Երեկ ՀՀ Գլխավոր դատախազության կոլեգիայի նիստից հետո պատասխանելով լրագրողների հարցերին` ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը հերքել է մամուլում շրջանառվող այն լուրերը, թե ինքը մտադիր է մասնակցել 2007թ. խորհրդարանական ընտրություններին, այդ պատճառով էլ պաշտոնանկ է արվելու:
«Ես այդ լուրերին տեղյակ չեմ, որովհետեւ Հայաստանում չէի: Ես 1990-95թթ. անկախ Հայաստանի առաջին խորհրդարանի պատգամավոր եմ ընտրվել, երբ աշխատում էի հատկապես կարեւոր գործերի քննիչ: Այն ժամանակ կարելի էր զուգորդել դատախազական, քննչական աշխատանքը պառլամենտական գործունեության հետ: Ներկայիս օրենքները դա արգելում են: Ես մշտապես աշխատելու եմ դատախազ, եթե նույնիսկ ինձ բախտ հաջողվի աշխատել Սյունիքի մարզի դատախազությունում որպես դատախազ: Որեւէ ուրիշ տեղ աշխատելու մտադրություն չունեմ: 20 տարեկանից` համալսարանն ավարտելուց հետո, աշխատանքի եմ ընդունվել դատախազական համակարգում եւ անգամ մեկ օր որեւէ այլ տեղ չեմ աշխատել: Կարող է` որոշ մարդիկ երազում են որոշ բաներ տեսնել եւ դա ներկայացնում են որպես իրականություն»,- ասել է Ա. Հովսեփյանը:
Անդրադառնալով նրան, որ վերջին շրջանում կուսակցությունները փորձում են իրենց հարաբերությունները պարզել Դատախազության միջոցով (մասնավորապես, ՕԵԿ-ը Դատախազությանը դիմել էր իրենց դեմ սեւ քարոզչության պատվիրատուներին գտնելու, իսկ «Նոր Ժամանակները»` պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանին պատասխանատվության կանչելու նպատակով)` Ա. Հովսեփյանն ասել է, որ «Դատախազությունը չի դառնալու որեւէ քաղաքական գործչի հարաբերությունները պարզելու բեմահարթակ»: «Վերջին շրջանում Դատախազությունը փորձում են դարձնել այս կամ այն քաղաքական գործչի հայտարարության ստուգման տեղ, կամ փորձում են Դատախազությունը ներգրավել որոշակի հարաբերություններ պարզելու մեջ: Կամ եթե այս կամ այն մեկը հայտարարություն արեց, ուրեմն Դատախազությունը պետք է անմիջապես քննարկի` ճիշտ է, թե սխալ: Ես կառաջարկեի` հայտարարություն անողները հայտարարությունից առաջ ձեռքները դնեին Ավետարանի վրա, որ իմանանք` ճիշտ է ասում, թե սուտ: Փառք Աստծո, ինձ հաջողվել է Դատախազությունը զերծ պահել բոլոր տեսակի կուսակցական ազդեցություններից: Դատախազությունում չկան կուսակցական բջիջներ, ինչը օրենքով է նախատեսված: Դատախազությունում չկա որեւէ մեկը, որ թեկուզ ստվերային կարգով անդամագրված լինի կամ հարի որեւէ կուսակցության: Ես չեմ պատրաստվում բոլոր տեսակի քաղաքական հայտարարություններին արձագանքել: Իհարկե, եթե այդ հայտարարությունները, դիմումները կրում են քրեաիրավական բնույթ, իրենց մեջ պարունակում են օրենքի խախտումներ, հանցագործության հատկանիշներ, ընդհանուր օրենսդրական կարգով մենք դրանց ընթացք ենք տալիս, քննարկման առարկա դարձնում եւ որոշումներ ենք կայացնում: Մարդիկ կան` առավոտյան արթնանում են եւ մտածում` ինչ դիմում ուղարկեն Գլխավոր դատախազություն: Չեմ թաքցնում` դրանցից մեկն է Ռուբեն Թորոսյանը»,- նշել է Ա. Հովսեփյանը: