Ֆրանսիական «LE MONDE» թերթը գրում է, որ Ռումինիայի կողմից որպես եվրոպական հանձնակատար առաջադրվող, ծագումով հայ Վարուժան Ոսկանյանի թեկնածությունը հանվել է` նրա նկատմամբ որոշակի մեղադրանքներ առաջադրվելու պատճառով: Բուխարեստը հայտարարել է, որ մոտ ժամանակներս կներկայացնի նոր թեկնածու` այս անգամ նախապես խորհրդակցելով Բրյուսելի հետ։ Որքանով են մեղադրանքները համապատասխանում իրականությանը` դեռ պարզ չէ: Քննարկվող վարկածներում նշվում է, որ սենատոր Ոսկանյանը նախկինում եղել է «Securitate»-ին (քաղաքական ոստիկանություն՝ կոմունիստների օրոք) տեղեկատվություն տրամադրող անձ, ինչպես նաեւ, ունեցել է «ոչ թափանցիկ» կապեր գործարար Սորեն Օվիդիու Վանտուի հետ, որն էլ իր հերթին` 1990-ականներին ֆինանսավորել է Ոսկանյանի կողմից ղեկավարվող աջերի փոքրիկ մի կուսակցություն։ Թերթը գրում է, որ Ոսկանյանը Եվրոպական հանձնաժողովի նախագահ Խոսե Մանուել Բարոզոյի հետ հանդիպման ժամանակ փորձել է հերքել իր հասցեին արված մեղադրանքները, սակայն Բուխարեստ է վերադարձել մերժված: Դրան հաջորդող օրերին Բրյուսելը պաշտոնապես հայտարարել է իր վերջնական մերժման մասին։ Նշենք նաեւ, որ մինչ Բրյուսելի կողմից մերժման մասին հայտարարությունը` Ոսկանյանը հանդիպել է երկրի վարչապետին եւ ինքնակամ հրաժարվել առաջարկվող պաշտոնից: Նա նշել է, որ իրեն ներկայացված մեղադրանքների փաստացի հերքումը երկար ժամանակ կպահանջի, իսկ ստեղծված իրավիճակը կարող է սեւ բիծ լինել Ռումինիայի անդամակցության գործընթացում։