«ԱրմենՏելը» վաճառվեց

04/11/2006

Վերջապես «ԱրմենՏելը» գտավ իր 90% բաժնետոմսերի նոր սեփականատիրոջը: Հունական «OTE» ընկերությունը 341,9 մլն եվրոյով, ինչպես նաեւ` 40 մլն եվրոյի պարտքի հանձնմամբ, «ԱրմենՏելը» վաճառեց ռուսական «ՎիմպելԿոմ» օպերատորին, որը ՌԴ-ում ներկայացնում է «Բիլայն» ապրանքանիշը: Թեեւ այս գործարքը մի շարք պայմանների իրականացում է պահանջում, մասնավորապես ՀՀ կառավարությունը դեռ պետք է հավանություն տա գործարքին, այնուամենայնիվ, ՀՀ իշխանությունները եւս մեկ անգամ տոնելու առիթ ունեցան, ՀՀ բջջային հեռախոսակապի 40%-ը եւ ամբողջ ֆիքսված հեռախոսակապն արդեն «մեծ ախպոր»` Ռուսաստանի ձեռքին է: Իշխանությունները հենց սա էլ ուզում էին եւ չէին թաքցնում դա: Հիշեցնենք, որ օրեր առաջ «ԱրմենՏելի» բաժնետոմսերի մյուս ռուսաստանցի հավակնորդը` «Սիստեման», ձեռք էր բերել հայաստանյան խոշոր ինտերնետ պրովայդերներից մեկը: «Սիստեման» եւ «ՎիմպելԿոմը» գրեթե «քվիտ» եղան, իսկ ՀՀ-ում ավելացավ եւս մեկ ռուսական մոնոպոլիստ ընկերություն: Հայաստանն ԱՊՀ 6-րդ երկիրն էր, որտեղ մուտք գործեց «ՎիմպելԿոմը»: Ավելին, այս ընկերությունը մտնում է ՌԴ խոշորագույն մասնավոր ֆինանսա-արդյունաբերական կոնսորցիումներից մեկի` «Ալֆա-Գրուպի» կազմում: Նշենք, որ վերջինիս բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթը տնօրինում են ռուսաստանցի 3 մագնատներ` Միխայիլ Ֆրիդմանը, Գերման Հանը եւ Ալեքսեյ Կուզմիչովը: