ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Ալեքսանդր Արզումանյանը, իրավապաշտպան Վարդան Հարությունյանը, Լեռնային Ղարաբաղի «Երկրապահ» կամավորականների միության նախագահ Արկադի Կարապետյանը եւ սոցուժերի ներկայացուցիչ Գայանե Մարկոսյանը «Կոնգրես» հյուրանոցում ներքաղաքական հարցերի վերաբերյալ քննարկում էին նախաձեռնել:
Նախաձեռնողները երեկ նաեւ հայտարարություն են տարածել, որում ասվում է, թե ներկա իշխանության մայրամուտը նոր մարտահրավերների առջեւ է կանգնեցրել մեր երկիրն ու հասարակությունը: «Անտեսելով ժողովրդի համատարած դժգոհությունն ու հիասթափությունը, միտումնավոր ժողովրդից թաքցնելով իր թիմի լիակատար ֆիասկոն ղարաբաղյան խնդրի կարգավորման հարցում՝ ամբողջովին կոռուպցիայի եւ անօրինականության մեջ թաթախված վարչախումբը ձգտում է ինքնավերարտադրման՝ նենգափոխելով պետական խնդիրներն իր փրկության խնդրով»,- ասված է հայտարարության մեջ: Որտե՞ղ է այն ուժը, որն ի վիճակի է շտկելու իրավիճակը: Հայտարարության հեղինակների համոզմամբ՝ այդ ուժը բոլորիս մեջ է, մեր չշողոքորթելու, չնվաստանալու, անկախ հայրենիքում ազատ, արժանապատիվ եւ շիտակ ապրելու ձգտման մեջ է: Իսկ ինչպե՞ս կարելի է իրագործել այդ ձգտումները եւ անարյուն ազատվել մեր բնական ձգտումները պատնեշողներից: Հայտարարության հեղինակները գտնում են, որ ելքը «համաժողովրդական անհնազանդության շարժումն է»: Երեկվա քննարկման նախաձեռնողներից Ա. Արզումանյանը նշեց, թե շարժումը բաց է բոլորի համար՝ ներառյալ նրանց, ովքեր մասնակցել են այս իշխանությունների կեղծարարություններին, բայց այսօր ընդունում են իրենց սխալը: Իսկ քննարկման մասնակից դիվանագետ Դավիթ Հովհաննիսյանն էլ մտահոգություն հայտնեց հասարակության մեջ տարածված այն տեսակետի կապակցությամբ, թե արդեն ոչինչ փոխել հնարավոր չէ: Ըստ նրա, իշխանություններն անտեսում են հասարակությանը, եւ հասարակական գործընթացները որեւէ տեղ չունեն պետական քաղաքականության մեջ: Այդ ամենը, Դ. Հովհաննիսյանի բնորոշմամբ, «հետաձգված տոտալիտարիզմ է»: «Սա բարբարոսական համակարգ է: Մենք արդյունքի չենք հասնում, քանի որ առանձին-առանձին ենք հանդես գալիս: Անհրաժեշտ է կազմակերպված հանդես գալ»,- կոչ արեց նա ու հավելեց, թե բոլոր երկրներում պետք է փակել ՀՀ դեսպանությունները, որովհետեւ արտաքին հարաբերություններում Հայաստանի ղեկավարները կենտրոնացել են ընդամենը երկու հարցի՝ Լեռնային Ղարաբաղի ու Հայոց ցեղասպանության վրա՝ «խեղճացնելով ու ճորտացնելով ողջ ժողովրդին»: Քննարկման մեկ այլ մասնակցի, «Արմատ» հ/կ անդամ, ԱԺ նախկին փոխխոսնակ Կարապետ Ռուբինյանի հավաստմամբ էլ՝ քաղաքացիական անհնազանդության միջոցով հարցեր լուծելու հնարավորությունը փորձված է բազմաթիվ երկրներում եւ ժամանակի ընթացքում: «Ինձ ամոթն է պատել: Տարիներ անց մեր երեխաները, թոռները մեզ հարցնելու են, թե մենք ի՞նչ էինք անում, երբ այս իշխանությունները վաճառում էին մեր երկիրը կամ հանձնում օտարներին»,- նշեց Կ. Ռուբինյանն ու հավելեց, թե ուզում է, որ «հետաձգված ամոթի զգացումը դառնա այժմեական ամոթի զգացում ու մեզ դրդի գործողությունների»: «Ինչո՞ւմն է կայանում քաղաքացիական անհնազանդության պրոցեսը: Ըստ էության, կենցաղում մենք հիմա էլ ունենք դրա դրսեւորումները: Դրանք անկազմակերպ են, բայց կան այդ դրսեւորումները՝ սկսած փողոցային խոսակցություններից, վերջացրած մամուլում առանձին հրապարակումներով»,- ասաց Կ. Ռուբինյանը` բոլորովին մոռանալով, որ կար ժամանակ, երբ իրենք էին իշխանության: Իսկ ահա Հելսինկյան ընկերակցության նախագահ Ավետիք Իշխանյանն էլ այն կարծիքին է, որ մեր հասարակությունը տառապում է դատապարտված լինելու զգացողությամբ: Ա. Իշխանյանի կարծիքով, իշխանությունները «հաղթել» են հասարակությանը, ու այդ «հաղթանակն» արտահայտվում է ցինիզմով: Քննարկմանը մասնակցում էր նաեւ «Հայրենիք եւ պատիվ» կուսակցության ղեկավար Գառնիկ Մարգարյանը, ով ողջունեց քննարկման կազմակերպիչների նախաձեռնությունը: Գ. Մարգարյանն էլ նախորդ ելույթ ունեցողների նման քննադատեց երկրի գործող իշխանություններին: Նրա խոսքերով, Հայաստանի իշխանություններն իրենց ներքին եւ արտաքին քաղաքականության արդյունքում երկիրը վեր են ածել «օբյեկտի»: Գ. Մարգարյանը գտնում է, որ մեր ժողովրդին համախմբող ուժ է պետք, որը նրան քաղաքացիական անհնազանդության կտանի: Քննարկումներում նկատելի աշխուժություն մտցրեց Վիգեն Խաչատրյանի ելույթը: «Շատ գայթակղիչ է, ընկալելով այդ դժգոհության ալիքը, հանդես գալ որպես ժողովրդի շահերն արտահայտող եւ դառնալ սիրելի ժողովրդի համար: Մենք նման գործիչների պակաս չենք ունեցել, եւ հասարակությունն այդ գործիչներից պակաս չի հիասթափվել, քան գործող իշխանություններից»,- հայտարարեց Վ. Խաչատրյանը՝ հավելելով, թե ինքն այն կարծիքին չէ, թե մոտ ապագայում Հայաստանը կկործանվի: «Ես կուզենայի, որ այսպես չլիներ, բայց ես չեմ գտնում, որ մենք ողբերգություն ենք ապրում»,- նշեց Վ. Խաչատրյանը: Վերջինիս համոզմամբ, հասարակությանը հաճոյանալը դատապարտված է եւ տանելու է փակուղի, իսկ անհնազանդության կոչ անողն ինքը պետք է օրինակ ծառայի եւ անհնազանդ լինի ամեն հարցում: «Չի հասունացել այն պահը, երբ կձեւավորվի այն քաղաքական ուժը, որը կստանձնի նոր պետություն ձեւավորելու խնդիրը»,- գտնում է նա: Վ. Խաչատրյանը, որ ՄԱԿ կուսակցության կազմակերպչական հարցերով խորհրդատուն է, նաեւ կարծիք հայտնեց, թե իշխանություններն արժեզրկեցին իշխանության, ընդդիմությունը՝ ընդդիմության հասկացությունները: «Եվ հիմա էլ ինչ-որ մարդիկ փորձում են արժեզրկել այլընտրանքի հասկացությունը»,- նշեց նա: Երեկվա քննարկմանը մասնակցում էր նաեւ դերասան Երվանդ Մանարյանը, ով քաղաքացիական անհնազանդության կոչ անողներներից փորձում էր պարզել, թե ի՞նչ է նշանակում «քաղաքացիական անհնազանդություն»: «ՀՀ շարքային քաղաքացին ի՞նչ պետք է անի. թոշակ չստանա՞, երթուղային տաքսիներից չօգտվի՞…: Ի՞նչ անի»,- հարցնում էր դերասանը, ում առաջադրած այդ հարցերը երեկ այդպես էլ հստակ պատասխաններ չստացան: