Հիմա Ադրբեջանի համար ավելի՝ քան երբեւիցե դժվար կլինի «Գազպրոմի» հետ բանակցությունների ընթացքում: Ադրբեջանը դեռեւս մնում է Ռուսաստանից գազային կախվածության մեջ, ընդ որում, եթե 2005թ. Ադրբեջանը «երկնագույն վառելիքի» համար Ռուսաստանին վճարում էր հազար խմ-ի դիմաց 60 դոլար, ապա ընթացիկ տարում ադրբեջանական կողմն արդեն վճարում է 110 դոլար: Հիշեցնենք, որ վերջերս ԱՀՊՆԸ-ի (Ադրբեջանի Հանրապետության պետական նավթային ընկերություն) մարքետինգի գծով փոխնախագահ Էլշադ Նասիրովը հայտարարեց, որ ադրբեջանական կողմը կրկին հայտ է ներկայացրել Ռուսաստանին 2007թ. 3,5-ից մինչեւ 4,5 մլրդ խմ ծավալով գազ ձեռք բերելու հնարավորության մասին:
ԱՀՊՆԸ-ում ընթացիկ տարվա յոթ ամիսների հանրագումարով Ադրբեջանի նավթի եւ գազի արդյունահանմամբ զբաղվող «Ազնեւթ» նավթագազարդյունահանման վարչությունների արտադրական միավորումների կողմից արդյունահանվել է 2 մլրդ 631 մլն 422 հազար խմ գազ, որը 4,1%-ով ավելի է, քան անցյալ տարվա նույն ժամանակահատվածում («Թրենդ»): Ներկայումս ԱՀՊՆԸ-ին իր գազն է վաճառում Anshad Petrol Gobustan եւ Operating Company ընկերությունները: Վերջինս այս տարվա հունվար-օգոստոս ամիսներին արդյունահանել է 6 մլն 712 հազար խմ գազ: Բացի տվյալ ծավալներից, ադրբեջանական կողմն ընթացիկ տարում ենթադրում է ստանալ եւս 2 մլրդ խմ բնական գազ Ադրբեջանական միջազգային գործարկող ընկերության կողմից, որը շահագործում է «Ազերի-Չիրագ-Գյունեշլի» հանքավայրը: Թեեւ, ԱՉԳ-ից բնական գազի տվյալ ծավալները հաշվի առնելով էլ «երկնագույն վառելիքի» արդյունահանվող քանակը բացահայտորեն անբավարար է արդյունաբերության եւ բնակչության վառելիքային կարիքները հոգալու համար: Եվ այս կապակցությամբ ընթացիկ տարում Ադրբեջանը մտադիր է շարունակել Ռուսաստանից «երկնագույն վառելիքի» ներմուծումը: Հարկ է նշել, որ հունվար-օգոստոս ամիսներին «Գազէքսպորտ» ռուսաստանյան ընկերությունը («Գազպրոմ» ԲԲԸ-ի դուստր կառույցը) Ադրբեջան է առաքել 2 մլրդ 985,5 մլն խմ գազ: Միջին հաշվով մեկ օրում առաքվում էր 12,4 մլն խմ գազ: Անցյալ տարի ութ ամսվա ընթացքում ընկերությունն Ադրբեջան է առաքել 3 մլրդ 292 մլն խմ գազ: Ընդ որում, տարակուսանք է առաջացնում այն հայտարարությունը, որ Ռուսաստանից ստացվող «երկնագույն վառելիքի» սակագինը Ադրբեջանի համար չի կարող գերազանցել հազար խորանարդ մետրի դիմաց 110 դոլարը: Բանն այն է, որ Ադրբեջան է մտնում ոչ թե ռուսաստանյան գազը, այլ Միջին Ասիայում «Գազպրոմի» ձեռք բերած «երկնագույն վառելիքը» (2005թ. 4,68 մլրդ խորանարդ մետրից ավելի քան 1,07 մլրդ խորանարդ մետրը բաժին է ընկնում ղազախական, 1,51 մլրդ՝ ուզբեկական, 0,43 մլրդ՝ ռուսաստանյան, 1,66 մլրդ՝ թուրքմենական գազին, «Թուրան»): Մինչեւ վերջերս ավելի էժան էր մնում Ռուսաստանի կողմից Թուրքմենստանից ձեռք բերված բնական գազի գինը, որի բաժնին է ընկնում, ինչպես տեսնում ենք, երկիր առաքվող «երկնագույն վառելիքի» ողջ ծավալի մեկ երրորդը: Ինչպես հաղորդում է «Գազպրոմ» ԲԲԸ-ի տեղեկատվության վարչությունը, սեպտեմբերի 5-ին «Գազպրոմ» ԲԲԸ-ի պատվիրակության Թուրքմենստան կատարած աշխատանքային այցի շրջանակներում կայացավ վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերի եւ Թուրքմենստանի Հանրապետության նախագահ Սափարմուրատ Նիյազովի հանդիպումը: Հանդիպման ընթացքում քննարկվեցին գազային եւ նավթային ոլորտներում համագործակցության հարցերը: Բանակցությունների ընթացքում որոշվել են 2007-2009 թվականներին գազի առաքման ծավալներն ու սակագինը: Այս ժամանակահատվածում գազի սակագինը ֆիքսված է հազար խմ-ի դիմաց 100 դոլար: Եվ հարց է առաջանում. Ռուսաստանն ինչպե՞ս կկարողանա Ադրբեջանին «երկնագույն վառելիք» վաճառել հազար խորանարդ մետրի դիմաց 110 դոլարով, եթե միայն «Գազպրոմ» ԲԲԸ-ի վրա այն 100 դոլար է նստում, չհաշված դրա տեղափոխման ծախսերը եւ, բնականաբար, ռուսաստանյան գազային մենատիրոջ շահերը: Մնում է միայն հուսալ, որ դա հասկանում են մեր հարազատ կառավարությունում, եւ պետական բարձրաստիճան անձինք թույլ չեն տա բնական գազի սակագնի հերթական աճ: