Մենք բոլորս մեծացել ենք Սեւրի սինդրոմով

03/11/2006 Ալին ՕԶԻՆՅԱՆ, Ստամբուլ

«Նոր Հարեւաններ» ինտերնետային կայքի թղթակից Ալին Օզինյանը թուրք մտավորականության առավել հետաքրքիր եւ առաջադեմ ներկայացուցիչների հետ Ստամբուլից հարցազրույցների շարք է սկսել: Ներկայացնում ենք այդ շարքի առաջին հարցազրույցը:

Էլիֆ Շաֆաք

Թուրք գրող Էլիֆ Շաֆաքը ծնվել է 1971թ. Ստրասբուրգում: Լինելով դիվանագետի դուստր` նա իր մանկության ու երիտասարդության տարիներն անցկացրել է Եվրոպայի տարբեր քաղաքներում: Բարձրագույն կրթությունը ստացել է Թուրքիայի Մերձավոր Արեւելյան տեխնիկական համալսարանի միջազգային հարաբերությունների եւ քաղաքագիտության ֆակուլտետներում: Նրա գիտական աշխատությունները եւ թեզերը նվիրված են եղել Մերձավոր Արեւելքի եւ Իսլամի թեմաներին: 2002 թ. սկսել է դասավանդել ԱՄՆ Միչիգանի համալսարանում: Ներկայումս դասավանդում է նաեւ Ստամբուլի Բիլգի համալսարանում:

ԱՄՆ-ում, շփվելով որոշ թուրք մտավորականների հետ, որոնց հայացքն արմատապես տարբեր է Թուրքիայի պետական դիրքորոշումից, եւ ծանոթանալով հայ համայնքի ներկայացուցիչներին եւ նրանց կյանքի պատմություններին, նա սկսել է հետաքրքրվել Հայոց ցեղասպանությամբ: Այդ կապակցությամբ ուսումնասիրություններ է կատարել նաեւ Տորոնտոյի Զորյան ինստիտուտի արխիվներում: Շաֆաքն ակտիվորեն մասնակցել է Ստամբուլում Բիլգի համալսարանի կողմից կազմակերպված Հայկական հարցին նվիրված գիտաժողովին: Նա իր վերջին ստեղծագործության` «Հայր եւ ապօրինածին զավակ» վերնագրով գրքում, շեշտելով հիշողության կարեւորությունը թուրք ազգի համար, պնդում է, որ հայերի տառապանքը թեթեւացնելու միակ ճանապարհը խնդրի լուսաբանումն է, քանի որ «ինչքան շատ հիշեն թուրքերը, այնքան արագ կմոռանան հայերը»: Շաֆաքի ստեղծագործությունը Թուրքիայում ամենաընթերցվող գրքերից է: Շաֆաքը թուրք հասարակությանը հուզող մի շարք հարցերի, այդ թվում` Հայկական հարցի նկատմամբ ունեցած դիրքորոշման պատճառով թուրքական ազգայնական շրջանակների կողմից ենթարկվում է քննադատությունների եւ նույնիսկ մեղադրվում «հակաքեմալիստ» եւ «հակապետական» լինելու մեջ: Ներկայումս Շաֆաքը, Օրհան Փամուկի եւ Յաշար Քեմալի հետ միասին, Եվրոպայում ամենաճանաչված երեք թուրք գրողներից մեկն է:

Ա.Օ. – Լինելով ազգությամբ թուրք եւ երկար ժամանակ բնակվելով արտասահմանում` ինչպիսի՞ դժվարություններ ունեցաք:

Շ.Է. – Բնակվելով տարբեր երկրներում` մեծ փորձ ձեռք բերեցի իմ մանկության ու երիտասարդության տարիներին, բայց Իսպանիայում անցկացրած տարիներն ամենամեծ հետքը թողեցին իմ կյանքում: Հաճախում էի Իսպանիայի պետական վարժարաններից մեկը, միակ թուրք աշակերտն էի, ու իմ մականունը «թուրք» էր: Նման պահերին մարդ հասկանում է, որ բացի իր ինքնությունից ու անհատականությունից` նա իր մեջ նաեւ կրում է ազգային պատկանելության հատկանիշներ: Դժբախտաբար մարդիկ առաջին հանդիպման ժամանակ ուշադրություն են դարձնում ձեր ազգային պատկանելությանը: Նրանց համար կարեւոր չէ ձեր անհատականությունը, դուք նրանց համար կամ ճապոնացի եք, կամ հնդիկ, կամ էլ թուրք: Մարդկանց ըստ ազգային պատկանելության խմբավորելն, իմ կարծիքով, շատ վտանգավոր է: Հետեւաբար զարմանալի չէ, որ արտասահմանում ապրող թուրքերը խմբավորված են եւ ապրում են մեկուսացված: Նրանք դառնում են ավելի ազգասեր ու կրոնապաշտ, քան Թուրքիայում ապրող թուրքերը, սակայն դա որոշ չափով էլ իրենց մեղքն է, պետք է կոտրել ու ազատվել այդ շղթաներից:

Ա.Օ. – Արտասահմանցիներն ինչպիսի՞ նախապաշարումներ ունեն թուրքերի նկատմամբ:

Շ.Է. – Նախ պետք է առանձնացնել եվրոպացիներին ու ամերիկացիներին, քանի որ նրանց պատկերացումներն արմատապես տարբեր են: Ամերիկացիների համար, մարդկանց ինքնությունը սահմանելիս, Իսլամը շատ մեծ չափանիշ դարձավ, հատկապես սեպտեմբերի 11-ի դեպքերից հետո: Հասարակ ամերիկացու համար ոչ մի տարբերություն չկա սիրիացու, լիբանանցու կամ իրաքցու միջեւ, նրանց համար բավական է արեւելքցի եւ մահմեդական լինելը: Հետեւաբար նրանք թուրքերին էլ մեծ դյուրությամբ կարողանում են ընդգրկել տվյալ սահմանման մեջ: Իհարկե, սա հերթական նույնացման քաղաքականությունն է, որն ինձ մոտ սարսափ է առաջացնում: Այլ է դրությունը Եվրոպայում, քանի որ եվրոպացիների հետ ունենք որոշակի շփում, որը դժվար է դրական գնահատել: Մենք բազմազգ մի կայսրության հետեւորդներն ենք, հետեւաբար, շատ բնական է, որ մեր բոլորի ընտանիքներում գոյություն ունենան տարբեր էթնիկական խմբերի ներկայացուցիչներ:

Եթե մարդիկ մի քիչ հետաքրքրվեն եւ ուսումնասիրեն իրենց ընտանիքի անցյալը, ապա կտեսնեն, թե ովքեր, որ ազգի ներկայացուցիչներ են եղել իրենց ազգականները: Կպարզվի, որ մեկի մեծ պապը եղել է չերքեզ, մեկ ուրիշինը` հայ, իսկ մյուսինը` քուրդ: Այդպիսի դեպքերը ինչպես բնական են, այնպես էլ շատ դրական, քանի որ մեր մշակութային հարստության արդյունքն են: Սակայն մենք տարիներ շարունակ, նման իրավիճակից ամոթահար ու անհարմար զգալով, փորձեցինք, նույնիսկ շատ հաճախ պարտավորվեցինք, թաքցնել իրականությունը ու դրա արդյունքում նմանվեցինք միմյանց ու նույնացանք: Դժբախտաբար այդ նույնացումն ընկալվեց, որպես «թուրքանալու գործընթաց»:

Մարդիկ փորձեցին որոշ իրողություններ թաքցնել, եւ դա ձախողվեց: Այսօր տիրող իրավիճակի հիմնական պատճառը դա է:

Ա.Օ. – Ի՞նչ եք կարծում, արդյո՞ք այս ձախողումը փաստող օրինակներից են Ֆեհրիյե Չեթինի «Իմ տատը» եւ Իրֆան Փալալըի «Գաղթի երեխաները» գրքերը, որտեղ նրանք բացահայտում են իրենց տատերի հայ լինելը:

Շ.Է.- Այս գրքերի լույս տեսնելն իսկապես շատ էական ազդեցություն ունեցավ հասարակության բոլոր շրջանների համար: Օրինակ, որոշ լրագրողներ սկսեցին գրել, որ իրենց ընտանիքում նույնպես կան տարբեր ազգի ներկայացուցիչներ:

Պարզ է դառնում, որ մեր բոլորի համար սկսվում է մի նոր ժամանակաշրջան:

Ես կարծում եմ, որ նման փաստերի մասին ավելի հեշտ ու հանգիստ են խոսում Թուրքիայի արեւելյան շրջաններում, որովհետեւ այդ շրջանի մարդիկ ավելի ծանոթ են իրականությանը: Որեւէ առիթով զանազան վայրեր այցելելիս` զրույցների ընթացքում հաճախ կարելի է լսել. «…իմ տատը հայ էր ու մեզ միշտ պատմում էր, թե դեպքեր են եղել այն ժամանակ…», մի ուրիշն ասում է. «…իմ պապն ամուսնացել է մի որբ հայ աղջկա հետ…»: Բայց կա նաեւ Ստամբուլում ապրող մի էլիտար մտավորականների զանգված, որը բացարձակապես չի ուզում հետաքրքրվել, թե ինչ է տեղի ունենում Ստամբուլից դուրս: Նրանց շարքին կարելի է դասել հաստատուն գաղափարների տեր լրագրողներին, դիվանագետներին ու պետական այրերին, որոնք չեն կարողանում նունիսկ տարբեր կարծիքների մասին լսել:

Ա.Օ.- Թուրքիայում ի՞նչ են մտածում 1915թ. մասին:

Շ.Է. – Ես կարծում եմ, որ Թուրքիայում 1915թ. դեպքերի հետ կապված գոյություն ունեն չորս հիմնական մոտեցումներ: Առաջին խումբն ունի բավական շատ համախոհներ, որոնք ընդհանրապես հետաքրքրված չեն իրենց անցյալով: Նրանց մոտ ամեն ինչի նկատմամբ իշխում է մի ընդհանուր անտարբերության զգացում: Իհարկե, դա պայմանավորված է նաեւ մեր արդիականացման քաղաքականության հետ: Մեզ հանրապետության առաջին տարիներին թվում էր, թե ինչքան արագ մոռանանք ու մեր կապերը խզենք անցյալի հետ, մեր ուշադրությունը սեւեռենք դեպի ապագա, այնքան դյուրին կլինի մեր արդիականացումը: Փորձեցինք կտրել կապը անցյալի ու ներկայիս միջեւ ու ստացանք մեր հասարակության ներկայիս պատկերը: Երկրորդ խմբի համախոհների թիվն այդքան էլ շատ չէ, սակայն համեմատած մյուս խմբերի ներկայացուցիչների հետ, նրանք ունեն ազդեցության ավելի մեծ լծակներ: Նրանց շարքին կարելի է դասել բյուրոկրատներին, դիվանագետներին, լրագրողներին, եւ զինվորական, քաղաքական ու մշակութային վերնախավի որոշ դեմքերին: Նրանց թիվը փոքր է, սակայն նրանք ավելի նպատակասլաց են, նրանց «ոտքերի տեղն ավելի ամուր է»: Նրանք ունեն մեղադրողի կեցվածք: Երրորդ խմբի ներկայացուցիչները Թուրքիայում եւ արտասահմանում ապրող երիտասարդներն են: Նրանք մտածում են, թե իրենք ոչ մի կապ չունեն անցյալում կատարվածների հետ ու պնդում են, թե իրենց պապերի մեղքը չպետք է իրենց վերագրել: Չորրորդ խումբն ընդգրկում է մի շարք մտավորականներին, որոնք համոզված են, որ ապագայի հասնելու համար նախ պետք է ուսումնասիրել ու հասկանալ անցյալը: Ես ինքս ինձ նույնպես համարում եմ այս խմբի ներկայացուցիչներից: Մենք շատ ենք կարեւորում անցյալի հիշողությունը ու մտածում ենք, որ ի զորու չենք նման հարցերը լուծել առանց անցյալը լուսաբանելու:

