Իրարանցումն ավելի են սրում անընդհատ պտտվող լուրերն այն մասին, թե Եվրահանձնաժողովը՝ հայտնաբերելով քաղցկեղի առաջացմանը նպաստող աֆլատոքսիններ, արգելանք է դրել ադրբեջանական ընկույզի վրա: Պարզվում է, որ Բրուսելի կողմից դրված արգելքը միայն ընկույզին չի վերաբերում: Իսկ ընկույզի բիզնեսում տիրող խնդիրների համար մեղավորներին հարկավոր է այլ վայրերում փնտրել:
Այս տարվա հուլիսին Եվրոպական հանձնաժողովը, աֆլատոքսինով վարակված սննդամթերքի մուտքը Եվրոպա կանխելու համար որոշում ընդունեց հոկտեմբերի 1-ից արգելանք դնել Թուրքիայից ընկույզի ներմուծման վրա: Հենց այս որոշումն էլ հիմք հանդիսացավ բամբասանքների ու խեղաթյուրված լուրերի շրջանառության համար: Ադրբեջանի Գյուղատնտեսության նախարարության բերքարտադրության եւ վերահսկման բաժնի պետ Սաբիր Վելիեւը IWPR-ի հետ զրույցում հայտնեց, որ այդ լուրերը չեն համապատասխանում իրականությանը: «Եթե նման փաստաթուղթ գոյություն ունենար, ապա Գյուղատնտեսության նախարարությունը պաշտոնական նամակով պետք է տեղեկացվեր այդ մասին»: Վելիեւը պնդում է, որ արտահանումը Եվրոպական Միության երկրներ երբեք չի դադարեցվել: «Ներկա պահին թուրքական ընկերությունները առաջատարներից են ընկույզի եւ կաղինի արտահանման գործում Զակատալախում, Կախիում եւ Բաքվում»,- ասաց նա:
«Եվրոպական հանձնաժողովի սահմանափակումները աֆլատոքսինների վերաբերյալ Ադրբեջանի վրա որեւէ ազդեցություն չեն ունեցել, սակայն պետք է ենթարկվել Եվրոպական Միության օրենսդրությանը», – IWPR-ի հարցմանն ի պատասխան` նամակով հայտնել էր Եվրոպական հանձնաժողովի Առողջության եւ սպառողների պաշտպանության վարչության ղեկավար Ֆրանս Վերստրեյտը: Սա նշանակում է, որ ադրբեջանական ընկույզը ստուգվում է թունավոր նյութերի առկայությունը հայտնաբերելու համար, սակայն արգելված չէ:
Առողջապահության նախարարության Սանիտարահամաճարակային ծառայության պետի տեղակալ Ջաֆար Ահմեդովը IWPR-ին հայտնեց, որ Գուսար շրջանից Ռուսաստան արտահանված ընկույզի ու կաղինի մեջ իրականում հայտնաբերվել են որոշ աֆլատոքսիններ, իսկ Իտալիայից շուրջ 30 տոննա պնդուկ է հետ ուղարկվել Ադրբեջան:
«Արգելվում են միայն առանձին բեռներ»,- պնդում է նա՝ ավելացնելով, որ աֆլատոքսինների եւ այլ թունավոր նյութերի շուրջ ուշադրությունն աճել է վերջին տարիների ընթացքում: Թույնն առաջանում է պահպանման եւ տեղափոխման վատ պայմաններից: Աֆլատոքսիններն առաջանում են որոշ սնկային ծագում ունեցող նյութերից, որոնք վարակում են սննդամթերքը, մասնավորապես, ընկույզն ու կաղինն այս առումով բավականին հեշտ վարակվող են: Նմանատիպ սնկի զարգացման համար բարենպաստ պայմաններ են հանդիսանում տաք եւ խոնավ պայմանները:
Նույնիսկ, եթե սահմանափակումները չեն վերաբերում Ադրբեջանից ներմուծվող ամբողջ բեռներին, այնուամենայնիվ, Ադրբեջանի լեռնային շրջանների ընկույզի բիզնեսով զբաղվողները հայտնվել են ծանր դրության մեջ: Հյուսիսային Գուբա-Խաչմազ եւ հյուսիս- արեւմտյան Շեկի-Բելոկան շրջաններում բոլորը հիմնականում զբաղված են ընկուզեղենի արտահանմամբ: Գոյություն ունեն հարյուրավոր տեսակավորման եւ մշակման արտադրամասեր, որտեղ աշխատում են տասնյակ հազարավոր մարդիկ:
Ադրբեջանի հյուսիսարեւելյան Իլիսու գյուղից երիտասարդ բիզնեսմեն Իլհամ Իսաեւն այս տարի որոշել էր զբաղվել ընկույզների պահեստավորմամբ եւ վաճառքով: Սակայն Եվրոպական հանձնաժողովի արգելքի մասին տարածված լուրերը նրան ահռելի վնաս են հասցրել: IWPR-ի հետ զրույցում նա ասաց, որ այս տարի մեծածախ առեւտրով զբաղվող ընկերություններն, ի տարբերություն անցյալ տարվա, մոտ երեք դոլարի՝ 1կգ ընկույզի համար առաջարկում էին ամերիկյան մեկ դոլարից պակաս գումար: Նախկինում ընդեղենի բիզնեսով զբաղվողը 30 տոննա ընկույզ կամ կաղին վաճառելով կարող էր իրեն թույլ տալ գնել տուն կամ թանկարժեք ավտոմեքենա: Սակայն հիմա դա հնարավոր չէ: «Գների անկումը հատկապես վնասեց մանրածախ առեւտրով զբաղվողներին, որոնք գտնվում են սնանկացման ճանապարհին»,- ասաց Իսաեւը: Գյուղացիներից շատերը հավատում են, որ վարակված ընկույզների մասին լուրերը հորինվել են Բաքվի ազդեցիկ անձանց կողմից, ովքեր ղեկավարում են Ադրբեջանի տնտեսությունը եւ փորձում են նվազեցնել մեծածախ առեւտրի գները: Նրանք հիշում են Կախիում գարնանը հայտնված գովազդային պաստառները, որոնք գովազդում էին ընկույզ պարունակող հրուշակեղեն: «Եթե ընկույզն արգելված է, ապա ինչի՞ համար էին այդ պաստառները»,- հարցնում է գյուղացիներից մեկը: Մյուսն էլ ասում է. «Մենք ընկույզ կերել ենք մեր ամբողջ կյանքի ընթացքում եւ երբեք չենք հիվանդացել: Գուցե պատճառն այն է, որ մենք տեղյակ չե՞նք եղել այդ թույնի առկայության մասին»:
«Արտահանման խնդիրները, որ ազդում են Ադրբեջանում արտադրված ընդեղենի վրա, հաճախ արհեստական բնույթ են կրում,- ասաց տնտեսական զարգացման նախարար Հեյդար Բաբաեւը: -Տնտեսական զարգացման նախարարությունն արդեն քայլեր է ձեռնարկում: Մենք բանակցություններ ենք վարում Եվրոպական հանձնաժողովի հետ` մեր արտադրանքի արհեստական խցանումը դադարեցնելու նպատակով»:
Ադրբեջանի Սպառողների ազատ միավորման նախագահ Էյուբ Հուսեյնովն ասում է, որ իր աչքերով է տեսել, թե ինչ հակահիգիենիկ պայմաններում է մշակվում ընկույզը Գուբայի շրջանում: «Ես նկատեցի, որ մրգերն արտադրվում են էկոլոգիապես ոչ բարենպաստ պայմաններում: Մտավախություն կա, որ եվրոպացիների կողմից մերժված արտադրանքը չի ոչնչացվում, այլ վաճառվում է Ադրբեջանի բնակչությանը, քանի որ մենք փաստորեն չենք ստուգում արտադրանքի պիտանելիությունը: Մենք պայքարում ենք, որպեսզի անպիտան ապրանքը ոչնչացվի»,- ասաց նա:
Վստահ կարելի է խոսել միայն այն մասին, որ առողջության համար վնասակար թունավոր նյութերն ադրբեջանական ընկուզային առեւտրի «հիվանդության» միակ կարեւոր պատճառը չեն:
Գյուղատնտեսության նախարարության բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը, որը խնդրել է չնշել իր անունը, հաստատեց, որ ընկույզի որոշ քանակության մեջ սխալ պահեստավորման պատճառով հայտնաբերվել են թունավոր նյութեր պարունակողներ: Նրա խոսքերով, ստեղծված անորոշությունից օգտվում են ընկուզային առեւտրի որոշ խոշոր գործարարներ. «Նրանք իջեցնում են մեծածախ առեւտրի գները` արտադրանքը գրոշներով գնելու համար»:
Հոդվածն արտատպվում է Պատերազմի եւ խաղաղության լուսաբանման ինստիտուտի (IWPR) Կովկասյան լրատու (CRS) էլեկտրոնային պարբերականից