Խորհրդային Հայաստանի արդյունաբերական խոշոր կենտրոնների ցանկում իր
հաստատուն տեղն է ունեցել Ղափան քաղաքը, որտեղ գործում էին 37
արդյունաբերական ձեռնարկություններ: Ղափանն այժմ վերանվանվել է Կապան եւ
մարզկենտրոն է դարձել՝ կորցնելով երբեմնի արդյունաբերական կենտրոնի
համբավը: Դեռեւս 19-րդ դարից Սյունիքում զարգացող լեռնամետալուրգիան իր
կնիքն է թողել արդյունաբերության ուղղվածության վրա՝ կառուցված
ձեռնարկությունների նշանակալի մասը սերտորեն կապված է եղել այս ճյուղի
հետ: 50-ական թվականներին, Քաջարանի Պղնձամոլիբդենային կոմբինատի
կառուցմանը զուգահեռ, Կապանում կառուցվել է այդ ոլորտը սպասարկող
վերանորոգման գործարան, որը մասնագիտացված է մետալուրգիական
կոմբինատներում շահագործվող մեծ բեռնատարողությամբ մեքենաների
վերանորոգման ուղղությամբ եւ սպասարկում էր նախկին ԽՍՀՄ բոլոր
մետալուրգիական գործարաններին՝ Կալինինգրադից մինչեւ Խաբարովսկ եւ
Մագադան: ԽՍՀՄ փլուզումն իր հետքը թողեց այս գործարանի հետագա ճակատագրի
վրա՝ խզվեցին ավանդական տնտեսական կապերը, դրան գումարվեց նաեւ այն, որ
Լեռնային Ղարաբաղի պատերազմի արդյունքում Կապանը զրկվեց Երեւանի հետ
երկաթուղային հաղորդակցությունից. Ադրբեջանը շրջափակեց Նախիջեւանով անցնող
երկաթգիծը, վրաց-աբխազական կոնֆլիկտի պատճառով փակվեց նաեւ Հայաստանը
Ռուսաստանին կապող երկաթուղին: Այս ամենը գործարանի ղեկավարությանը
կանգնեցրեց այն փակելու վտանգի առաջ: Սակայն արդեն տասնամյակների փորձ
ունեցող գործարանը ոչ միայն չփակվեց, այլեւ սկսեց զբաղվել մի խնդրի
լուծմամբ, որի նշանակությունը դժվար է բառերով գնահատել: Այստեղ սկսեցին
վերանորոգել Ղարաբաղի պատերազմում վնասված ծանր ռազմական տեխնիկան՝
տանկերը, զրահատրանսպարտյորները եւ հետեւակի մարտական մեքենաները, որոնց
կարիքն այնքան զգում էր ղարաբաղյան ռազմաճակատը:
Գործարանը գտնվում է հայ-ադրբեջանական սահմանից 1 կմ-ից էլ քիչ
հեռավորության վրա եւ բազմիցս ենթարկվել է ռմբակոծությունների: Գործադիր
տնօրեն Կ. Դավթյանը հիշեց, որ նույնիսկ պաշտպանական պատնեշ էին կառուցել,
որպեսզի կարողանան աշխատել:
Պատերազմի ավարտից հետո գործարանը շարունակեց իր աշխատանքը՝ վերադառնալով
հին գործին: Սակայն կտրուկ նվազել էին պատվերների ծավալները: Հիմնական եւ
որոշ ժամանակ՝ նաեւ միակ, պատվիրատուն նոր վերագործարկված Զանգեզուրի
Պղնձամոլիբդենային կոմբինատն էր, որն էլ մինչ օրս ապահովում է պատվերների
90%-ից ավելին: Լինում են նաեւ մասնավոր պատվերներ, գործող
լեռնահարստացուցիչ կոմբինատներից Ագարակն էլ է պատվերներ տալիս, Կապանի
ԼՀԿ-ն մեծ բեռնատարողությամբ մեքենաներ չունի: Ամենաուշագրավ փաստն այս
գործարանի հետխորհրդային գործունեության ընթացքում այն է, որ,
հետեւողականորեն վերականգնելով նախկին կապերը, հնարավորություն է ստեղծվել
կազմակերպել գործարանի բնականոն գործունեության համար անհրաժեշտ
պահեստամասերի ներկրումը Ռուսաստանի Դաշնությունից եւ Բելառուսից: Վերջին
բեռնարկղը գործարանը ստացել էր դեկտեմբերին: Կ. Դավթյանը պետությունից
ակնկալիքներ չուներ՝ անհանգստություն հայտնեց միայն ճանապարհների փակման
հետ կապված։ Շուկայական տնտեսության ազդեցությունն այս գործարանի վրա
միայն սեփականության ձեւի փոփոխության մեջ է՝ գործարանը դարձել է բաց
բաժնետիրական ընկերություն, կոլեկտիվը բաժնետոմսերի սեփականատերն է
(աշխատողների թվաքանակն այսօր 172 է): Հետաքրքիր է նաեւ, որ
սեփականաշնորհման այս դեպքում գործարանը պահպանել է ունեցվածքը, ինչը
մյուս սեփականաշնորհված եւ թալանված գործարանների կողքին եզակի փաստերից
է: