Ղարաբաղում ճանապարհների կառուցումն ու վերանորոգումն իրականացվում է ոչ միայն բյուջետային, այլեւ՝ բարերարների միջոցներով: Դրա ամենավառ ապացույցներից են Գորիս-Ստեփանակերտ եւ Հյուսիս-Հարավ մայրուղիները, որոնք կառուցվել են համայն հայության միջոցներով՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից կազմակերպված հեռուստամարաթոնի արդյունքում հանգանակված գումարների հաշվին:
Ճիշտ է, Հյուսիս-Հարավ ճանապարհահատվածի մի մասի շինարարությունը դեռ շարունակվում է, բայց Ղարաբաղում, ինչպես ասում են, հույսը չեն կորցնում:
Տարբեր լրատվամիջոցներում շատ է խոսվել այն մասին, որ հիմնադրամի եւ ԼՂՀ կառավարության միջեւ ինչ-որ հակասություններ կան, սակայն ԼՂՀ քաղաքաշինության նախարար Մարատ Հակոբջանյանը դրանք հակասություններ չի համարում` ասելով. «Հակասություն, որպես այդպիսին, չկա, պարզապես մեր Քաղաքաշինության նախարարության կողմից պահանջարկ կա, որպեսզի աշխատանքները կատարվեն արագ տեմպերով եւ որակյալ: Միասին որոշում ենք եւ համաձայնության ենք գալիս: Դրանք պարզապես քննարկումներ են՝ ուղղված աշխատանքները նորմալ կատարելուն»:
«Իսկ հիմնադրամի աշխատանքներում շինարարական խախտումներ լինո՞ւմ են» հարցին Մարատ Հակոբջանյանը պատասխանեց. «Իհարկե, որտեղ աշխատանք կա, այնտեղ էլ խախտում է կատարվում: Հիմա պետք է ժամանակին վերահսկողություն իրականացնել եւ թերությունները շտկել, որպեսզի հետագայում էլ խուսափենք այդ խախտումներից»: Նա չցանկանալով նշել կոնկրետ դեպքերի մասին` փաստեց, որ իրենք աշխատում են ոչ միայն վերահսկողի դերում հանդես գալ, այլեւ` օգնողի:
Վերոնշյալ ճանապարհահատվածից բացի, հանրապետությունում կա եւս մի կարեւոր ճանապարհ, որից օգտվում են հանրապետության տարբեր գյուղերի բնակիչները: Խոսքը Ստեփանակերտ-Աղդամ-Մարտունի ճանապարհահատվածի մասին է: Իսկ նախատեսվո՞ւմ է արդյոք վերականգնել անմխիթար վիճակում գտնվող այդ ճանապարհը: Քաղաքաշինության նախարարի հավաստմամբ, նախատեսվում է Մարտակերտ-Աղդամ-Մարտունի-Հադրութ ճանապարհահատվածը թեթեւակի վերանորոգել: «Նախագծերի պատվիրման պայմանավորվածություն ունենք, դրանք պատրաստ լինելուց հետո, հատված առ հատված կվերականգնենք այն»,- ասաց նա: Ամենայն հավանականությամբ, աշխատանքները 2007թ. չեն սկսի, քանի որ բյուջեն ձեւավորման փուլում է, եւ այդ ծրագրի համար գումար դեռ չեն նախատեսել: