Նոյեմբերի 5-ին, երեք տարի անց այն բանից հետո, երբ ամերիկյան զորքերը մտան Բաղդադ եւ տապալեցին Սադամ Հուսեյնի բռնապետական ռեժիմը, իրաքյան դատարանը, որ ստեղծվել էր կառավարման 24 տարիների ընթացքում Իրաքի նախկին նախագահի կատարած հանցագործությունների հետաքննության համար, Հուսեյնին մեղավոր ճանաչեց մարդկության դեմ կատարած հանցանքների մեջ: Ընդունվեց խստագույն դատավճիռ` մահապատիժ կախաղանի միջոցով:
«New York Times»-ի փոխանցմամբ` դատավճի իրականացումը դեռ կհետաձգվի, քանզի Սադամի փաստաբաններն անմիջապես բողոքարկել են այն: Բողոքարկումը քննարկվելու է մեկամսյա ժամկետում: Եթե այժմյան դատավճիռն անփոփոխ մնա, ապա Բողոքարկման պալատի որոշումից հետո 30 օրվա ընթացքում նախկին բռնապետը պետք է կախաղան բարձրանա: Սակայն Իրաքի մի շարք պաշտոնյաներ հնարավոր են համարում, որ մինչեւ գարուն Հուսեյնը մահապատժի կենթարկվի, քանզի Իրաքի նոր կառավարության անդամները պատրաստ են ակտիվ գործողությունների միջոցով ճնշում գործադրել դատարանի վրա: Պաշտոնական Բաղդադն ունի իր հստակ դիրքորոշումը: Իրաքի վարչապետ Նուրի Քամալ ալ-Մալիկիի համար այս դատավճիռը թեթեւություն է հաղորդել մարտադաշտից ստացվող վատ լուրերից հետո: «Բոլոր տառապյալները եւ բոլոր իրաքցիներն իրավունք ունեն ժպտալու եւ այս դատավճռի շնորհիվ մի քիչ երջանիկ զգալու: Այդ հանցագործը ստացավ այն, ինչին արժանի էր»,- ասել է Մալիկին:
Երբ դատարանի նախագահողն ընթերցել է ծանրագույն դատավճիռը, Հուսեյնը բացականչել է. «Կեցցե՛ ազգը: Կեցցե՛ երկիրը: Կորչե՛ն զավթիչները: Կորչե՛ն լրտեսները»: Թափահարելով ցուցամատը` ձախ ձեռքով Սադամը բարձրացրել է Ղուրանը եւ սկսել է կրկնել ավանդական մուսուլմանական նախադասությունը. «Ալլահը հզոր է»: Իսկ դատավորին նա ասել է. «Գնացեք դժոխք, դուք էլ, ձեր դատարանն էլ»:
Սադամի կողմնակիցները դեռ ակտիվորեն չեն արտահայտել իրենց բողոքը, սակայն Իրաքում նոր բռնություններ են սպասվում: Ամենուր, հատկապես` նախկին բռնապետի հայրենի քաղաքում, ուժեղացված են անվտանգության միջոցառումները: Իսկ մինչ այդ համաշխարհային հանրությունը շարունակում է տարբեր ձեւերով արձագանքել Հուսեյնի դատավճռին: Իրենց գոհունակությունն առաջինն են արտահայտել ԱՄՆ-ը եւ Մեծ Բրիտանիան: «Սա մեծ ձեռքբերում էր իրաքյան երիտասարդ ժողովրդավարության եւ սահմանադրական կառավարության համար»,- ասել է ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշը: Թեեւ համաշխարհային բոլոր լիդերները համաձայն են, որ Հուսեյնը մեղավոր է, սակայն ոչ բոլորն են մահապատժի դատավճռի կողմնակից: Եվրամիությունը պաշտոնապես դեմ է մահապատժին` նշելով, որ ցանկացած պայմաններում եւ հանգամանքներում ԵՄ-ն չի ընդունում խստագույն պատժի կիրառումը: Նման դիրքորոշում ունեն նաեւ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն ու Նոր Զելանդիայի վարչապետ Էլեն Կլարկը: Իսկ Իտալիայի վարչապետ Ռոմանո Պրոդին հայտարարել է. «Մեր էթիկան եւ ավանդույթները չեն ընդունում մահապատիժը, որքան էլ սարսափելի լինեն հանցագործությունները»: Ռուսաստանն էլ պաշտոնապես ասել է, թե Հուսեյնի դատն Իրաքի ներքին գործն է, եւ խուսափել է գործընթացի քաղաքականացումից: