Հացադուլը դադարեցրին

03/11/2006

«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի ավելի քան 30 ցմահ դատապարտյալներ նոյեմբերի 1-ին հացադուլ են հայտարարել: Պատժի Առավելագույն Չափի դատապարտյալների իրավունքների պաշտպանության` «ՊԱՉ-Իրավունք» հ/կ-ն երեկ տարածել էր մի հայտարարություն, որում ասվում է. «Վերջերս «Նուբարաշեն» ՔԿՀ-ի ղեկավարի պաշտոնից անհասկանալի պատճառներով ազատվեց Արամ Սարգսյանը, եւ նրա փոխարեն նշանակվեց Վահան Մարգարյանը: Նոր պաշտոնյան աշխատանքային պարտականությունները ստանձնելուց անմիջապես հետո իսպառ վերացրեց նախկին տնօրինության օրոք իրականացված բարեփոխումները, որոնք ուղղված էին բանտարկյալների համար տանելի պայմանների ստեղծմանը, կաշառակերության երեւույթների նվազեցմանը եւ այլն: Նորանշանակ բանտապետը կտրուկ խստացրեց կալանավորների պահման պայմանները, դադարեցրեց հետեւել միջազգային նորմերով սահմանված եւ ՀՀ կողմից ստանձնած բանտարկյալների պահման չափանիշներին, կանգնեցրեց կալանավորների կենցաղային պայմանների բարելավման ուղղությամբ տարվող նպատակային շինարարական աշխատանքները, վերացրեց բանտարկյալների համար ուսուցման դասընթացները, խզեց շահագրգիռ հասարակական կազմակերպությունների հետ համագործակցությունը: Անհարկի կերպով դժվարացվեց բանտարկյալների հարազատներից հանձնուքների ընդունումը: Այսպես, եթե նախկինում դա տեղի էր ունենում մեկ ժամում, ապա այժմ դրանց փոխանցումը տեւում է 5-6 ժամ, որի ընթացքում բանտարկյալների հարազատները ենթարկվում են նվաստացուցիչ վերաբերմունքի»: Հացադուլավորները պահանջում էին հանդիպում ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանի եւ ՀՀ Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի հետ, որի ընթացքում նրանք հնարավորություն կունենան ներկայացնելու իրենց խնդիրները: Կազմակերպությունը հիշեցնում է նաեւ, որ բանտային վատ պայմանները արդեն իսկ մի շարք դատապարտյալների մահվան պատճառ են դարձել:

Երեկ, սակայն, ժամը 19.00-ի դրությամբ 24 դատապարտյալներն արդեն դադարեցրել էին հացադուլն` իրենց դիմումի համաձայն: