Ռուսաստանյան www.globalrus.ru ամենօրյա վերլուծական էլեկտրոնային պարբերականը` անդրադառնալով ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի օրերս Մոսկվա կատարած այցին, նկատում է, որ Պուտին-Քոչարյան բանակցությունների գլխավոր թեմաներից մեկը գազի խնդիրն էր։ Պարբերականը` նշելով, որ դեռ այս տարեսկզբին Հայաստան մատակարարվող ռուսական գազի գինը գրեթե երկու անգամ բարձրացվել էր, նշում է նաեւ, որ դա գրեթե չի անդրադարձել Հայաստանի տնտեսության եւ շարքային սպառողների վրա, քանի որ Ռուաստանը գնային այդ տարբերությունը Հայաստանին փոխհատուցում է սպառազինության մատակարարմամբ։
Ռուսաստանյան պարբերականը նույնիսկ նշում է, թե մինչեւ այս տարեվերջ որքան է կազմելու Ռուսաստանից մատակարարվող զենք-զինամթերքի եւ մարտական տեխնիկայի գինը` միայն պաշտոնապես այդ թիվը հասնում է 26 միլիոն ԱՄՆ դոլարի։ Սրանից «Globalrus.ru»-ի վերլուծաբանը գալիս է եզրակացության, թե տվյալ օրինակը ցույց է տալիս, որ գազը տվյալ դեպքում օգտագործվում է ոչ այնքան որպես քաղաքական ճնշման գործիք, այլեւ որպես տարածաշրջանում երկրների միջեւ (այն էլ` հակամարտող) ռազմական բալանսի հավասարակշռման մեթոդ։ Վերլուծաբանը նկատի ունի այն փաստը, որ ադրբեջանական բանակի վերազինման գործընթացն ընթանում է չափազանց բարձր տեմպերով, եւ այդ երկրի ռազմական բյուջեն արդեն աճել է մինչեւ 3 մլրդ դոլարի։ Ընդ որում, այդ գործընթացում բավականին մեծ դեր են կատարում ամերիկացիները։ Այնպես որ, ըստ ռուսաստանցի վերլուծաբանի, Հայաստանին Ռուսաստանի կողմից զենքի տեսքով գազի թանկացման փոխհատուցումներն ավելի քան տեղին են եւ հասկանալի։