Ռուսները ստուգում եւ ուսումնասիրում են

03/11/2006 Տ.ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հայաստանում տարօրինակ ավանդույթ է ձեւավորվում կապված մեր երկրում օտարերկրյա դիվանագիտական հայտարարությունների գործունեության հետ: Օտարերկրյա դիվանագետները հաճախ մեղադրվում են Հայաստանի իշխանական շրջանակների հետ չափից դուրս սերտ անձնական կապերով, որոնք ոչ միշտ են առնչվում դեսպանների դիվանագիտական գործառույթներին: Նման մեղադրանքներ են հնչում նաեւ Հայաստանում ԵԱՀԿ ներկայացուցիչ Վլադիմիր Պրյախինի հասցեին: Ըստ լավատեղյակ աղբյուրների` նույն «կասկածի ցեցն» ընկել է նաեւ Ռուսաստանի դեսպանատան աշխատանքների հանդեպ: Ըստ այդ աղբյուրների, վերջին մեկ ամսվա ընթացքում ռուսաստանյան համապատասխան գերատեսչությունները (ՌԴ ԱԳՆ նախարարությունը եւ ՌԴ հատուկ ծառայությունները) համատեղ արդեն երկու հանձնաժողովներ են գործուղել Հայաստան` ՌԴ դեսպանատան աշխատանքները ուսումնասիրելու եւ ստուգելու ուղղությամբ: Նման գործողությունների պատճառն էլ տեղական իշխանությունների հետ չափից դուրս սերտաճումն է: Չի բացառվում, որ նման ստուգումները պայմանավորված են Վրաստանում անցյալ ամիս ծագած «լրտեսական սկանդալի» հետ, որի արդյունքում Վրացական իշխանությունների կողմից ձերբակալվեցին ՌԴ Ռազմական հետախուզության (ԳՌՈՒ) մի շարք սպաներ: Ըստ ռուսաստանյան աղբյուրների` ԳՌՈՒ-ի այդ աննախադեպ «պռավալը» այդ գերատեսչության հանդեպ լուրջ անվստահություն է առաջացրել Կրեմլյան վարչախմբում, ինչն էլ հանգեցրել է ուսումնասիրություններ եւ լրացուցիչ ստուգումներ իրականացնելու որոշմանը: Հիշեցնենք, որ Վրաստանի հատուկ ծառայությունների պնդմամբ Վրաստանում գործող ԳՌՈՒ-ի լրտեսական ցանցը ղեկավարվում էր հենց Հայաստանի տարածքից: Մեր աղբյուրի պնդմամբ` թեպետ ստուգումները ՌԴ դեսպանատանը դեռ չեն ավարտվել, սակայն արդեն իսկ դեսպանատան մի շարք աշխատակիցներ հետ են կանչվել Ռուսաստան: