Ըստ «Ասոշիեյթեդ փրես»-ի, Վրաստանի վարչապետ Զուրաբ Նողաիդելին կառավարության նիստում ասել է, թե Թբիլիսին կփորձի համոզել ռուսական «Գազպրոմ» ընկերությանը՝ վերանայել Վրաստանին վաճառվող գազի գինը կրկնապատկելու մասին որոշումը: Միաժամանակ, նա նշել է, որ Վրաստանը փորձելու է հայթայթել էներգակիրների ներմուծման այլընտրանքային աղբյուրներ: Վրաստանի վարչապետի խոսքերով՝ գազի գնի շեշտակի բարձրացումն ունի քաղաքական դրդապատճառներ, քանզի նախկին խորհրդային այլ երկրներ շատ ավելի ցածր գին են վճարում: Վրաստանի էներգետիկայի նախարար Նիկա Գիլաուրին էլ ասել է, որ Թբիլիսին այժմ Ադրբեջանի, Իրանի եւ Թուրքիայի հետ բանակցում է գազի այլընտրանքային ներկրում ապահովելու շուրջ: Հիշեցնենք, որ «Գազպրոմն» օրերս հայտարարել է գալիք տարվա հունվարի մեկից Վրաստանին 1000 խմ գազը գործող 110 դոլարի փոխարեն 230 դոլարով վաճառելու մտադրության մասին: