի կատարումը մի քանի խոշոր հարկատուներից է կախված, սխալ է։ Ես այդ կարծիքին չեմ։ Աշխատանքային անընդհատ պրոցես է՝ մեկը շատ մուծելիք կունենա, մյուսը քիչ։ Սակայն որ նախընտրական պրոցեսի պատճառով մուծվող հարկերը կքչանան, այդ տեսակետին համաձայն չեմ։ Ավելի շատ հակված եմ մտածելու, որ ընդհակառակը՝ կավելանան։
– Ստացվում է՝ խոշոր հարկատուների ցուցակը կարող է մեր գործարարների կողմից օգտագործվել նախընտրական PR-ի նպատակներո՞վ։
– Դա հենց հիմա էլ օգտագործվում է։ Մարդիկ սկսել են մեծ ուշադրություն դարձնել իրենց զբաղեցրած տեղերին։ Սկսել են ստորակետների համար կռիվ տալ։ Մեր ստորին օղակների հետ սկսել են վիճել՝ ասում են՝ մեր այսինչ թիվը չեք գրել, կամ՝ մենք ի՞նչ մեղավոր ենք, որ փողերը հաշվանցել ենք, եւ մեր մուծած հարկերը չեն երեւում։ Օրինակ, կան խոշոր արտահանողներ, որոնց մուծած հարկերը հետո հաշվանցվում են (պետությունը ետ է տալիս այդ հարկի մի մասը)։ Նրանք խոշոր հարկատուների ցուցակում չեն երեւում եւ դժգոհում են։ Երբ մենք ասում ենք՝ ցուցակում հաշվի ենք առնում միայն փաստացի մուծված հարկերը, պատասխանում են՝ ուրեմն ձեր ցուցակը սխալ է։ Տեսեք, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն ինքը արտահանող չէ, սակայն խոշորագույն հարկատուն է։ Արտահանողներն իրեն տալիս են այն գումարը, որն ինքը տալիս է մեզ։ Օրինակ, «Մաքուր երկաթի գործարանն» արտահանող է, «Մոլիբդեն փրոդաքշնը» նույնպես։ Իրենք Զանգեզուրից գնում են հումքը, վերամշակում են եւ արտահանում են։ Արտահանման ժամանակ իրենց վճարած փողը դառնում է գերավճար, քանի որ իրենք արդեն ավելացված արժեքի հարկը վճարել են Պղնձամոլիբդենայինին։ Իսկ արտահանողների հարկերը չեն երեւում։ Եթե այդ հաշվանցված հարկերը հաշվի առնեինք, արտահանող 3 կազմակերպություններ տեղ կգրավեին խոշոր հարկատուների առաջին տասնյակում։
– Այսինքն, խոշոր արտահանողների ցուցակում երեւալու, բարձր տեղ գրավելու շահագրգռվածությունը կա։
– Իհարկե կա։ Շատ հարկատուներ կան, որ ուզում են հանդիպել, քննարկել այս հարցերը։ Բացի այդ, մեծ ուշադրություն ենք դարձնում հարկատեսակներին։ Օրինակ, ինչ-որ մեկը շատ հարկ է մուծում, գտնվում է խոշոր հարկատուների ցուցակում, սակայն մեզ մոտ կասկած է առաջացնում այն, որ նրա մուծած ուղղակի հարկերը շատ քիչ են, եւ մենք ստուգում ենք անցկացնում։ Իսկ այն հարկատուն, որի մուծած հարկերի հարաբերությունը տրամաբանական է, մենք նրան չենք կասկածում, եթե նույնիսկ ինչ-որ չափով ետ է ընկնում հարկատուների ցուցակում։
– Ինչպե՞ս է ստացվում, որ Ձեր կառույցը, հարկատուները, մամուլը, հասարակությունը հետաքրքրվում են խոշոր հարկատուների ցուցակով, իսկ ՖԷ նախարար Վարդան Խաչատրյանն այդ ցուցակին ծանոթ չէ։
– Չեմ կարծում, որ Վ. Խաչատրյանը ծանոթ չէ այդ ցուցակներին։ Մենք էլ չենք հասցնում այդ հարկատուների ցուցակն ամբողջությամբ մանրազնին ուսումնասիրել, մինչեւ մի ցուցակը նայում ենք, արդեն մյուսը տպելու ժամանակը գալիս է։ Այս դեպքում լավ է, որ հենց իրենք՝ հարկատուներն են շահագրգռվածություն հանդես բերում ու հետաքրքրվում այս ցուցակներով։ Իսկ տարբերությունը, արդյունքներն արդեն կզգաք դեկտեմբերին։
– Օրինակ, ի՞նչ տարբերություն կարող ենք զգալ։
Ուշադրություն կդարձնեք՝ նրանք, ովքեր քաղաքականության մեջ են լինելու, դեկտեմբերին իրենց ցույց կտան հարկատուների ցուցակում։ Ոչ թե նախկինում հարկ չէին մուծում ու հիմա սկսելու են մուծել, այլ կսկսեն ավելի «կոկիկ» աշխատել։ Խոշոր հարկատուներ կան, որ մի քանի ընկերությամբ են ներկայացված ցուցակում։ Երբեմն բողոքում են, թե ինչու ենք իրենց առանձին-առանձին ներկայացնում։ Ուզում եմ ասել, որ ցուցակն ուսումնասիրելիս պետք է ուշադիր լինել, թե տվյալ գործարարը քանի ընկերությունով է ներկայացած ու ընդհանուր որքան է մուծել։ Հարկավոր է գումարել այս ընկերությունների մուծած հարկերը, համեմատել անցյալ տարվա ցուցանիշների հետ, եւ նոր միայն եզրակացություններ անել։ Վերջիվերջո, ո՞րն է մեր նպատակը՝ հարկերի ավելացո՞ւմը, թե՞ առանձին մարդկանց վարկաբեկումը։
– Սակայն լրագրողների համար էլ է դժվար իմանալ՝ որ ընկերությունն ումն է։ Սեփականատերերի անունները հարկատուների ցուցակում նշված չեն։
– Այո, տերերի անուններ հրապարակելը սխալ է, որովհետեւ դրանցից շատերն իրական տերերը չեն։ Պատգամավորն իրավունք չ