Ես՝ նվաստ

04/11/2006 Լիլիթ ԱՎԱԳՅԱՆ

Թե ինչու մեր երկրի ղեկավարը, որը Հայաստանի ներսում բոլոր չինովնիկների շրջանում եթե ոչ ընդգծված հարգանք, գոնե կենդանական վախ է առաջացնում, չի կարողանում հզոր երկրների ղեկավարների հետ շփվելիս իրեն ավելի ինքնավստահ ու արժանապատիվ դրսեւորել, հոգեբանության թեկնածու, Հոգեվերլուծական ասոցիացիայի նախագահ Անժելա Վարդանյանը բացատրում է ոչ թե Ռոբերտ Քոչարյանի անձով, այլ մեր երկրի աշխարհագրական դիրքով, փոքր չափերով ու դիվանագիտական մշակույթ չունենալով: Սակայն հետեւելով, թե օտարերկրյա ղեկավարների (եւ անգամ երկրորդական դիրք ունեցող չինովնիկների) հետ մեր երկրի բարձրաստիճան այրերն ինչպես են սիրով նվաստանում, մեզ թույլ ենք տալիս եզրակացնել, որ պատճառը նախեւառաջ մեր երկրի առաջին դեմքերի չհղկվածությունն ու ինքնավստահության պակասն է: Իսկ ինքնավստահությունը պակասում է, քանի որ մերոնց թե՛ կրթությունը, թե՛ աշխարհայացքը, թե՛ հետաքրքրությունների սահմանափակությունը թույլ չեն տալիս օտարերկրյա բարձրաստիճան չինովնիկի հետ շփվել գոնե հավասարի իրավունքով: Այն, որ երկրի մասշտաբները կամ ներքին խնդիրները չեն կարող սահմանափակել արժանապատվության զգացումը, վկայում է թեկուզ հարեւան Վրաստանի նախագահի պահվածքը: Սահակաշվիլու վարած արտաքին ու ներքին քաղաքականությունն աշխարհում միանշանակ չի ընկալվում: Սակայն ինտերնետային բոլոր կայքերում Վրաստանի մասին բազմաթիվ հոդվածներ ու վերլուծություններ կան, ուր՝ անկախ Վրաստանի նախագահի գործողությունների տրամաբանությունից, այդ երկրի մասին գրվում է պատշաճ հարգանքով: Ռուսաստանյան ԶԼՄ-ներում Սահակաշվիլուն վիրավորելու համար այլ փաստարկներ, քան այն, որ նա ուտելիս չփչփացնում է, կանանց հանդեպ ընդգծված թուլություն ունի կամ տաքարյուն է, չեն բերվում: Այլ է Հայաստանի պարագան: Մեր երկրի մասին կա՛մ չեն գրում, կա՛մ գրում են քամահրական շեշտադրությամբ: Եվ դա՝ ամեն անգամ, երբ մեր երկրի նախագահն իր խնդրանքով կամ Պուտինի կամքով հայտնվում է Ռուսաստանում: Մինչ ՌԴ նախագահի՝ այս էլ որերորդ անգամ մեր երկրի առաջին դեմքին ուղղակի վիրավորական ընդունելություն ցույց տալուն անդրադառնալը, հիշենք, թե ինչպես իրեն դրսեւորեց Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակին Հայաստանում ընդունելու արարողության ընթացքում Ռոբերտ Քոչարյանը, եւ պարզ կդառնա, որ իրեն ստորադաս զգալու պատճառներն ամենեւին էլ աշխարհաքաղաքական չեն: Քոչարյանն իր՝ բնականից սառը դեմքի արտահայտությունը փոխել էր մանկական հրճվանքի արտահայտությամբ. մեկ կախվում էր Շիրակի թեւից՝ նրա ականջին ինչ-որ բան շշնջալու նպատակով, մեկ ինքն իր արած կատակի համար մեղավոր կամ ամոթխած ժպտում էր, մեկ՝ ուսերը թափահարելով՝ ծիծաղում: Մի խոսքով, ընդունելության ողջ ընթացքում նա չթաքցրեց, որ հյուրընկալված երկրի առաջին դեմքն իրենից մի քանի գլուխ բարձր է, որ ինքն անվերապահորեն եւ հաճույքով ընդունում է նրա գերազանցությունը: Իսկ այն, որ մեր երկրի նախագահին Պուտինը դնում է վատ վիճակում եւ` ոչ առաջին անգամ, արդեն կարծես ավանդույթ է դարձել, որին Քոչարյանը չի էլ փորձում դիմադրել: ՀՀ նախագահին պարզ ակնարկում են, թե նրա ղեկավարած երկիրը ոչ այլ ինչ է, քան իրենից որեւէ լուրջ գործոն չներկայացնող եւ ֆորպոստի իր ֆունկցիան կատարելու մեջ թերացող պետություն: Պատասխանը քրիստոնեական երանգ ունի՝ յուրաքանչյուր վիրավորական ակնարկին պատասխանել մեր երկրի համար ռազմավարական նշանակություն ունեցող մի ձեռնարկություն նվիրելով:

Ի դեպ, Պուտինի անձի դեպքում գուցեեւ կարող է ընկալվել հոգեբան Անժելա Վարդանյանի տեսակետը, թե իր մեջքին հզոր պետություն ունեցող ղեկավարն ավելի ինքնավստահ ու համարձակ է աշխարհի հզորների հետ հարաբերվելիս: Փոքրամարմին, աչքի չընկնող, ոչ այնքան համակրելի արտաքինով Պուտինն իրեն կարող է թույլ տալ այնպիսի սրախոսություններ կամ անկեղծություններ, որոնք հետո քննարկվում են աշխարհի մասշտաբով: Իրեն դուր չեկած երկրի ղեկավարին կամ վարչապետին Պուտինը կարող է վատ վիճակի մեջ դնել, չարձագանքել արված կատակին կամ արձագանքել այնպես, որ վերջինս անելանելիությունից կարկամի: Թեկուզ հայտնի պատմությունը, երբ Իսրայելի վարչապետ Էհուդ Օլմերտի հետ իր հանդիպման ընթացքում դեմքի մկանն անգամ չշարժած Պուտինը զրույցի վերջում հանկարծ աշխուժանում է՝ խնդրելով իր ողջույնները փոխանցել Իսրայելի նախագահին, իբր, վերջինս կարգին մուժիկ դուրս եկավ. մոտ տասը կանանց է բռնաբարել, «Չէինք սպասում»,- չարախնդաց Պուտինը՝ հավելելով, որ Իսրայելի նախագահի տղամարդկությունը նախանձի արժանի է: Կամ ուղիղ կապի միջոցով պատասխանելով ռուսաստանցիների հարցերի մի մասին եւ չհասցնելով պատասխանել բազմաթիվ կարեւորագույն հարցերի, Պուտինն, այնուամենայնիվ, ժամանակ գտավ անդրադառնալ շարքային մի քաղաքացու հարցին, որը հետաքրքրվում էր, թե հարգելի Վլադիմիր Վլադիմիրովիչը ե՞րբ է առաջին անգամ սեքսով զբաղվել: ՌԴ նախագահը թույլ կարմրեց՝ իբր, առաջին անգամն այնքան վաղուց էր, որ չի հիշում, փոխարենը րոպեի ճշգրտությամբ հիշում է, թե երբ է սեքսով զբաղվել վերջին անգամ (որոշ խելոք մարդիկ սա ընկալեցին որպես Պուտինի՝ գերազանց հիշողության դրսեւորում):

Վերադառնալով հոգեբան Անժելա Վարդանյանի հետ մեր զրույցին: Ըստ նրա՝ Քոչարյանն աշխարհում լավ իմիջ ունի: Պարզապես չունի ներքին վստահություն: Եվ հետո. «Մեր երկիրը չունի դիվանագիտական լուրջ մշակույթ. դրա համար ժամանակ է պետք»: Մեր հարցին, թե այդ դեպքում ինչո՞ւ է, ասենք, հարեւան Վրաստանի նախագահը, որի մեջքին եւս հզոր պետություն չէ, աշխարհի մեծերի հետ հարաբերվելիս իրեն հավասար դրսեւորում, տիկին Վարդանյանը զարմացավ. «Ձեզ դուր է գալիս Սահակաշվիլի՞ն: Նա իրեն դրսեւորում է կայանալու փորձեր անող դեռահասի պես: Իմացե՛ք, անգամ եթե մեր երկրի նախագահն իր կրթությունը Քեմբրիջում կամ Օքսֆորդում ստանար, միեւնույն է, վերադառնալու էր Հայաստան, ուր իրականությունը, խաղի պայմաններն այլ են: Մենք պետք է ունենանք գոնե տասը նախագահ, որ կարողանանք այդ ինստիտուտը փոքր-ինչ կայացած տեսնել ու գնահատել»: