Քրիստոսի օրինակով

04/11/2006 Ռաֆայել ԹԵՅՄՈՒՐԱԶՅԱՆ

Հայաստանի քաղաքական դաշտում խառնաշփոթ է: Ընդդիմությունը սովորաբար հույսը դրել է բողոքական զանգվածի վրա: Իսկ բողոքականներն էլ լինում են երկու տիպի՝ ծայրահեղ եւ չափավոր: Եթե ծայրահեղ բողոքականներն այսօր էլ են պատրաստ իրենց ձայնը տալ գործող ընդդիմությանը, ապա չափավոր բողոքականներն այլեւս ձայն չեն տա:

 Այս կարծիքին է «Ժողովրդական կուսակցության» (ԺԿ) եւ ԱԼՄ հոլդինգի ղեկավար Տիգրան Կարապետյանը: Վերջինս երեկ «Փաստարկ» ակումբում կարծիք է հայտնել, որ, օպտիմալացված ուսուցիչներից բացի, շուտով կլինեն նաեւ օպտիմալացված քաղաքական գործիչներ: Ըստ Տ. Կարապետյանի, ժողովուրդը չի տեսնում գաղափարները, որոնց մասին սիրում են խոսել գրասենյակներում նստած ընդդիմադիրները: «Իրենց թվում է, որ որեւէ մեկն է խանգարում իրենց աշխատելուն: Աշխատե՛ք»,- կոչ է արել ԺԿ ղեկավարը: Նրա խոսքերով՝ օրինակ, իրենք աշխատում են, եւ «ժողովուրդը տեսնում է, որ օգնում են իրեն»: Տ. Կարապետիչը ողջունում է, որ այլ կուսակցություններ, մասնավորապես` «Բարգավաճ Հայաստանը», արդեն որդեգրել են այդ գործելաոճը: ԺԿ նախագահի համոզմամբ՝ ամենամեծ քաղաքական գործիչը եղել է Հիսուս Քրիստոսը, ով «կերակրում էր, նոր էր քարոզում, բուժում էր, նոր էր իր խոսքն ասում»: «Եթե ժողովուրդը բերանում պրոտեզ չունի, ակնոց չունի, ինչպե՞ս կարող է այլ բաների մասին մտածել»,- հարցնում է Տ. Կարապետիչը: Ըստ նրա, ուրախալի է, որ արդեն «իշխանություններն էլ են մտնում գյուղեր ու գրկում գյուղացուն»: ԱԼՄ հոլդինգի ղեկավարն ընդդիմությանը նոր ձեւաչափ է առաջարկում. դուրս գալ ժողովրդի մեջ: Նրա խոսքերով՝ ընդդիմադիրները ժողովրդի մեջ դուրս չեն գալիս եւ իրենց գրասենյակներում նստած՝ ուզում են ձայն հավաքել, սակայն չեն ստանալու: Իսկ խորհրդարանական առաջիկա ընտրություններին ԺԿ-ն մասնակցելու է միայնակ՝ առանց դաշինքների: Ըստ Տ. Կարապետյանի, դաշինքները լինում են փողի եւ ուժի դաշինքներ: Ընդդիմության դեպքում էլ մեկն Արեւմուտքի համակրանքն է բերում, մյուսը՝ փող եւ այլն: ԺԿ ղեկավարի գնահատմամբ՝ 2003-ին էլ այդպես եղավ, եւ օրինակ` «Հանրապետությունը» միացավ դաշինքին, քանի որ լծակներ ուներ, Արշակ Սադոյանին ու Շավարշ Քոչարյանին էլ ժողովուրդը սիրում էր, իսկ Ստեփան Դեմիրճյանն էլ՝ Տ. Կարապետիչի խոսքերով՝ խնձորի պատմությունն էր առաջ քաշել, այն տրամաբանությամբ, թե պտուղը ծառից հեռու չի ընկնում: Սակայն Տ. Կարապետիչը նշում է, թե համոզվեցինք, որ երբեմն խնձորը ծառից լավ էլ հեռու է ընկնում, մանավանդ, եթե «ծառը դքի վրա է, ու մի թեթեւ էլ քամի է անում»:

ԺԿ ղեկավարը երեկ կրկին հայտարարել է, թե ՀՀ նախագահի առաջիկա ընտրությունների ժամանակ առաջադրելու է իր թեկնածությունը: «Ես իմ գաղափարներից ելնելով եմ առաջարկում իմ թեկնածությունը, ոչ թե աթոռի համար»,- հայտարարել է Տ. Կարապետյանը՝ հավելելով, որ ինքն իրավունք ունի առաջադրել իր թեկնածությունը, քանզի 1994 թվականից ՀՀ քաղաքացի է եւ 1999-ից էլ մշտապես բնակվում է Հայաստանում: Հիշեցնենք, որ համաձայն ՀՀ Սահմանադրության, ՀՀ նախագահի թեկնածու կարող է առաջադրվել այն անձը, ով, ի թիվս այլ պայմանների, նաեւ վերջին 10 տարում մշտապես բնակվել է Հայաստանում, ինչը 2008-ին Տ. Կարապետյանի պարագայում չի ապահովվում: Սակայն այստեղ օրենսդրական արգելք Տ. Կարապետյանը չի տեսնում, որովհետեւ, ճիշտ է, Հայաստանում մշտական բնակություն է հաստատել 1999-ին, բայց դրանից առաջ էլ երեք տարի գնացել-եկել է Հայաստան: «Մշտապես եթե ես այստեղ եմ բնակված, ուրեմն՝ մշտապես ես այստեղ էի, այստեղ եմ բնակված: Բայց ես իրավունք ունեմ մեկնել եւ գալ՝ լինելով Հայաստանի քաղաքացի: Ուրեմն՝ ես իրավունք ունեմ մասնակցելու, իսկ եթե որեւէ մեկը համարի, որ ես իրավունք չունեմ, թող դատի տա, դատարանը որոշի»,- առաջարկեց նա: Վերջինիս խոսքերով՝ իր ղեկավարած կուսակցության համար թիվ մեկ կարգախոսն է՝ ստեղծել աշխատատեղեր, իսկ իր կուսակիցներն էլ առանց իրեն չեն պատկերացնում կուսակցության առաջընթացը: Ըստ Կարապետիչի, խորհրդարանի առաջիկա ընտրությանը մեծ է ներկայիս կոալիցիոն մեծամասնության վերարտադրության հնարավորությունը, բայց դա չի նշանակում, թե ընտրության ելքն արդեն որոշված է: ԱԼՄ Հոլդինգի ղեկավարի կարծիքով՝ խորհրդարան կանցնեն ավելի քիչ կուսակցություններ, քան կան այսօրվա խորհրդարանում: Իսկ եթե որեւէ մեկը փորձի «գռփել» ԺԿ ստացած ձայնը, ապա Տիգրան Կարապետիչը հայտարարում է, որ այդ դեպքում ինքը կգնա եկեղեցի ու մոմ կվառի: Իսկ Տ. Կարապետյանի պատկերացմամբ՝ ի՞նչ է ընտրակաշառքը: Ըստ նրա, ընտրակաշառքն այն է, երբ գումար ես տալիս եւ դրա դիմաց ձայն ես ուզում: «Իսկ եթե բարեգործություն ես անում քո իմիջի համար, դա ընտրակաշառք չէ: Դուրս է գալիս, որ ես Եռաբլուր ծաղկեպսակ եմ դնում, ուրեմն՝ ազատամարտիկների՞ն եմ կաշառում: Դա իմ կյանքն է: Իմ ապրուստի ընթացքում աշխատում եմ պիտանի լինել ժողովրդին»,- թեման եզրափակեց Տ. Կարապետիչը: