Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Միխայիլ Կամինինն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի Մոսկվա կատարելիք այցի նախօրեին մեկնաբանել է ադրբեջանա-ռուսական հարաբերություններում առկա վիճակը: Ռուսաստանի «Նովոստի» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում Մ. Կամինինն ասել է, որ ղարաբաղյան հիմնախնդիրը կարեւոր տեղ է զբաղեցնում ռուս-ադրբեջանական երկխոսությունում: ՌԴ-ն այսուհետեւ էլ պատրաստ է աջակցել կողմերին «փոխզիջումային» լուծում գտնելու գործում: «Ղարաբաղի նկատմամբ Ռուսաստանի սկզբունքային դիրքորոշումը մնում է անփոփոխ: Մենք ելնում ենք այն բանից, որ կարգավորման բանաձեւի վերջնական ընտրության համար հիմնական պատասխանատվությունն ընկնում է իրենց` ադրբեջանցիների եւ հայերի վրա: Ռուսաստանը պատրաստ կլինի պաշտպանել խնդրի լուծման այն տարբերակը, որը կգոհացնի հակամարտության մեջ ներքաշված կողմերին, իսկ փոխզիջումային պայմանավորվածության հասնելու դեպքում` հանդես գալ որպես կարգավորման երաշխավոր»,- ասել է Կամինինը: