Օգնեք թրաֆիկինգի դեմ պայքարին

03/11/2006

ՀՀ կառավարությունը մտադիր է թրաֆիկինգի դեմ պայքարի նոր ազգային ծրագիր մշակել, բայց գործնական քայլեր դեռ չեն արվել, քանզի պետբյուջեից այդ նպատակի համար դեռ միջոցներ չեն հատկացվել: ՀՀ-ում ԱՄՆ-ի փոխդեսպան Էնթընի Գոդֆրիի խոսքերով, եթե Հայաստանը բյուջեով որոշակի գումար հատկացնի այս խնդրի լուծմանը, ԱՄՆ-ն եւ ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը պատրաստ են ֆինանսապես աջակցել այս ծրագրին: ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրանուշ Հակոբյանը, ում հետ երեկ հանդիպել է Է. Գոդֆրին, ասել է, որ թրաֆիկինգն արմատախիլ անելու համար պետք է ազգային ծրագիրը կյանքի կոչել, միանալ ոլորտը կարգավորող միջազգային պայմանագրերին, կարգավորել օրենսդրական դաշտը, սերտ կապեր հաստատել այս հարցով զբաղվող միջազգային կազմակերպությունների հետ: Հ. Հակոբյանը պատրաստակամություն է հայտնել ֆինանսական աջակցության հարցով դիմել կառավարությանը: