Մսամթերք ասելով՝ Հայաստանում առաջին հերթին հասկանում ենք երշիկը: Այսօր երշիկ են արտադրում ավելի քան 40 մեծ ու փոքր գործարաններ: Իհարկե, նրանցից շատերին մեծ վերապահումով կարելի է գործարան անվանել, որովհետեւ ունեն արտադրության շատ փոքր ծավալներ:
Կարելի է նաեւ ասել, թե Հայաստանի նման փոքր երկրի համար նույնիսկ շատ են երշիկ արտադրող այդքան գործարանները: Միջին մասշտաբի մի քանի գործարաններ կարող են ամբողջությամբ բավարարել մեր բնակչության պահանջարկը: Մանավանդ, որ երշիկը եւ առհասարակ մսամթերքն անկախության տարիներից հետո Հայաստանում շարունակում է ճոխություն համարվել ու անհասանելի մնալ շատ մարդկանց համար: Բայց լավ է, որ մսամթերքի վերամշակման ոլորտում կա մրցակցություն: Ընդհանրապես Հայաստանում գյուղատնտեսական մթերքի վերամշակման ոլորտում մրցակցություն կա բոլոր ճյուղերում, ինչն էլ օգնել է տվյալ ճյուղի արտադրության քիչ թե շատ կայացմանը, այլեւ որոշակի որակի ապահովմանը: Պարզ է, որ Հայաստանում արտադրված մսամթերքը նորից վերապահումով կարելի է որակյալ համարել: Արտադրանքը կազմակերպվում է հիմնականում ներկրված սառեցված հումքի վրա: Բացի այդ, խոշոր սպառում ու շատ շահույթ չունենալու պատճառով մեր արտադրողները չեն կարողանում նոր տեխնոլոգիաներ եւ հոսքագծեր ներմուծել: Դրա պատճառով էլ որակի առումով չեն կարողանում մրցակցել արտասահմանյան հայտնի գործարանների հետ: Այս բոլոր գործարանների արտադրանքի մոտ 90 տոկոսը սպառվում է ներքին շուկայում: Մյուս մասն արտահանվում է հիմնականում Ռուսաստան, շատ քիչ քանակությամբ՝ նաեւ Վրաստան, Ուկրաինա, Արաբական Միացյալ Էմիրություններ: Մսամթերքի շատ քիչ քանակություն նաեւ ներկրվում է, նորից Ռուսաստանից, որոշ չափով՝ Ֆինլանդիայից: Ներկրվածից հիմնականում օգտվում է հարուստների խավը: Ներկրված մսամթերքը համեմատաբար ավելի բարձր որակ ունի եւ թանկ է: Մեր երշիկագործներն իրենց գործունեությունը փոքր-ինչ ընդլայնելու համար սկսել են շատացնել արտադրանքի տեսականին՝ կիսաֆաբրիկատներ ավելացնելով: Բայց դա էլ լայնածավալ գործունեություն իրականացնելու համար բավարար չէ, որովհետեւ Հայաստանի շուկան փոքր է, փոքր է նաեւ արտահանման ծավալը: Ռուսաստանի շուկայում դժվար է տեղ գրավել, որովհետեւ այդ երկիրը համարվում է երշիկի հայրենիք, իսկ այլ երկրներ տեղափոխելու համար, ինչպես գիտենք, ճանապարհների եւ տրանսպորտի խնդիր կա: Անկախ այս սահմանափակումներից` հայ արտադրողների եռանդն ու երեւակայությունը մեծ է: Անընդհատ ինչ-որ նորամուծություններ են անում, որպեսզի գոնե այդպիսով կարողանան փոքր-ինչ մեծացնել իրենց արտադրությունը: Վերջերս մեր վերամշակողները սկսել են արտադրել մսամթերքի մի հետաքրքիր տեսականի՝ ջերկին: Դա բավականին հետաքրքիր ու գրավիչ ուտեստ է, եւ արժե հատուկ անդրադառնալ: Համոզված եմ, որ շատերը դեռ չեն կերել: Ջերկին օգտագործվում է հիմնականում գարեջրի հետ:
«Ջերկին համարվում է ամերիկյան կովբոյների ուտելիք,- բացատրում է մսամթերք արտադրող «Բեկոն» ընկերության գործադիր տնօրեն Կարեն Մարգարյանը: -Ավելի շուտ, ջերկի պատրաստել են ամերիկյան հնդիկները: Նրանք միսը մեծ-մեծ կտորներով կամ մաշկած անասունն ամբողջությամբ կախել են, տակը կրակ են վառել ու երկար ժամանակ ապխտել են: Հայաստանում վերջին մի քանի տարիներին են սկսել արտադրել: Արտադրելուց բացի` այդ ուտեստի համար մենք մի փոքր այլ ձեւ ենք մշակել, որ գարեջուր խմելու համար հարմար լինի: Գարեջրի հետ ուտելը ջերկիի դեպքում հայկական նորամուծություն է»:
Հիմա Հայաստանում նույն տիպի պանիր էլ են արտադրում՝ «Սուլուգունին», որը նույնպես շատ հարմար է ուտել գարեջուր խմելիս: Թեպետ 3 տարուց ավելի է, ինչ այս դելիկատեսն արտադրվում է Հայաստանում, բայց իրացման շատ փոքր ծավալներ ունի, այնքան փոքր, որ արտադրողները խուսափում են հայտնել: Նրանք իրենց իրացումը կազմակերպել են հիմնականում գարեջրատներում եւ նմանատիպ այլ օբյեկտներում: Խանութներում գործը դեռ առաջ չի գնում: Ու ընդհանրապես գարեջուրը ջերկիի «ճակատագրում» որոշիչ դեր ունի՝ ամռանը, երբ գարեջրի սպառումն աճում է, զուգահեռ ավելանում է նաեւ ջերկիի սպառումը: Հայտնի է, որ ձմռանը գարեջրի սպառումը կտրուկ ընկնում է: Մսամթերք արտադրողների ասելով` 50 տոկոսով ընկնում է նաեւ ջերկիի առանց այդ էլ քիչ սպառումը: Գարեջրասերները մեծ դժվարությամբ են ընդունում ջերկիի գոյությունը, գարեջուր խմելիս նրանք ավելի շատ նախընտրում են ապխտած ձուկ կամ աղի ձողիկ ու պիստակ: Արտադրողները խորամանկության են դիմել՝ խոզի մսից պատրաստած դելիկատեսին տվել են ձկան համ: Այնպես որ, ո՛չ համից եւ ո՛չ էլ տեսքից չի զգացվում, որ դա պատրաստված է ոչ թե ձկից, այլ խոզի մսից: Իսկ նրանք, ովքեր արդեն փորձել են գարեջրի հետ ջերկի համտեսել, մոռացել են աղի ձողիկի ու պիստակի գոյությունը: Առիթ եղել է համոզվելու: Արտադրողներն ասում են, որ ջերկին ներկայացված է նաեւ Ռուսաստանի շատ քաղաքներում: «Մեր տարբերակը Մոսկվայի ռեստորաններում շատ են հավանել,- ասում է Կ. Մարգարյանը: -Այնտեղ էլ արտադրում են, նաեւ ներկրում, բայց դա լրիվ ուրիշ բան է՝ երշիկի նման խոնավ է: Մեր մշակածը չոր է եւ գարեջրի համար գտնված բան է: Եթե կարողանանք արտահանել, այնտեղ շատ մեծ սպառում կունենանք»: «Ցավալին այն է, որ Ռուսաստան չենք կարող արտահանել, որովհետեւ դա ապխտած է,- ասում է մսամթերք արտադրող «Բիլյան» ընկերության ներկայացուցիչը: -Այդ երկիրն ընդունում է միայն ջերմամշակված մսամթերքը»:
Ավելացնենք, որ մսամթերք արտադրող մեր ընկերություններն իրենց արտադրանքն ավելի համեղ ու գրավիչ դարձնելու համար, դրանց բաղադրությանն ավելացրել են այնպիսի համեմունքներ, ինչպիսին ձիթապտուղն է կամ սունկը: