Բրիտանիայի վարչապետ Թոնի Բլեերը զգուշացրել է, որ աշխարհի առջեւ ծառացած հրատապ խնդիրներից է կլիմայի փոփոխությունը վերահսկելու հարցը: Ըստ նրա, հարկավոր է գործել հիմա, որ վաղն ուշ չլինի: Համաշխարհային բանկի գլխավոր մասնագետ Նիկոլաս Սթերնի` շրջակա միջավայրի խնդիրների մասին ելույթը մեկնաբանելիս` վարչապետ Բլեերը նշել է, թե մասնագիտական հետազոտությունները ցույց են տալիս, որ կլիմայական փոփոխությունները չափազանց արագ են տեղի ունենում, եւ դրանց արագ չարձագանքելու դեպքում հետեւանքները տագնապալի կլինեն: Վարչապետի խոսքերով, այդ փոփոխությունները տեղի չեն ունենալու հեռու ապագայում, դրանց հետեւանքները զգալի կլինեն նույնիսկ այս սերնդին: «Եթե չգործենք հիմա, հետեւանքները անդառնալի կլինեն: Ներկայում, աշխարհում չկա ավելի լուրջ, ավելի հրատապ եւ համակարգում պահանջող խնդիր: Միջազգային հասարակությունը պետք է անհապաղ արձագանքի»: Բլեերը համոզված է, որ առանձին երկրների ջանքերն արդյունավետ չեն լինի, եթե միջազգային հանրությունը չհամախմբվի: Թոնի Բլեերի հավաստմամբ, եթե Բրիտանիան այսօրվանից կանգնեցնի իր բոլոր գործարանները, ապա դա օգուտ չի տա, քանի որ, օրինակ, Չինաստանն, օրական մթնոլորտ է բաց թողնում ավելի շատ վնասակար գազ, քան Բրիտանիան մեկ ամսվա ընթացքում: