Սահմանադրությանը մասամբ հակասելու դեպք

03/11/2006 Արա ԳԱԼՈՅԱՆ

ՀՀ Սահմանադրական դատարանը հազվադեպ է հայտնվում հասարակության ուշադրության կենտրոնում: Հարկավ, նաեւ այն պատճառով, որ ՍԴ-ի որոշումները, որպես կանոն, կանխատեսելի էին: Ինչպես, օրինակ,1996թ. եւ 2003թ. նախագահական ընտրություններից հետո: Սակայն հոկտեմբերի 4-ին կայացած որոշումից հետո ակնհայտ դարձավ, որ Սահմանադրական դատարանը կամերային կամ ձեւական կառույցից վերածվում է հասարակական կյանքում նշանակալի ազդեցություն ունեցող մարմնի: Մոտ մեկ ամիս առաջ ՍԴ-ն որոշում կայացրեց «Սոցիալական ապահովության քարտերի մասին» հայցը քննելով: 2004թ. հուլիսից ՀՀ այն քաղաքացիները, ովքեր հրաժարվել էին սոցիալական քարտ ստանալ, կենսաթոշակ չէին ստանում: Սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամը` ելնելով գործող օրենսդրությունից, հրաժարվում էր այդ քաղաքացիներին կենսաթոշակ վճարել: Օրենքը հիմնադրամից պահանջում էր ցանկացած վճար կատարելիս քաղաքացուց պահանջել սոցիալական քարտ: ՍԴ որոշմամբ օրենքի այս պահանջը հայտարարվեց ՀՀ Սահմանադրության պահանջներին հակասող եւ անվավեր: Դատարանի որոշման 3-րդ կետում նշվում է, ու անվավեր ճանաչելու որոշումը վերաբերում է իր «ուժի մեջ մտնելուն նախորդող իրավահարաբերությունների վրա»: Այսինքն, սոցիալական քարտից հրաժարվող քաղաքացիներին պետությունը պարտավոր է վճարել թոշակները ոչ թե ՍԴ որոշման ուժի մեջ մտնելու պահից, այլ 2004թ. հուլիսից ներառյալ: Երկրի տնտեսական կյանքում ՍԴ-ն առաջին անգամ որոշում ընդունեց: Այս որոշումը հստակ կարգավորեց հայցի շրջանակում բարձրացված հարցը: Փոխարենը տնտեսական եւ աշխատանքային օրենսդրության ոլորտում բազմաթիվ բացեր մնացին: Մի կողմից` ՍԴ-ն հայտարարեց, որ սոցիալական քարտի եւ սոցիալական քարտի համարի կիրառումը «հարկեր, տուրքեր, պարտադիր սոցիալական ապահովագրության վճարներ, ինչպես նաեւ պարտադիր այլ վճարներ վճարելու ժամանակ» անվավեր է: Մյուս կողմից` գործող օրենսդրության շրջանակներում նույն սոցքարտը շարունակում է մնալ անհրաժեշտ փաստաթուղթ: ՀՀ տարածքում անհատական հաշվառման համակարգը փոխելու մասին ՍԴ-ն որոշում չունի: Հիմա էլ ուժի մեջ է «Անհատական հաշիվ բացելու եւ անհատական հաշվետվության ձեւերը լրացնելու» կարգը: Այն հաստատել են ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարը ու ՀՀ Սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի նախագահը: Սույն կարգն անձի մասին պարտադիր տեղեկությունների եւ փաստաթղթերի շարքում պահանջում է նաեւ նշում սոցիալական քարտի մասին: Գործող օրենսդրությունը բոլոր գործատուներին զգուշացնում է, որ իրենց աշխատողներն այլ փաստաթղթերի հետ պարտադիր պիտի սոցիալական քարտ ներկայացնեն: Աշխատանքի ընդունվելիս անհրաժեշտ` պարտադիր փաստաթղթերի ցուցակից սոցիալական քարտը հանված չէ: Օրենսդրական եւ ենթաօրենսդրական փաստաթղթերը նույնիսկ նշում են, որ առանց սոցքարտի աշխատակից ունենալը եւ նրան աշխատավարձ վճարելն արգելված է: Նման փաստի արձանագրման դեպքում գործատուն ենթակա է տույժի` 50 հազար դրամի չափով: Սոցիալական քարտ չունեցող քաղաքացիներն իզուր էին ուրախանում` գործատուներն այսօր էլ հրաժարվում են նրանց աշխատանքի ընդունել: Հակառակ դեպքում հարկային կամ սոցիալական ապահովագրության տեսուչն առաջին իսկ ստուգումից հետո նրանց վրա 50 հազարանոց տուգանք կդնի: Փաստորեն ՍԴ-ն` ինչպես վայել է բոլոր դատարաններին, խնդիրը լուծել է միայն հայցի շրջանակներում: Հայաստանում հիմա կարելի է առանց սոցիալական քարտի միայն թոշակ ստանալ: Այն էլ, եթե տվյալ տեղական կառույցի ղեկավարը սեփական նախաձեռնությամբ «հարգի» Սահմանադրական դատարանի որոշումը: ՍԴ-ի այս որոշումը սոցքարտեր պահանջող մյուս օրենքներին ու ենթաօրենսդրական ակտերին չի վերաբերում: Մինչեւ ՍԴ դիմելն` իրենց հայցերով Մ. Քոչարյանն ու Հ. Դավթյանն անցել էին Հայաստանի եռաստիճան դատարանի համակարգով ու մերժվել: Հիմա նրանք իրենց խնդիրն անհատական մակարդակում լուծեցին: Հուսանք. որ լուծեցին նաեւ թոշակառուների խնդիրը: Բոլոր մյուս օղակներում խնդիրը մնում է չլուծված: ՍԴ այս որոշումն աննախադեպ իրավիճակ ստեղծեց ՀՀ օրենսդրական համակարգում: ՍԴ որոշման տրամաբանությամբ` ՀՀ քաղաքացիներին սոցքարտ պարտադրելը հակասում է երկրի Սահմանադրությանը: Սա` տրամաբանության տեսանկյունից: Սակայն օրենսդրության տեսանկյունից այն չի տարածվում աշխատանքի ընդունվողների վրա: Ոչ էլ` այն քաղաքացիների, ովքեր Սոցիալական ապահովագրության հիմնադրամում անհատական հաշիվ են բացում: Հիմա արդեն ակնհայտ է, որ ցանկացած քաղաքացի, եթե դիմի դատարան` բողոքելով, որ իրեն չեն ընդունել աշխատանքի սոցքարտ չունենալու պատճառով, այլեւս ՍԴ չի հասնի: Առաջին աստիճանում էլ դատարանները կորոշեն, որ գործատուն սխալ է: Հետո հարկային կամ սոցապահովագրության տեսուչները գործատուին կտուգանեն 50 հազար դրամով: Կգա գործատուի դատարան դիմելու ժամը: Դատարաններն այս անգամ էլ կորոշեն, որ տուգանողներն են սխալվել: Այսինքն` ՍԴ այս որոշումը ՀՀ դատական համակարգի համար լուրջ ծանրաբեռնվածություն կապահովի: Որովհետեւ պարտադիր բոլորից սոցքարտեր պահանջելն իսկապես հակասահմանադրական է: Բայց առայսօր` օրինական: Որովհետեւ իրավիճակն իսկապես աննախադեպ է: Ու պարզ չէ` պետական ո՞ր մարմինը պիտի նախաձեռնի օրենսդրության ամբողջական փոփոխության` հակասահմանադրականից սահմանադրական դարձնելու գործը: Պարզ չէ` որքա՞ն ժամանակ կպահանջվի դրա համար: Միթե՞ նորից մեր իշխանությունները ցանկացան, որ լավ լինի, բայց ստացվեց` ինչպես միշտ: