Կեղծ դոլարներ

04/11/2006

ԱՄՆ-ի գաղտնի ծառայությունը Ռուսաստանի, Վրաստանի եւ Իսրայելի գործընկերների հետ միասին քննում է ամերիկյան դոլարների կեղծման գործը, որի հետքերը տանում են Կովկաս: Ըստ «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ի, այդ տեղեկատվությունն ամփոփված է ԱՄՆ-ի սահմաններից դուրս ամերիկյան թղթադրամների օրինական օգտագործման եւ կեղծման վերաբերյալ ԱՄՆ-ի վերոհիշյալ ծառայության, Ֆինանսների նախարարության եւ Դաշնային ռեզերվային (բանկային) համակարգի համատեղ զեկույցում: Համաձայն փաստաթղթի, ԱՄՆ-ի գաղտնի ծառայությունը հիմքեր ունի ենթադրելու, որ կեղծ թղթադրամների որոշակի սերիան (C-21558) պատրաստվում է Կովկասյան տարածաշրջանում: Ըստ ծառայության տվյալների, հանցագործությանը մեղսակից են «կասկածյալները Իսրայելում, Ռուսաստանում եւ Վրաստանում»: Զեկույցում նշվում է, որ առաջին անգամ այդ սերիայի «բարձրորակ կեղծ դոլարները» հայտնաբերվել են 1999 թվականին Երուսաղեմում: Մինչ օրս ամբողջ աշխարհում հայտնաբերվել եւ առգրավվել է 23 միլիոնի նման կեղծ դոլարներ: