Նոյեմբերի 23-ին Լոս Անջելեսում կայանալիք ամենամյա հեռուստամարաթոնի նախապատրաստմանը մասնակցելու նպատակով նոյեմբերի 4-ին ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանը մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ: Այս մասին «168 Ժամին» տեղեկացրին ԼՂՀ նախագահի մամուլի ծառայությունից:
Այցի շրջանակներում նախատեսված են ԼՂՀ նախագահի բազմաթիվ հանդիպումներ ԱՄՆ Արեւմտյան եւ Արեւելյան ափերի հայկական համայնքների՝ գործարար, քաղաքական, հասարակական եւ կրոնական շրջանակների ներկայացուցիչների հետ:
Հոկտեմբերին հրավիրած մամուլի ասուլիսում Հայաստան համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Նարիա Մելքումյանը հայտնել է, որ այս տարի նոյեմբերի 23-ին անցկացվելիք հեռուստամարաթոնի հիմնական նպատակն է միջոցներ հանգանակել ԼՂՀ Հադրութի շրջանի զարգացման ծրագրի իրականացման համար: Նա նաեւ հույս է հայտնել, որ հեռուստամարաթոնի արդյունքները կլինեն բավական ոգեւորիչ:
Ինչպես նշվում է հիմնադրամի կայքում, մինչեւ հեռուստամարաթոնի անցկացումը տեղի կունենա եվրոպական ֆոնեթոն (հեռախոսային մարաթոն), որին այս տարի կմիանա նաեւ Բելգիայի հայ համայնքը:
Իսկ թե ինչպես կանցնի հեռուստամարաթոնը, որքան գումար կհավաքվի արդյունքում, երբ եւ ինչպես կիրականացվեն ծրագրերը, դեռ հայտնի չէ:
Բանն այն է, որ վերջերս «Հայաստան» համահայկական հիմնադրամի հասցեին անհամեմատ շատ մեղադրանքներ են հնչել, ու շատ է խոսվել հիմնադրամի եւ ԼՂՀ կառավարության միջեւ հակասությունների մասին։ Չնայած, ԼՂՀ քաղաքաշինության նախարար Մարատ Հակոբջանյանը համարում է, որ աշխատանքների հետ կապված քննարկումներ են դրանք, այլ ոչ թե հակասություններ: Նա նաեւ խոստովանել է, որ այդ աշխատանքներում տարբեր բացթողումներ են եղել՝ կապված բիտումի բացակայության, շինարարի մեղքի, վերահսկողության պակասի եւ այլ բաների հետ:
«Հյուսիս-հարավ» մայրուղու որոշ ճանապարհահատվածների շինարարությունը ժամանակին չի ավարտվել կամ ձգձգվել է: Հադրութից սկսած` դեռեւս երկու փուլ ավարտված չէ, ինչպես նաեւ՝ Սարուշեն-Շոշ հատվածը»,- նշել է նախարարը: «Իսկ ե՞րբ է նախատեսված այն ավարտին հասցնել» հարցին Մ. Հակոբջանյանը պատասխանեց՝ կա հատված, որի շինարարությունը պետք է ավարտվեր դեռեւս 2004-2005 թթ.-ին: Նա նաեւ անդրադարձավ Ստեփանակերտ-Սարուշեն ճանապարհահատվածի շինարարությանը՝ նշելով, որ առաջին 8.6 կմ-ի ասֆալտապատումն արդեն իրականացվել է, իսկ 12.4 կմ-ի շինարարական կազմակերպության հետ հիմնադրամը խզել է պայմանագիրը: Այժմ մրցույթ է անցկացվում` նոր շինարարին ընտրելու համար: Այդ հատվածում հիմա շինարարություն չի ընթանում։ Ճանապարհը, վարորդների կարծիքով, վատթար վիճակում է գտնվում, իսկ անձրեւային եղանակներին հնարավոր է՝ դժվարանցանելի դառնա: