Այժմ Վ. Մովսիսյանը կնոջ եւ երկու տղաների հետ ապրում է Թբիլիսյան խճուղի հասցեում գտնվող նախկին Լամպերի գործարանի ընտանեկան հանրակացարանի շենքի 4-րդ հարկի մեկ սենյականոց բնակարանում: Գործարանից հատկացված ժամանակավոր բնակարանը 1997թ. աշխատավարձերի դիմաց տնօրինությունը սեփականաշնորհել է, եւ հիմա այդ ոչ նախանձելի կենցաղային պայմաններով խուցը նրանց սեփականությունն է, որտեղ դժվարանում ես հավատալ, որ մարդիկ են բնակվում` Վոլոդյա եւ Ջեմմա Մովսիսյանները, իրենց երկու չափահաս տղաների հետ: Տղաները, որոնք ավարտել են հատուկ գիշերօթիկ դպրոցը, մեր այցելության պահին տանը չէին: Մոր ասելով, որդիներից մեծն ի ծնե սրտի արատ ունի, սակայն անչափահաս տարիքում հրաժարվել է սրտի վիրահատությունից: Նրանց մյուս տղան, Կենտրոնական բժշկական կոմիսարիատի հիմնավորմամբ, հոգեբուժական հիվանդանոցում պառկելուց հետո, երեք տարի ժամկետով ազատվել է զինվորական ծառայությունից: Մեր հարցին, թե տղաները որտե՞ղ են քնում, մայրը ցույց տալով պատին հենած ժանգոտած ներքնակը, որը հարեւաններից էին վերցրել, պատասխանեց. «Այստեղ, մեր կողքին»: «Մեզանից առաջ այս տանը գործարանի կադրերի գծով փոխտնօրենն է ապրել: 1989 թվին եկանք այս 11 քառակուսի մետր խոզանոցը: Տասը օր կլիներ, ինչ տեղափոխվել էինք, հինգուկես տարեկան տղաս առավոտյան ժամը 8-ին բալկոնից ընկավ ու մահացավ: Գեւորգն իմ առաջին կնոջից էր: Ութ տարի երեխա չէինք ունենում, հետո մեծ դժվարությամբ նա ծնվեց, ծննդաբերությունից 10 ժամ անց կինս արյան վարակի պատճառով մահացավ: Տղայիս ութ ամսականից երկրորդ կինս էր պահում: Խեղճ երեխան անընդհատ հիվանդանում էր, շատ դժվար պայմաններում էինք պահում` հիվանդանոցից հիվանդանոց տեղափոխվելով: Այդ չարաբաստիկ օրը մենք աշխատանքի էինք գնացել` երեխաներին թողնելով կնոջս 11 տարեկան զարմուհու մոտ: Գեւորգը քնից արթնացել էր ու մոտեցել պատշգամբին: Կնոջս հիշատակն էր, բայց այդ դեպքը պատահեց նրա հետ»,- հիշելով որդու հետ պատահած դժբախտ պատահարը` գլուխը խոնարհած պատմում էր Վ. Մովսիսյանը:
1992թ., երբ Վ. Մովսիսյանը (նա Լամպերի գործարանում ապրանքագետ է աշխատել) գործարանի համար Գավառից ապրանք է տեղափոխելիս եղել, 3 տոննա ապրանքով բարձած բեռնատարը վթարի է ենթարկվել, որի արդյունքում նա ողնաշարի վնասվածք է ստացել: Հիմա Վոլոդյան ցմահ առաջին կարգի հաշմանդամ է ու շարժվում է միայն հենակների եւ սայլակի օգնությամբ: Սայլակներից մեկը նրան հատկացրել են Հիսուս Քրիստոսի վերջին օրերի սրբերի կրոնական կազմակերպության ներկայացուցիչները (կամ մորմոնները)` հաշմանդամների համար ՀՀ-ում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Էվանսի կազմակերպած միջոցառման ժամանակ: Ինչպես խոստովանում է Վ. Մովսիսյանը, սայլակի վրա գրված անվան պատճառով շատ անգամ մտավախություն է ունենում, թե մարդիկ կարող են կարծել, թե ինքը մորմոն է: «Ես մի եկեղեցի ունեմ, դա առաքելականն է»,- ասում է Վոլոդյան: Արտադրությունում դժբախտ դեպքի հետեւանքով առողջությունը կորցրած Վոլոդյան իր հիմնարկից փոխհատուցում ստացել է մինչեւ 2000թ.` մինչեւ գործարանի սեփականաշնորհումը: «Լամպերի գործարանը 2000 թվին Հրանտ Վարդանյանը գնեց, դարձրեց «Գրանդ սան»: Կրած վնասի փոխհատուցման խնդրով որտեղ ասես դիմել եմ` եւ ՀՀ վարչապետին, եւ Ազգային ժողովին: Մինչեւ անգամ նախագահի աշխատակազմ եմ դիմել, սակայն ապարդյուն են անցել ջանքերս: Եթե ամիսը հազար դրամով հաշվում ես, գործարանի տնօրինությունն այս վեց տարվա մեջ ինձ պետք է 72 հազար դրամ հատկացնի: «Գրանդ սան» ընկերությունը փոխհատուցում չի կատարում` պատճառաբանելով, որ ինքը Լամպերի գործարանի իրավահաջորդը չէ»,- ասում է հաշմանդամ Վոլոդյան։
Մովսիսյանների ընտանիքի միակ եկամուտը հաշմանդամության համար սահմանված կենսաթոշակն է, որը կազմում է 7500 դրամ: Նրանք օրը մեկ անգամ սնվում են բարեգործական ճաշարանում: Որքան էլ զարմանալի է, այս ընտանիքը նպաստառու չէ, որովհետեւ, ինչպես Վ. Մովսիսյանն է ասում, իրենց աղքատության միավորները չեն բավականացրել, որպեսզի ընդգրկվեն Ընտանեկան նպաստների ծրագրի համակարգում: «Մի հատ գել է նստած այնտեղ, հեռուստատեսությամբ ելույթ է ունենում, ասում է` էս եմ անում, էն եմ անում, մոտը անձամբ մտել եմ, ասում է` սաղին կօգնեմ, քեզ` ոչ: Շենքից մարդիկ կան, որ օգնության կարիք չունեն, օգնում է, օգնությունն էլ բռնում-ծախում են»,- բողոքում է Վոլոդյա Մովսիսյանը ՀՀ Սոցիալական ապահովության նախարարության Արաբկիր համայնքի սոցիալական ծառայության տարածքային կենտրոնի պետից:
Հ. Գ. Ըստ ՀՀ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության Աշխատանքի վարչության պետ Գագիկ Բլեյանի, արտադրության մեջ աշխատողի խեղման եւ առողջության այլ վնասման հետեւանքով վնասի հատուցման հարցերը կարգավորվում են ՀՀ Քաղաքացիական օրենսգրքով եւ կառավարության 1992թ. որոշմամբ հաստատված կանոններով, որոնց համաձայն, հատուցումը կատարում է այն կազմակերպությունը, որը պատասխանատու է աշխատողին պատճառված վնասի համար: Իսկ եթե տվյալ կազմակերպությունը լուծարվել է, ապա, օրենքով կամ այլ իրավական ակտերով սահմանված կանոններով, հատուցման վճարները կապիտալացվում են` դրանք տուժողին վճարելու համար: Կապիտալացված գումարը հաշվարկվում է ըստ համապատասխան տուժողի աշխատունակության կորստի: Պարոն Բլեյանը մեզ խոստացավ ծանոթանալ Վ. Մովսիսյանի խնդրին եւ օրենքի սահմաններում բավարարել նրա պահանջները: