«ՀայՌուսգազարդ» ընկերության գլխավոր տնօրեն Կարեն Կարապետյանը նախօրեին հայտարարել է, որ ընկերության կողմից լրացուցիչ բաժնետոմսերը թողարկվել են Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկը գնելու համար: «Ի՞նչ բան է լրացուցիչ էմիսիան (բաժնետոմսերի թողարկումը): Դա այն գումարն է, որն անհրաժեշտ է 5-րդ բլոկը գնելու համար: Գնորդը ո՞վ է: «ՀայՌուսգազարդը»: Ի՞նչ միջոցներով: Լրացուցիչ էմիսիայի միջոցներով: Լրացուցիչ էմիսիան ո՞վ է գնում: Փայատերերից մեկը` «Գազպրոմը»: Ինչո՞ւ Հայաստանը չի գնում: Հայաստանի կառավարությանը պետք է հարցնել»,- ասել է Կ. Կարապետյանը: Պարզ ասած` 5-րդ էներգաբլոկը գնելու համար «ՀայՌուսգազարդի» թողարկած բաժնետոմսերը գնել է ռուսաստանյան «Գազպրոմը»: Այսպիսով, «ՀայՌուսգազարդում» Հայաստանի կառավարության բաժնեմասը կնվազի` կազմելով 30%: Իսկ «Գազպրոմը» բաժնետոմսերի 45%-ի սեփականատերից դարձավ 58%-ի սեփականատերը: Կ. Կարապետյանը նաեւ ասել է, թե Իրան-Հայաստանի գազատարի վերաբերյալ պայմանավորվածություն դեռ չկա: Սակայն նշել է, թե Իրան-Հայաստան գազատարի արդյունավետ աշխատանքի համար անհրաժեշտ է, որ ընդլայնվի «ՀայՌուսգազարդի» ցանցը: