Քննարկումդ մեղրով կտրեմ

04/11/2006 Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ

Ճիշտ է, դրանք սովորաբար ներկայացվում են կարծես իմիջիայլոց, «ձեռքի հետ»՝ խոսելով հովանավորների մասին։ Սակայն սա նույնպես գովազդ է։ Արշակ Սադոյանին երեկ հետաքրքրում էր՝ ինչո՞ւ է Հանրային հեռուստատեսությունն իր եթերում այդ եղանակով գովազդում «Նեմիրոֆֆ» օղին։

Հանրային Հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանը, ի պատասխան պատգամավորի հարցին, տեղեկացրեց, որ «Նեմիրոֆֆը» միայն օղու արտադրությամբ չի զբաղվում, այլեւ «մեղրի, բիբարի եւ նմանատիպ այլ բաների խոշորագույն արտադրողներից մեկն է ԱՊՀ-ում»։ Ա. Հարությունյանը հիշեցրեց նաեւ, որ օղու շիշը գովազդում չի ցուցադրվում։ Այսինքն, չես կարող ապացուցել, որ ընկերությունը գովազդում է հենց օղին։ Իսկ միգուցե նաեւ գովազդում է իր արտադրած «բիբարը»։

Պրն Սադոյանը, որին այս գովազդը երեւի շատ էր նյարդայնացրել, չհամաձայնեց։ «Եթե գովազդի կոնկրետ կտորը ցույց է տալիս, որ ինչ-որ բան ֆիլտրվում է մեղրի միջոցով, ապա խոսքը չիր ու չամիչին չի վերաբերում»,- պարզաբանեց պատգամավորը եւ հետաքրքրվեց՝ արդյոք հնարավոր չէ՞ այդ կոնկրետ կտորով դատարան մտնել, քանի որ պարզ է՝ ալկոհոլ են գովազդում։

Դատի տվողը պետք է լինի Հեռուստատեսային եւ Ռադիոյի ազգային հանձնաժողովը, որին եւ՛ հարց տվողը, եւ՛ պատասխանողը անվանում էին պարզապես «Ամալյանի հանձնաժողով»։ Սակայն պարզվում է՝ այս հարցում «Ամալյանի հանձնաժողովն» անզոր է, որովհետեւ գովազդում «մեղրից ու բիբարից բացի ուրիշ ոչ մի բանի մասին չի խոսվում»։ Այս մասին հիշեցնելուց բացի, Ա. Հարությունյանը տեղեկացրեց, որ «Նեմիրոֆֆի» գովազդը ցուցադրվում է միայն Հանրայինով, այն էլ՝ միայն ֆուտբոլի ժամանակ։

Հանրայինի նախագահը նաեւ անհրաժեշտ համարեց համապատասխան օրենքի ընդունումը, որը կարգելի այն ընկերությունների գովազդը, որոնք, ի թիվս այլ ապրանքների, արտադրում են նաեւ ալկոհոլային խմիչքներ։ Ռուսաստանն, օրինակ, ընդունել է այդպիսի օրենք, որը կսկսի գործել 2007թ. հունվարի մեկից։

«Մեղր ու բիբարի» թեման այսքանով չվերջացավ։ Հիմա էլ Վահրամ Բաղդասարյանը ցանկացավ պարզել՝ եթե հաղորդման հյուրի վերնաշապիկին պատկերված է կոնկրետ ֆիրմայի օղու շիշ, ապա դա գովա՞զդ է, թե՞ ոչ։ «Գովազդ է»,- պատասխանեց Ա. Հարությունյանը, սակայն տեղեկացրեց, որ մինչ եթերը իրենք հյուրին կխնդրեն փոխել վերնաշապիկը։ Իսկ եթե նրա հագով վերնաշապիկ չգտնվի, ապա ակամայից կխախտեն օրենքը եւ ազատություն կտան «Ամալյանի հանձնաժողովին»։ Իսկ այս կառույցն էլ, ինչպես գիտեք, սպասում է հենց այդպիսի առիթի՝ ուշադիր հետեւում է, որ ոչ ոք օրենքը չխախտի, ով սայթաքեց՝ վերջ։

Իսկ այս հույժ կարեւոր թեմայի «իտոգը տվեց» ԱԺ Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերով հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը։ Նա հավաստիացրեց, որ իրենք (այսինքն՝ ԱԺ-ն ) հետամուտ է լինելու այս հարցում, քանի որ խոսքը վերաբերում է բոլոր ալիքներին։ «Նեմիրոֆֆի» հարցն այսքանով փակվեց։

Միգուցե զարմանաք, եթե ասենք, որ այս հարցուպատասխանն ընթանում էր ոչ ավել, ոչ պակաս, քան ՀՀ 2007թ. պետբյուջեի քննարկման շրջանակներում։ Եվ, ինչպես պարզվեց, Հանրային հեռուստաընկերության եւ բյուջեի առնչությունները սահմանափակվում են միայն «մեղր ու բիբարով»։ Ուրիշ ոչ մի հարց ոչ ոքի չի հետաքրքրում։ Թեեւ պատգամավորներին էլ կարելի է հասկանալ՝ ո՞վ զահլա ունի կարդալու 1000 էջանոց փաստաթուղթը։ Չէ՞ որ մարդիկ կան, որոնք անգամ մի քանի էջանոց օրինագիծն էլ չեն կարդում։ Փոխարենը կարելի է նման հարցեր տալ կամ «բոյկոտել», հետո էլ հայտարարել՝ բյուջեն քննարկեցինք։

Հ. Գ. Ավելացնենք, որ Ա. Հարությունյանից հետո ելույթ ունեցող մարզպետներին անգամ «լայթս» տիպի հարցեր չուղղվեցին։ Մարզպետները, կամ նրանց տեղակալները (եթե, իհարկե, դրսում չէին ծխում) հերթով գալիս էին, ներկայացնում էին, թե բյուջեով իրենց այս տարի որքան է հատկացվել, եւ անպայման նշում էին, թե անցյալ տարվա համեմատ գումարն ինչքանով է ավելացել՝ վերջում անպայման ասելով՝ «շնորհակալություն կառավարությանը»։