Թուրքիան` գաղափարախոսությունների փոփոխման բեմ

Ա.Օ. – Վերջին տարիների ընթացքում արդյո՞ք Թուրքիան կարողացավ ճանապարհ հարթել մարդու իրավունքների եւ ժողովրդավարության համար:

Շ.Է.- Ես կարծում եմ, որ բավական կարեւոր քայլեր արվեցին, որոնք որոշակի քաղաքական եւ ոչ քաղաքական շրջանակներում վախ ու երկյուղ առաջացրեցին:

Բնական է, փոփոխությունն ինչքան կտրուկ եւ արագ ընթանա, այնքան սուր կհնչի դժգոհների ձայնը: Բայց սխալ է ուշադրություն դարձնել այդ մարդկանց հակազդեցություններին եւ մտածել, թե ոչ մի դրական փոփոխություն չի լինում Թուրքիայում: Ըստ իս, ապագա հինգ տարում Թուրքիան դառնալու է գաղափարախոսությունների փոփոխման մի բեմ: Իհարկե, լինելու են որոշ մարդիկ, որոնք նույնպես խոչընդոտելու են այս գործընթացը, որովհետեւ նրանք նույնացման քաղաքականության հետեւորդներն են, որոնք շարժվում են Թուրքիան մեկուսացված պահելու բնազդով: Նրանք վախենում են մեր մշակութային բազմազանությունից: Այս մարդիկ ապրելով իրենց ստեղծած «փոքր կղզիներում»` ուզում են անտեսել մյուսներին: Բայց չպետք է մոռանալ մի կարեւոր հանգամանք եւս: Մենք փոքր տարիքից մեծացել ենք «Սեւրի սինդրոմով»: Մեզ ուսուցանել են հետեւյալը. «Թուրքիան երեք կողմից շրջապատված է ծովերով, իսկ չորս կողմից թշնամիներով»: Այս բնազդը շարունակական է: Կարծում եմ` տեղի է ունենալու գաղափարախոսությունների բախում, որի հետեւանքով ձեւավորվելու է մեր ապագան:

Ա.Օ.- Լինելով դիվանագետի դուստր` 1980-ական թվականների սկզբներին ապրել եք Եվրոպայում: Այդ ժամանակահատվածը կարելի է բնութագրել որպես դժվարին: Այն ժամանակ «հայ» բառն ի՞նչ էր նշանակում Ձեզ համար:

Շ.Է.- Բոլորս ունենք մեր անձնական բառարանները, եւ այդ բառարաններում ամեն մի բառի նշանակությունը տարբեր է յուրաքանչյուրիս համար: Հետեւաբար այն ժամանակ եթե ինձ հարցնեիք, թե ինչ է նշանակում «հայ» բառը, ապա ես հավանաբար կպատասխանեի` «մութ կերպարով, զինված մի ահաբեկիչ, որն ուզում է սպանել իմ մորը»: Ես միանշանակ բացասական նախապաշարումներ ունեի, չնայած ծանոթ չէի ոչ մի հայի հետ, բայց պատրաստ էի ատել:

Ա.Օ.- Ձեր «Հայր եւ ապօրինածին որդի» նոր վեպը գրելուց առաջ, ինչպիսի՞ հետազոտություններ եւ ուսումնասիրություններ էիք կատարել հայ-թուրքական հարաբերությունների մասին:

Շ.Է.- Ես ինձ դասում եմ երկխոսություն ստեղծելու նպատակով, թուրք եւ հայ մտավորականների կողմից կազմված ցանցի մի մաս: Շատ եմ կարեւորում այս ցանցի էությունը, քանի որ երկու կողմերն էլ կարիք ունեն ձեռք բերել լսելու ունակություն, քանի որ միայն այս ձեւով կարելի է նոր կամուրջներ ստեղծել:

Ես ուզում եմ ասել հետեւյալը. ինձ մոտ բացակայում է «Հայկական հարց» հասկացությունը: Ինձ հենց սահմանումն է, որ դուր չի գալիս` հնչողության պատճառով: Ի՞նչ է նշանակում «Հայկական հարց», «Քրդական հարց»: Այսինքն` ի՞նչ… Հայերն անցյալում իրենց խելոք չպահեցին, մենք էլ փորձում ենք այս հարցը լուծե՞լ: Այսինքն, մարդիկ չեն հասկանում, որ տվյալ դեպքում առկա է հակաժողովրդավարության, նմանեցման քաղաքականության եւ ընդհանուր հիշողության կորստի հարցեր: Ես հարցն ընդունում եմ այսպես եւ հետաքրքրվում եմ պաշտոնական պատմության տեսանկյունից անտեսված եւ լռության մատնված հարցերին ու մասնակցում եմ այդ ուղղությամբ կազմակերպված հանդիպումներին:

Ա.Օ.- Կարդալով Ձեր գիրքը` ես եզրակացրեցի, որ երկու ազգերն էլ չեն կարողանում համակերպվել ներկայի հետ, քանի որ հայերը, չհաշտվելով իրենց անցյալի հետ, կրում են իրենց նախնիների հիշողությունը եւ ապրումները, իսկ թուրքերը` ընդհանրապես պատկերացում չունեն իրենց անցյալի մասին: Այդ պատճառով երկու ժողովուրդների միջեւ ստեղծվել է մի մեծ անդունդ:

Շ.Է.- Ճիշտ է Ձեր եզրակացությունը: Երկու կողմերն էլ ներկան չեն ապրում: Երկու կողմում էլ իշխում է ծայրահեղությունը: Հատկապես սփյուռքում ապրող հայ երիտասարդներն ավելի ծայրահեղ տրամադրություններով են նայում թուրք ժողովրդին, քան իրենց նախնիները, որոնք անձամբ ներկա են գտնվել 1915 թ. դեպքերի ժամանակ: Նախկին սերունդը, բավական մեծ տառապանքներ կրելով հանդերձ, այդքան էլ վատ չի տրամադրված ու չի ընդհանրացնում բոլոր թուրքերին: Կան հայեր, որոնք ասում են, թե «թուրքերի կողմից իրագործված տեղահանության ժամանակ եղան թուրքեր, որոնք փորձեցին մեզ փրկել», սակայն երրորդ սերունդն ընդհանրապես հնարավորություն չի թողնում թուրքերի մասին խոսել թե՛ լավը եւ թե՛ վատը: Սակայն եթե կարողանանք 1915 թ. իրադարձությունները բացեիբաց քննարկել, ապա կգտնենք ոչ միայն ողբերգություններ, այլ նաեւ մարդկային խղճի արտահայտումներ:

Միաժամանակ պետք է ասել, որ այս հարցում թուրքական կողմը եւս բավական հիվանդագին կեցվածք է ընդունել: Նրանց մոտ ընդհանրապես գոյություն չունի անցյալի հիշողություն: Նոր սերնդի ներկայացուցիչները ոչ մի ժառանգական կապ չեն գտնում իրենց ու Օսմանյան Կայսրության վերջին ժամանակահատվածի միջեւ:

Ա.Օ.- Հալիթ Ռեֆիղը Ձեզ մեղադրեց «հակաքեմալիզմի» եւ «այսպես կոչված, Թուրքիայի քաղաքացի» լինելու մեջ: Ինչո՞ւ որոշ մարդիկ դեռ չեն կարողանում իրատեսորեն մոտենալ այդպիսի հարցերին, իսկ մոտեցողներին դատապարտում են: Թուրքիայում դեռ վախենո՞ւմ են մտքի ազատ արտահայտումներից:

Շ.Է.- Այդպիսի մարդիկ շարժվում են հին բնազդով` որոնել ներքին մի թշնամի եւ դատապարտել: Նման հարցերում Թուրքիայում բավականին զգայուն են: Մենք չենք սիրում քննադատողներին, իսկ ատում ենք, երբ նրանք, ապրելով արտասահմանում, քննադատում են Թուրքիան: Իրենց կարծիքով` արտասահմանցիների հետ մեր երկրի հարցերի շուրջ զրուցելը եւ կիսվելը միանշանակ դավաճանություն է: «Աղբը տնից չհանենք». այս է մեր հոգեբանությունը:

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ www.norharevanner.am կայքում: