Ինչի՞ց է դժգոհում «Բիլայնը»

10/11/2006

Նոյեմբերի 3-ին ՀՀ բջջային հեռախոսակապի 40%-ը եւ ամբողջ ֆիքսված հեռախոսակապը ներկայացնող ընկերության` «ԱրմենՏել» ՓԲԸ-ի բաժնետոմսերի 90%-ը գնեց ՌԴ-ում իր հասույթի մեծությամբ երկրորդ բջջային օպերատոր «ՎիմպելԿոմը» («Բիլայն»):

Այս ընկերության ԶԼՄ-ների հետ աշխատանքների բաժնի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Ելենա Պրոխորովան երեկ հայտարարել է, որ «ԱրմենՏելի» երկու բիզնեսներն էլ` եւ՛ ֆիքսված, եւ՛ բջջային հեռախոսակապերն իրենց ընկերությանը հետաքրքրում են, եւ «ՎիմպելԿոմը» մտադիր չէ վաճառել ֆիքսված հեռախոսակապը: Ռուսական «Էքսպերտ Online» լրատվամիջոցի փոխանցմամբ` «Բիլայնը» դժգոհում է «ԱրմենՏելի» բաժնետոմսերի թանկությունից, իսկ լրատվամիջոցը հավելում է, որ հայաստանյան փոքր շուկայում եւ բնակչության աղքատության պայմաններում «ՎիմպելԿոմը» չի կարողանա մեծ եկամուտներ ստանալ «ԱրմենՏելից»: «Հայաստան մուտք գործելը «ՎիմպելԿոմի» համար բավական թանկ արժեցավ. «ԱրմենՏելի» յուրաքանչյուր բաժանորդի համար ընկերությունը վճարել է 440 դոլար եւ ավելի քան 1100 դոլար, եթե հաշվենք միայն բջջային կապի օգտագործողներին»,- գրում է «Էքսպերտ Online»-ը: Ռուսական լրատվամիջոցները դեռ վաղուց էին դժգոհում «ԱրմենՏելի» բաժնետոմսերի գնից, այն ժամանակվանից ի վեր, երբ հայկական օպերատորի մյուս երկու հավակնորդները` արաբական եւ հնդկական կոնսորցիումները հունական կողմին ավելի շատ գումար էին առաջարկում, քան ռուսական «Սիստեման» եւ «ՎիմպելԿոմը»: Ռուսաստանյան խորհրդատվական ընկերություններից մեկի կարծիքով էլ, «Բիլայնը» կարող է դժվարությունների հանդիպել «ծանրաշարժ» մոնոպոլիստ «ԱրմենՏելին» «ՎիմպելԿոմի» ավելի դինամիկ կառուցվածքում ինտեգրելու գործում: Այս դեպքում հարց է ծագում. եթե «Բիլայնը» պետք է դժգոհի ընդամենը 3 օր առաջ իր իսկ կողմից ստորագրված գործարքից, ապա ո՞րն է այդ գործարքի իմաստը: