Ծովի «անսահման կապույտում» լողում են նավակ-երազանքները

04/11/2006 Նունե ՀԱԽՎԵՐԴՅԱՆ

Այս տարի օգոստոսին Գյումրիում տեղի ունեցով 5-րդ Բիենալեն, որին մասնակցեցին տարբեր երկրներից ժամանած նկարիչները: Նրանք իրենց աշխատանքները ստեղծեցին «Ծով, երազանքներ, պատրանքներ» թեմայի շուրջ:

Բիենալեն արվեստագետներին շփման առիթ տալուց ու ցուցադրություններ կազմակերպելուց բացի, նպատակ ուներ ապակենտրոնացնել մշակույթն ու նորույթ-ցուցադրությունը Երեւանի սահմաններից դուրս ներկայացնել: «Չնայած Գյումրին Հայաստանի երկրորդ քաղաքն է, սակայն այնտեղ շատ քիչ մշակութային իրադարձություններ են կատարվում: Ամեն ինչը Երեւանում է կենտրոնացած եւ պետք է նոր տարածքներ դուրս գալ»,- ասում է Գյումրու Բիենալեի համադրող Արփինե Թոքմաջյանը:

Բիենալեն շատ օրիգինալ մեկնարկ ունեցավ, արվեստագետները սկզբում մեկնեցին Սեւան եւ իրենց գործերը ստեղծեցին ափամերձ տարածքներում: Սեւանի ափին համատեղ աշխատելու փորձը շատ անսպասելի ու բառիս բուն իմաստով պրովոկացիոն դարձավ: Տարբեր ազգերի նկարիչները երկու հիմնական կայանատեղի ու ստեղծագործական վայր ունեին: Առաջինը Սեւանի ափին գտնվող ֆիզիկայի ինստիտուտի հանգստյան տունն էր, որտեղ 40 նկարիչներ իրենց նախագծերն իրականացրեցին, նկարազարդեցին պանսիոնատի կիսաքանդ ու տեղ-տեղ սովետական սիմվոլիկան պահպանած շինությունների պատերն ու մերձակա տարածքը: Այդ ակցիան, մեղմ ասած` կոպիտ ընդունվեց: Ժամանակակից նկարչական էքսպերիմենտները` ոլորապտույտ խողովակաշարերի պատկերները, ջրային էակների պատկերումը եւ ծովափնյա այլ ընկալումները չափազանց համարձակ ու ժամանակավրեպ համարվեցին: Պանսիոնատի տնօրինությունը բողոքում էր, որ պատառոտված շորերով նկարիչները «փչացնում են» իրեն վստահված կիսաքանդ ու անմարդաբնակ շինությունների պատերն ու պարիսպները: Նկարչուհի Կարինե Մացակյանը հիշում է, որ տնօրենը նույնիսկ ստիպում էր մաքրել քարուքանդ պատերը ու հավաքել նկարչական պարագաները ու նկարչուհուն անհրաժեշտ ցանցերը: Պանսիոնատում հետք թողնելը շատ դժվար էր, ժամանակակից նկարչությունն ու ժամանակակից կյանքը տարբեր լեզուներով են խոսում:

Բիենալեի մասնակիցների այցելության երկրորդ վայրն Արտանիշ գյուղն էր: Արփի Թոքմաջյանը պատմում է. «Գյուղում հիմնականում փախստականներ են ապրում, կյանքը շատ տխուր է, մարդիկ աղքատիկ կյանքով են ապրում, աշխարհից կտրված»: Գյուղացիները նկարիչներին շատ ջերմ ընդունեցին, դա նրանց համար արվեստին մոտենալու սակավաթիվ առիթներից մեկն էր:

Հետաքրքիր է, որ այսօրինակ աշխատանքային ձեւը ցնցում եղավ նաեւ շատ արվեստագետների համար: Հողից չկտրվելու ու սեփական ես-ի մեջ չներփակվելու համար պարբերաբար պետք է ժողովրդին մոտենալու ակցիաներ կազմակերպել: Նոր տարածքները, նոր պայմանները նոր հայացք են ստեղծում: «Իհարկե, մենք աշխատել էինք գյուղ տանել այն երկրներից ժամանած նկարիչներին, որոնք քիչ թե շատ ծանոթ են դժվար պայմաններին, կարող են հասկանալ` ինչո՞ւ, ասենք, տաք ջուր չկա»: Գյուղական պայմաններն իսկապես շոկ էին Եվրոպայի կենտրոնից եկած մարդկանց համար, դա էքստրեմալ սպորտաձեւի եւ էքստրեմալ աշխատանքի էր նման:

Արփինե Թոքմաջյանը մեծ երազանք ունի, ուզում է Արտանիշում, որի անվանման մեջ «art» բառը կա, արվեստի ռեզիդենցիա ստեղծել: Այնտեղ հիանալի բնություն է եւ արվեստին կարոտ մարդիկ են: «Այդ գյուղում ամեն ինչն էլ կարող է ցուցասրահ դառնալ, սովետական ժամանակներից պահպանվել է կիսաքանդ ու հսկայական ունիվերսամի շենքը, որն այժմ դատարկ է»:

Սակայն այդ երազանքի իրականանալու մասին խոսելը վաղ է, հիմա Սեւանա լճի ափերին ծնված «անսահման կապույտ» երազանքները միանում են Սենայի ափերի «անսահման կապույտին» ու ցուցադրվում Երեւանի «Գեւորգյան» ցուցասրահում: Իսկ շուտով համատեղ նավարկելու են դեպի Ֆրանսիա: Մարտ ամսին Փարիզում, ապա` Լիոնում ֆրանսիացի նկարիչների հետ իրենց աշխատանքները կներկայացնեն Վահրամ Աղասյանը, Արփինե Թոքմաջյանը, Կարինե Մացակյանը, Մկրտիչ Տոնոյանը, Արչի Գալենցը, Վազօն ու Աշոտ-Աշոտը: 15 արվեստագետներն իրենց կտավներում, վիդեոինստալյացիաներում, լուսանկարներում, խառը տեխնիկայով արված գործերում ներկայացնում են ծովի ու անսահմանության պատրանքը: Թղթե նավակներ են պատկերում, շիշ-ուղերձներ են ծովն ուղարկում, ձկնորսական ցանցեր են նետում, ջրահարսի տեսքով սեփական դիմանկարը պատկերում: Մի խոսքով, երազում են: