Երազ իմ երկիր հայրենի

03/11/2006 Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ

Ա. Մարգարյանին, սակայն, լրագրողներն այդպես էլ չհասցրին հիասքանչ փաստաթղթի մասին հարցեր տալ։ Այդ պատվին արժանացավ ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի (ՖԷՆ) նախարար Վարդան Խաչատրյանը։ Նա ներկայացրեց բյուջեի հիմնական կետերը՝ ՀՆԱ-ի 9 տոկոս աճ, մինչեւ 4% գնաճ, 68.3 մլրդ դրամի պակասորդ եւ այլն։ Թեեւ բյուջեն նախատեսում է տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի ակտիվացում, հարկային եւ մաքսային վարչարարության բարելավում եւ շատ այլ գեղեցիկ բաներ, այնուամենայնիվ, Վ. Խաչատրյանը որակումների հարցում ավելի զուսպ էր, քան Ա. Մարգարյանը։ ՖԷՆ նախարարը զերծ մնաց «հիասքանչ» եւ նմանատիպ այլ բառերից՝ պարզապես նշելով, որ «սա 2007թ. պետական բյուջեի նախագիծն է»։

Այդ նախագիծը պարունակում է մի շատ հետաքրքիր կանխատեսում եւս՝ հաջորդ տարի արտահանումը կաճի 16 տոկոսով, իսկ ներմուծումը՝ 13.5։ «Ժողպատգամավոր» խմբի ղեկավար Կարեն Կարապետյանին հետաքրքրեց, թե ինչո՞վ է պայմանավորված այդ տեսակետը, եթե դրամի արժեքավորման արդյունքում արտահանման ծավալները գնալով ընկնում են։ Իսկ դատելով նույն բյուջեի նախագծից՝ հաջորդ տարի այս պրոցեսը շարունակվելու է, քանի որ նախատեսված է 1 դոլարի դիմաց 357 դրամ փոխարժեք։

«Երեւի վերջին տարին է, որ մենք փոխարժեքի կանխատեսում կանենք»,- ասաց Վ. Խաչատրյանը՝ պարզաբանելով, որ կանխատեսման հրապարակումը բացասական ազդակներ է ստեղծում եւ լրացուցիչ խթան հանդիսանում դրամի արժեւորման համար։ Վ. Խաչատրյանը տեղեկացրեց, որ ապագայում հաշվարկները կանեն տվյալ օրվա փոխարժեքով, Կենտրոնական բանկը կառավարության հետ արտարժութային գործարքներում հիմք կընդունի հենց գործող փոխարժեքը։ Իսկ եթե տատանումներ լինեն, ապա վնասը կփոխհատուցվի բյուջեի հաշվին։

Ինչ վերաբերում է արտահանման ծավալների անկմանը, ապա Վ. Խաչատրյանն արտահայտեց մի քանի հետաքրքիր մտքեր։ Նախարարը համոզված է, որ տեղի ունեցող գործընթացը դրական հետեւանքներ է ունենալու. «Դրամի արժեւորումը հնարավորություն է տալիս նոր տեխնոլոգիաների ներդրման։ Դա մի լրացուցիչ խթան է, որ արտադրողները կիրառեն նոր տեխնոլոգիաներ։ Հնարավոր չէր ցածր աշխատուժի հաշվին միշտ մրցունակ մնալ։ Վաղ թե ուշ այս պահը գալու էր»։

Կարեն Կարապետյանն այս տեսակետի հետ այնքան էլ համաձայն չէր։ Նրա կարծիքով, արժեւորումը միգուցե լավ պրոցես է, «սակայն գալիս է մի պահ, որից հետո վտանգավոր է դառնում»։ Պատգամավորը նաեւ դեմ էր, որ ոմանք հանգիստ խղճով ասում են՝ ոչ մրցունակ ընկերությունները շարքից դուրս կգան, եւ գտնում է, որ մտածելու տեղ ունենք, թեկուզ այն պատճառով, որ արտաքին առեւտրի դեֆիցիտը գնալով աճում է։

Այս հարցում Վ. Խաչատրյանի արտահայտած մտքերն ավելի հետաքրքիր էին։ «Մեր ցուցանիշները վատը չեն։ Մեր արտաքին առեւտրի բացասական հաշվեկշիռը կազմում է ՀՆԱ-ի 5-6%-ը։ Շատ երկրներ կերազեին այդպիսի ցուցանիշ ունենալ»,- համոզված է նախարարը։

Դժվար է ասել՝ ով ինչի մասին է մտածում եւ ո՞վ է Հայաստանին նայում բարի նախանձով։ Սակայն ՖԷՆ նախարարի նշած ցուցանիշը, մեղմ ասած, կասկածելի է։ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, 2006թ. հունվար-սեպտեմբերի ՀՆԱ-ն կազմել է 1 տրիլիոն 720 միլիարդ դրամ։ Եթե հիմք վերցնենք այսօրվա փոխարժեքը՝ 380 դրամը, ապա 2006թ. առաջին 9 ամիսների մեր ՀՆԱ-ն կազմում է մոտավորապես 4.5 միլիարդ դոլար։

Նույն ժամանակաշրջանում արտահանումը եղել է 699.4 միլիոն դոլար, իսկ ներմուծումը` 1 միլիարդ 508.7 միլիոն դոլար։ Բացասական հաշվեկշիռը կազմում է մոտ 809 միլիոն դոլար։ Պարզ թվաբանական գործողությամբ կարելի է հաշվել, թե 809 միլիոնը 4.5 միլիարդի քանի տոկոսն է։ Դա կազմում է մոտավորապես 18%։ Այսինքն, բացասական հաշվեկշիռ /ՀՆԱ հարաբերակցությունը պաշտոնական տվյալներով 18% է՝ Վ. Խաչատրյանի նշած ցուցանիշից մոտ 3 անգամ ավելի։ Ավելացնենք, որ արտաքին առեւտուրն առանց ադամանդի հաշվելու դեպքում նույնպես ստացվում է այս թիվը։ Հետաքրքիր կլիներ իմանալ այն երկրների մասին, որոնք երազում են այսպիսի ցուցանիշ ունենալ։ Թեեւ, ըստ Վ. Խաչատրյանի, արտաքին առեւտրի մեծ դեֆիցիտ ունենալն այնքան էլ սարսափելի բան չէ։ «Ես չեմ էլ պատկերացնում, որ Հայաստանը երբեւէ կարող է ունենալ արտաքին առեւտրի դրական սալտո՝ այսինքն, ավելի շատ արտահանի, քան ներմուծի»,- գտնում է նախարարը։

Այս ամենով հանդերձ, Վ. Խաչատրյանը հնարավոր է համարում գալիք տարում 16 տոկոս արտահանման աճ ունենալը։ Թեեւ խոստովանում է, որ ընթացիկ տարվա համար նույնպես եղել են լավատեսական կանխատեսումներ, որոնք, ինչպես տեսնում եք, չեն իրականանում։

Այն խոսակցությունները, որ դրամի արժեւորումը վնասում է տնտեսությանը, պրն Խաչատրյանը համարում է անհետաքրքիր։ «Այս կառավարությունը միակ կառավարությունն է, որը մինչեւ 2015թ. հստակ որոշել է իր գերակայությունները եւ կետ առ կետ գնում է… Այդ գերակայությունների մեջ կարեւոր տեղ ունի աղքատության հաղթահարումը։ Այդ իսկ պատճառով մենք նախապատվությունը տվել ենք գնաճին»,- ասաց Վ. Խաչատրյանը։ Նա կրկնեց այն, ինչ մինչ այդ ասում էին ԿԲ ներկայացուցիչները՝ պետք է ունենանք կա՛մ գնաճ, կա՛մ դրամի արժեքավորում։ Այսինքն, դրամի արժեւորումն այն գինն է, որը պետությունը վճարում է գնաճի ցածր մակարդակ ապահովելու համար. «Որպեսզի դրամի կուրսն ավելի խորը չընկնի, պետությունը մոտ 250 միլիոն դոլար է վճարել եւ շարունակում է վճարել, որ դանդաղեցնի կուրսը, բայց պահել-կանգնեցնելը մեզ համար անընդունելի է, որովհետեւ մեր հայտարարած առաջնահերթությունները կփոխվեն»: Ըստ Վ. Խաչատրյանի, կա նաեւ երրորդ ուղին՝ «կամ էլ պետք է կանգնեցնենք տնտեսական աճը», որը դժվար թե տեղի ունենա։

ՖԷՆ նախարարն անդրադարձավ նաեւ այն փորձագետներին, որոնք քննադատում են դրամի արժեւորումն ու դրա հետեւանքները։ Վ. Խաչատրյանի կարծիքով, նրանք լավ մասնագետներ են, եւ շատերն աշխատում են միջազգային կազմակերպություններում։ Սա նշանակում է, որ աշխատավարձը ստանում են դոլարով կամ եվրոյով, իսկ դրամի արժեւորումը խփում է նրանց գրպանին։ Նախարարը ցանկանում է, որ «նրանք իրենց կորցրած եվրոները չբերեն կապեն ժողովրդին։ Չեն հասկանում՝ մինչեւ ուր են հասնում՝ է՛լ սոցիալական, է՛լ աղքատության, այնպիսի ոլորտներ են մտնում, որի հետ որեւէ առնչություն չեն ունեցել, եւ դժվար էլ ունենան մոտակա 100 տարում»։

Ավելացնենք միայն, որ ի տարբերություն իշխանության վերին օղակներում գտնվող այլ անձանց, Վ. Խաչատրյանը դոլարով եկամուտ ստացողների շարքում լրագրողներին չհիշատակեց։