Խոսել է երկաթուղու մասին

03/11/2006

Երեկ Մոսկվայում բացված Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍՏՀԿ) անդամ երկրների արտգործնախարարների երկօրյա հանդիպման շրջանակներում ելույթ է ունեցել ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը: Նա բարձրացրել է Կարս-Ախալքալաք-Թբիլիսի երկաթուղու հարցը: «Ազատություն» ռ/կ-ին Վ. Օսկանյանն ասել է, թե ՍՏՀԿ-ն լուրջ ծրագիր է ուզում իրականացնել` ստեղծել տրանսպորտային օղակ տարածաշրջանում: «Եվ այս կոնտեքստում հարցը բարձրացվել է եւ բոլորի ուշադրությանն է հանձնվել, որ կա նման հատված երկաթգծի, որը քաղաքական պատճառներով չի օգտագործվում եւ փորձ է արվում դա փոխարինել: Ելնելով կազմակերպության համագործակցության ոգուց` մենք կարծում ենք, որ կազմակերպությունն ինքը պետք է խնդիր բարձրացնի Թուրքիայի առաջ, որ այդ հարցին ավելի լուրջ մոտեցում ցուցաբերվի»,- նշել է Հայաստանի արտգործնախարարը: «Օգտակար» որակելով ՍՏՀԿ-ի շրջանակներում իրականացվող ծրագրերը` Վ. Օսկանյանն ասել է. «Խոչընդոտները շատ են` երկկողմ քաղաքական խնդիրները, որոնք, փաստորեն, սահմանափակումներ են ավելի մեծ համագործակցության: Բայց մեծ հաշվով, անհրաժեշտություն է մեր այստեղ լինելը, եւ, ասեմ, որ իր օգտակարությունն ունի»: