Նոյեմբերի 23-ին կայանալիք «Արցախի վերածնունդ» ծրագրի շրջանակներում ԼՂՀ Հադրութի շրջանի ենթակառուցվածքների վերականգնմանը նվիրված «Հայաստան» համահայկական հիմնադրամի ամենամյա բարեգործական հեռուստամարաթոնի կազմակերպման աշխատանքներին մասնակցելու նպատակով ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանը օրերս մեկնել էր ԱՄՆ: Նոյեմբերի 7-ին Նյու Յորքում ԼՂՀ նախագահն այցելել է Հայ ընդհանուր բարեգործական միության (ՀԸԲՄ) կենտրոնական գրասենյակ, որտեղ հանդիպում է ունեցել կազմակերպության նախագահ Պերճ Սեդրակյանի հետ: Նոյեմբերի 16-ին համաեվրոպական ամենամյա հեռախոսամարաթոնի (ֆոնեթոն) կապակցությամբ Ֆրանսիա կմեկնի «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Նաիրա Մելքումյանը: 2005թ. ֆոնեթոնին մասնակցած երկրների շարքում այս տարի կավելանա նաեւ Բելգիան: Ֆոնեթոնի ավարտին Ն. Մելքումյանը կմեկնի Լոս Անջելես՝ մասնակցելու «Հեռուստամարաթոն-2006»-ին: Նշենք, որ այս տարվա հեռուստամարաթոնում հավաքագրվելիք միջոցներն ուղղվելու են ԼՂՀ Հադրութի շրջանի զարգացմանը:
Ա.Դ.