Ըստ ադրբեջանական «APA»-ի, ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Յուրի Մերզլյակովն ասել է, որ համանախագահները դեռեւս պատասխան չեն ստացել Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հերթական հանդիպում անցկացնելու առաջարկությանը: Հարցին՝ «եթե նախագահները պայմանավորվեն հիմնական սկզբունքների շուրջ, կսկսե՞ն արդյոք կարգավորումը, եւ որո՞նք կլինեն նրանց առաջին քայլերը», Մերզլյակովը պատասխանել է, որ խոսքը դեռեւս միայն սկզբունքների մասին է: «Այս փաստաթղթում թվարկվում են սկզբունքները, դրանք պետք է լցնել կոնկրետ գործողություններով, որոնք պետք է նախատեսվեն շրջանակային համաձայնագրով,- ասել է նա՝ հավելելով,- Օրինակ՝ զորքերի դուրսբերումը գրավյալ տարածքներից. որպես սկզբունք ճանաչվում է, բայց ե՞րբ, որտեղի՞ց, ո՞ւր, ինչպե՞ս՝ այդ ամենը պետք է արձանագրել փաստաթղթում: Դրա համար ժամանակ է պետք»: