Մեզնից կոռուպցիայի դեմ պայքարող դուրս չի գա

10/11/2006 Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ

Այս մասին երեկ լրագրողներին տեղեկացրեց TI-ի հայաստանյան կենտրոնի ղեկավար Ամալյա Կոստանյանը։ Ի՞նչ է նշանակում 2.9 միավորը։ Գնահատումը կատարվում է 0-10 բալանոց սանդղակով։ Որքան միավորը ցածր է, այնքան կոռուպցիան տարածված է։ Օրինակ, գնահատված 163 երկրներից ամենավատ վիճակում գտնվող Հայիթին գնահատվել է 1.8 միավորով։ Իսկ ամենաքիչ կոռումպացված երկրները Ֆինլանդիան, Իսլանդիան եւ Նոր Զելանդիան են։ Նրանց համարաթիվը 9.6 է։ Եթե ԿԸՀ-ի արժեքը 3-ից ցածր է, նշանակում է՝ այդ երկրներում կոռուպցիան խիստ տարածված է։ Մենք մտնում ենք այս երկրների մեջ։ Մեր երկիրն անցյալ տարի էլ է արժանացել նույն` 2.9 գնահատականին։ «Անցյալ տարվա համեմատ համարաթիվը չի փոխվել, չնայած կառավարությունը, 3 տարի է՝ աշխատում է այս ուղղությամբ»,- նշեց տկն Կոստանյանը։

Հայաստան երկիրն իր 2.9 համարաթվով կիսում է 93-րդ տեղը եւս 5 երկրների հետ՝ Արգենտինա, Բոսնիա-Հերցեգովինա, Էրիթրեա, Սիրիա եւ Տանզանիա։ Ընթերցողներին հիշեցնենք, որ նախորդ տարվա զեկույցում Հայաստանը զբաղեցնում էր 88-րդ հորիզոնականը։ Թեեւ, ըստ Ա. Կոստանյանի, սխալ է նայել, թե մենք որ հորիզոնականում ենք։ «Համարաթվի արժեքն ավելի կարեւոր ցուցանիշ է։ Ինչ վերաբերում է մեր զբաղեցրած հորիզոնականին, ապա պետք է նշել, որ այս տարի ցուցակին ավելացել են նոր երկրներ, եւ դա կարող է ազդել զբաղեցրած հորիզոնականի վրա»։ Քանի որ սիրում ենք համեմատվել այլ երկրների հետ, նշենք, որ մեր հարեւանները շահեկանորեն մեզանից տարբերվում են։ Վրաստանը եւ Ադրբեջանը թեեւ ավելի ցածր համարաթիվ են ստացել, սակայն անցյալ տարվա համեմատ զգալիորեն բարելավել են իրենց ցուցանիշները։ Վրաստանն անցյալ տարվա 2-ի փոխարեն գնահատվել է 2.8 համարաթվով, իսկ Ադրբեջանի ցուցանիշը 1.9-ից այս տարի հասել է 2.4-ի։

Փաստորեն, ստացվում է՝ մեզ մոտ միայն խոսում են կոռուպցիայի դեմ պայքարի մասին, իսկ իրականում ոչինչ չի արվում։ «Չենք տեսել, որ որեւէ բարձրաստիճան պաշտոնյա պատժված լինի…. Ունենք օրենքներ, որոնք չեն կատարվում, չկա հավասարություն օրենքի առաջ»,- նշեց տկն Կոստանյանը։ Վերջինս իրավացիորեն այս ամենը համարեց պետության ձախողումը. «Իշխանությունները ընտրությունների շեմին ոչ մի պատասխանատվություն չեն կրում այս ձախողման համար։ Մենք կոչ ենք անում, որ պետությունը պատասխան տա այս ձախողման համար եւ ասի, թե ինչու, օրենքներ ընդունելուց բացի, ուրիշ ոչ մի բան չի փոխվում»։ Ըստ Ա. Կոստանյանի, 2006թ. կոռուպցիայի դեմ պայքարի տեսակետից բավական անարդյունավետ տարի էր, իսկ համապատասխան հանձնաժողովը 10 ամիս շարունակ նիստ չէր գումարել։ Նշենք, որ TI-ի գնահատականը հաշվի չի առնում քաղաքական կոռուպցիան՝ մասնավորապես, ընտրությունները եւ հանրաքվեն։ Իսկ սահմանադրական փոփոխությունների վերջին հանրաքվեն, ըստ տկն Կոստանյանի, կոռուպցիայի փայլուն օրինակ էր։ Սակայն այդ ակնհայտ կեղծված հանրաքվեի արդյունքներն ընդունվեցին նույն այն երկրների եւ միջազգային կառույցների կողմից, որոնք մեզ քննադատում են կոռուպցիայի բարձր մակարդակ ունենալու համար։ Արդյո՞ք սա երկակի ստանդարտների կիրառում չէ։ «Իհարկե երկակի ստանդարտներ են կիրառում»,- համաձայնեց Ա. Կոստանյանը՝ նշելով, որ այդ երկակի ստանդարտներն առաջին տարին չէ, որ կիրառվում են։

TI-ը իր զեկույցում ընդգծել է կապը կոռուպցիայի բարձր մակարդակի եւ աղքատության միջեւ։ Այսինքն, որքան բարձր է կոռուպցիան, այնքան մեծ է աղքատությունը։ Լրագրողները հետաքրքրվեցին՝ ինչպե՞ս հասկանալ, որ կոռուպցիան չի նվազում, սակայն մեր երկիրն արձանագրում է երկնիշ տնտեսական աճ, իսկ վիճակագրությունը վկայում է աղքատության կրճատման մասին։ «Հարստություն մեր երկրում ստեղծվում է։ Սակայն ո՞վ է օգտվում այդ տնտեսական աճից՝ սա է հարցը։ Այնպես որ, չի բացառվում, որ երկրի տնտեսությունն աճի, բայց աճի նաեւ կոռուպցիան»,- պատասխանեց Ա. Կոստանյանը։ Տիկին Կոստանյանը նշեց, որ բացի TI-ից, իրենք ՄԱԿ-ի աջակցությամբ կոռուպցիայի ընկալման հարցում են անցկացրել Հայաստանում։ «Ունենք տվյալներ բոլոր ոլորտների մասին։ Սակայն դրանք կհրապարակենք դեկտեմբերի կեսերին»։ Ա. Կոստանյանը լրագրողներին կոչ արեց համբերել, բայցեւ տեղեկացրեց, որ իրենց ուսումնասիրությունների արդյունքները շատ ավելի տխուր են։