ԼՂՀ Սահմանադրության հանրաքվեն կանցկացվի դեկտեմբերի 10-ին

04/11/2006 Անահիտ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Նոյեմբերի 3-ին ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանը ստորագրել է «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրության նախագծի հանրաքվե նշանակելու մասին» հրամանագիրը, համաձայն որի, հանրաքվեի օր է նշանակվել 2006թ. դեկտեմբերի 10-ը: Դա անսպասելի որոշում չէր, քանի որ հենց սկզբից էլ խոսում էին այն մասին, որ հանրաքվեն կանցկացնեն հենց այդ օրը, որը Ղարաբաղի պատմության մեջ նշանավորվում է նրանով, որ 1991թ. նույն օրը Արցախի ժողովուրդը հանրաքվեի միջոցով հաստատել է ազատ ու անկախ ապրելու իր իրավունքը:

Հիշեցնենք, որ խորհրդարանը 2 օր առաջ է երկրորդ ընթերցմամբ ընդունել երկրի Գլխավոր օրենքի՝ Սահմանադրության նախագիծը: Ինչպես նշել է Սահմանադրական հանձնաժողովի աշխատանքային խմբի ղեկավար, ԼՂՀ գլխավոր դատախազ Արմեն Զալինյանը, առաջին ընթերցումից հետո համաժողովրդական քննարկման արդյունքում ներկայացվել է 127 առաջարկ, հիմնականում` քաղաքական ուժերի եւ հասարակական կազմակերպությունների կողմից:

Երկրորդ ընթերցման ժամանակ «ՀՅԴ-Շարժում 88» ընդդիմադիր խմբի ղեկավար Արմեն Սարգսյանը փաստել է, որ խումբը 50 առաջարկ է ներկայացրել, որից 32-ն ընդունվել է Աշխատանքային խմբի կողմից: «Եվ թեկուզ 10 սկզբունքային առաջարկություններ չեն ընդունվել, խումբը որոշել է «կողմ» քվեարկել նախագծին»,- նշել է Ա. Սարգսյանը:

«Հայրենիք» խմբակցության անդամ, ԱԺ փոխնախագահ Ռուդիկ Հյուսնունցը եւս նշեց, որ իրենց կողմից առաջարկված փոփոխությունների մեծ մասն ընդունվել է: Նա կարեւորել է երկրի տարածքային ամբողջականության եւ ազգային անվտանգության հետ կապված առաջարկները: Իսկ ԱԺ-ում մեծամասնություն կազմող «Ժողովրդավարություն» խմբակցության ղեկավար Վահրամ Աթանեսյանը գոհունակություն է հայտնել, որ նման կարեւորության փաստաթուղթն ընդունվում է քաղաքական ուժերի կոնսենսուսի պայմաններում: Երկրորդ ընթերցման ժամանակ միայն մեկ առաջարկություն է հնչել` անկախ պատգամավոր Մաքսիմ Միրզոյանի կողմից: Պատգամավորն առաջարկեց մեր երկիրը կոչել Ղարաբաղի Քրիստոնեական Հանրապետություն: Նա կոչ արեց պետության անվանումից հանել «լեռնային» բառը, քանի որ Ղարաբաղի բաժանումը լեռնային եւ հարթավայրային մասերի՝ արհեստական է արվել` ի վնաս մեզ: ԱԺ ղեկավարությունը խոստացավ քննարկել այդ առաջարկությունը: Նշենք, որ Սահմանադրության նախագիծը բրոշյուրների տեսքով մի քանի հազար տպաքանակով կհրատարակվի եւ կբաժանվի հանրապետության բոլոր բնակավայրերում: