Ամերիկյան արտաքին քաղաքականությունն անկախ ընտրությունների արդյունքից կշարունակի աջակցել Հայաստանում ժողովրդավարական հասարակության զարգացման եւ կայացման գործընթացին:
Այդ մասին այսօր լրագրողներին հաղորդել է Հայաստանում ԱՄՆ դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատար Էնթոնի Գոդֆրին՝ ԱՄՆ Կոնգրեսում քվեարկության ընթացքին նվիրված միջոցառման ժամանակ: Պատասխանելով այն հարցին, թե ինչպես ընտրությունների արդյունքները կանդրադառնան ԱՄՆ արտաքին քաղաքականության վրա՝ դիվանագետը նշել է, որ անհրաժեշտ է սպասել, հասկանալու համար, թե ինչպես է գործում նոր Կոնգրեսը: Գործադիր իշխանության ճյուղը, որն առավելագույն կշիռն ունի արտաքին քաղաքականության ուղղության որոշման հարցում, մնացել է անփոփոխ:
Խոսելով «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիայի կողմից Հայաստանին դրամաշնորհի տրամադրման հնարավոր բարդություններին առնչվող հարցին՝ Է.Գոդֆրին նշել է, որ կորպորացիայի խորհրդակցական մարմինը դեռեւս չի կայացրել համապատասխան որոշում: «Մենք շատ կարեւորում ենք Հայաստանի պարտավորությունների կատարումը, ինպես նաեւ այն հանգամանքը, որ Հայաստանի կառավարությունն առավելագույն ջանքեր գործադրի արդար եւ ազատ խորհրդարանական ընտրությունների անցկացման համար»,- նշել է Գոդֆրին: Նա ավելացրել է, որ ԱՄՆ կառավարությունն ակնկալում է, որ ԵԱՀԿ դիտորդական առաքելությունը ներկա կգտնվի 2007թ. խորհրդարանական ընտրություններին: Մենք նաեւ ակնկալում ենք, որ Հայաստանի կառավարությունն առաջիկայում հրավերք կուղարկի ԵԱՀԿ-ին: Դիվանագետը հիշեցրել է, որ Հայաստանի նախագահն ավելի վաղ նշել էր, որ անհրաժեշտության դեպքում ԵԱՀԿ դիտորդական առաքելությունը կհրավիրվի ներկա գտնվելու 2007թ. ընտրություններին: Նշենք, որ ԱՄՆ դեմոկրատական կուսակցությունը 1994թ. ի վեր առաջին անգամ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում ստացել է ձայների մեծամասնությունը: