Սպառնացել է` քացու տակ գցել

04/11/2006 Նաիրա ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

2006թ. հոկտեմբերի 28-ին, ժամը 17:30-ի սահմաններում, Ավան եւ Նոր Նորք համայնքների դատախազ Գեւորգ Թովմասյանն իր օգնականի եւ եւս մեկ անհայտ անձի հետ միասին, առանց որեւէ օրինական հիմքի եւ համապատասխան որոշման, մուտք են գործել Փաստաբանների պալատի անդամ Լիանա Բալյանի բնակարան եւ դիմել անօրինական գործողությունների:

ՀՀ Փաստաբանների պալատի նախագահ Ռուբեն Սահակյանը, հիմք ընդունելով Պալատի 2006թ. հոկտեմբերի 30-ին տեղի ունեցած արտահերթ նիստի որոշումը, երեկ գրավոր դիմել է ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին` Երեւանի Ավան եւ Նոր Նորք համայնքների դատախազ Գեւորգ Թովմասյանի եւ նրա օգնականի կողմից կատարված անօրինական գործողություններին գնահատական տալու եւ նրանց պատասխանատվության ենթարկելու միջնորդությամբ: «Նրանք իրենց պահել են շատ սանձարձակ: Դատախազը դժգոհել է փաստաբանից, թե ինչո՞ւ դատարանում մեղադրանք չեն առաջադրել: Դատախազ Գեւորգ Թովմասյանը սպառնացել է Լիանա Բալյանին՝ քացու տակ գցել, իսկ նրա ծնողներին ասել է, որ` ձեր աղջկան կկալանավորենք եւ բանտ կնետենք: Շփոթված փաստաբանը երբ մոտեցել է հեռախոսին, նրանք հեռացել են Լ. Բալյանի բնակարանից: Նա այնքան շփոթված է եղել, որ չի էլ կողմնորոշվել, թե այդ պահին ո՞ւմ կարող է զանգահարել»,- մեզ հետ զրույցում նշեց Ռ. Սահակյանը: Նրա տեղեկացմամբ, համայնքի դատախազի վրդովմունքը Փաստաբանների պալատի ներկայացուցչի նկատմամբ պայմանավորված է մի քրեական գործի, մասնավորապես` Նորիկ Ռուբինյանի հետ, որի գործի քննության գաղտնիքները այդպես էլ չմանրամասնեց: Մեր հարցին, թե ո՞վ է Ն. Ռուբինյանը, նա պատասխանեց. «Կարեւոր չէ, թե ո՞վ է Նորիկ Ռուբինյանը: Ոչնչով կարեւոր չէ գործի էությունը՝ այն ծա՞նր է, թե՞ թեթեւ: Կարեւորն անօրինական գործողությունները պատժելն է: Եթե դատախազն իրեն թույլ է տվել փաստաբանի հետ այդպես վարվել, ապա կարելի է կանխատեսել, թե շարքային քաղաքացու հետ նա իրեն ինչպես կարող է դրսեւորել: Սա ընդամենը դատախազի ամբիցիաների մասին է վկայում: Նրանք վրդովվել են, թե ինչու է մեղադրյալի նկատմամբ խափանման միջոցը փոխարինվել այլ` գրավի կիրառմամբ: Մեղադրյալին ազատ արձակելուց բառացիորեն մեկ ժամ հետո նրան հետապնդել են եւ նոր մեղադրանք առաջադրել»,- ավելացնում է Ռ. Սահակյանը: Փաստաբանների պալատի նախագահը համոզված է, որ նման հակասական, իրարամերժ եւ բոլոր դեպքերում անօրինական պատճառաբանությունները չեն կարող քողարկել իրականությունը, որը չափազանց անպատվաբեր է Դատախազության աշխատակցի, առավել եւս` համայնքի դատախազի համար: