«Կինն ավելի մաքրասեր է, քան տղամարդը»,- ասում է Ռուբեն Հախվերդյանը

03/11/2006 Նունե ՀԱԽՎԵՐԴՅԱՆ

Երեւանում սերունդներ են ծնվում, մեծանում, հեռանում Երեւանից, Երեւան վերադառնում, սիրահարվում, երազում ու… լսում Ռուբեն Հախվերդյանի երգերը: Նրա երգերի համն ու հոտը, գեղեցիկ երաժշտությունն ու զարմանալի «մաքուր» բառերն անպայման մնում են մարդկանց սրտերում ու հիշողության մեջ: Ինչպիսին էլ որ ներկայանա Ռուբեն Հախվերդյանը, նա դրա իրավունքն ունի, քանի որ նա այն հազվադեպ մարդկանցից է, ով իր ետեւից «բան» է թողնում: «Հայերեն խոսե՛լ սովորեք»,- սիրում է հրամայել նա, քանի որ հասկացել է` ոմանց համար բառերն իմաստ են պարունակում, իսկ ոմանց համար էլ` միայն բառեր են մնում, եթե հայերեն տառերով, բայց ոչ հայերեն են ասվում:

Նրա վերջին` 0-ից մինչեւ 100 տարեկան երեխաներին ուղղված գիրք-ձայներիզը շուտով իր շարունակությունը կունենա: Այս անգամ՝ արդեն մուլտիպլիկացիոն ֆիլմերի տեսքով: Նաիրա Մուրադյանը, Դավիթ Սահակյանցը, Սեւան Նագաշյանը Ռ. Հախվերդյանի մանկական երգերի պատկերաշարերն են ստեղծում: «Տեսահոլովակ» հասկացողությունը Ռ. Հախվերդյանն այնքան էլ չի սիրում: Իսկ հարցազրույցի ձեւը նրա համար շատ հստակ է. «Դու հարցնում ես, ես պատասխանում եմ»,- վագրի թվացյալ հանգիստ կեցվածքով` վագրային նախշերով վերմակի տակ պառկած` ասաց նա: Ապա ավելացրեց. «Ես վագր եմ, քանի որ Վագրի տարում եմ ծնվել»:

– Հետաքրքիր է, քո կարծիքով` մտավորականը պետք է քաղաքական դաշտ մտնի՞, թե՞ ավելի լավ է հեռու մնա քաղաքականությունից:

– Ինձնից ի՞նչ մտավորական: Մտավորականը բոլորովին այլ կատեգորիա է, մտավորականներ էին, օրինակ, Վիկտոր Համբարձումյանը, իմ հայրը, Հենրիկ Հովհաննիսյանը: Ես այդ կատեգորիայի մեջ չեմ մտնում, ես արտիստ եմ: Իսկ արտիստները սովոր են իրերը միշտ իրենց անուններով կոչել: Պատահում է նաեւ այնպես, որ մեծ արտիստներին կարելի է մտավորական անվանել: Այդպիսին էր, օրինակ, Վահրամ Փափազյանը: Իսկ ես մտավորական չեմ, որ այդ հարցին պատասխանեմ: Բայց գիտեմ, որ յուրաքանչյուր քաղաքացի քաղաքականությունից խոսելու իրավունք ունի: Իսկ թե ի՞նչ է նշանակում «քաղաքականության մեջ մտնելը»՝ ես չեմ հասկանում:

– Օրինակ, ասում ես, որ այսինչ քաղաքական այրը կամ կուսակցությունը ամենալավն են, ու դրա դիմաց համերգներ կազմակերպելու կամ ձայնագրություններ անելու հնարավորություն ես ստանում: Այդ ամենը թանկ է, չէ՞:

– Ինձ նման առաջարկներ չեն արել:

– «Սա Էրեւանն է, այստեղ դու տանն ես» երգի բառերը շատերի համար հարազատ են դարձել: Իսկ հիմա Երեւանում քեզ ինչպես քո տա՞նն ես զգում:

– Երեւանը թեեւ շատ է փոխվել, բայց ինձ համար դա բնական տեղ է: Իմ ընկերներից մի քանիսը դեռ մնացել են: Իմ ամենաբնական ապրելու տեղը սա է: Իսկ ասել, թե իմ երգերն ինչպե՞ս են ընդունում՝ պետք չէ: Ես պարզապես երգեր եմ գրում, իսկ այդ երգերի արժեքի մասին լսողն է ասում: Ես այնպիսի մարդ չեմ, որ իմ երգերը լսեմ ու հիանամ: Առհասարակ, ես իմ երգերը հիմնականում չեմ սիրում:

– Ո՞ւմ երգերն ես սիրում:

– Սթինգի, Վիսոցկու, Ջեյմս Բրաունի, Ժակ Բրելի:

– Իսկ նոր երգեր ինչո՞ւ չես գրում:

– Իսկ ո՞վ է ասում, որ չեմ գրում: Պոետը քնած է, պոետն աշխատում է: Ահագին բաներ գրել եմ, բայց դեռ ցույց չեմ տալիս:

– Գոյություն ունի՞ ազգի գենետիկ հիշողություն:

– Իհարկե, քանի որ այդ բանի գոյության մասին պնդում են հոգեբույժներն ու հոգեբանները: Ցեղի գենետիկ հիշողություն կա, իսկ ազգի` ոչ: «Ազգ» հասկացողությունը ես չեմ հասկանում:

– Կարելի՞ է ասել, որ հայերին ուժեղ ձեռքով ղեկավարող առաջնորդ է պետք:

– Կարելի է այդպես ասել: Համենայնդեպս, չինացիները կոմունիզմից կապիտալիզմի անցնելու շրջանում տասը տարով օրենք հնարեցին. գնդակահարություն կաշառակերության համար: Իսկ հիմա Չինաստանը շատ արագ ու ուժեղ քայլերով առաջ է գնում:

– Կաշառակերությունը մեր ամենամե՞ծ պրոբլեմն է:

– Ամենամեծ պրոբլեմը կաշառակերությունը չէ, այլ` հարկային քաղաքականությունն է, որի արդյունքում մինչեւ հիմա չեն կարողանում ճշգրտել` որ մեծահարուստը՝ ոնց է լցնում պետական բյուջեն: Եվ իրականում, նրանց եկամտի ո՞ր տոկոսը պետք է պետական բյուջե մտնի: Հարկային դաշտը մաքուր չի, այնտեղ նույնպես, ինչպես շատ ու շատ տեղեր, կաշառք գոյություն ունի: Այդ պատճառով էլ Մաքսային ծառայության պետն այնպիսի մի տուն ունի, որին նայելով, մարդը կարող է ուղղակի ապշել:

– Կարծես բոլոր հայերին է հատուկ մեծ տուն, մեծ ավտոմեքենաներ ունենալու տենչանքը: Բոլորն են ուզում աչքի ընկնել:

– Ոչ միայն հայերը, բոլոր երկրներում էլ մեծահարուստներն աչքի են ընկնում իրենց գռեհկությամբ, տգիտությամբ եւ ուժով, որովհետեւ փոփոխական ժամանակներում ուժեղ են դառնում նրանք, ովքեր օգտվում են ամենաանբարոյական քայլերից:

– Համաձա՞յն ես, որ անկախ եւ ուժեղ մարդը պետք է մենակ լինի:

– Ուժեղ լինելու համար մարդը պետք է ամուսնացած չլինի, փող աշխատի ոչ թե Հայաստանի ներսում, այլ` դրսում: Միայն այդպես նա անկախ կլինի: Եվ առհասարակ, մարդը միայն ինքն իր հետ պետք է պրոբլեմներ ունենա, որպեսզի կարողանա ինքն իրեն դատել: Մարդը պետք է կարողանա առաջին հերթին իր աչքի գերանը տեսնել, հետո միայն` մյուսի աչքի փուշը:

– Քեզ մոտ դա ստացվո՞ւմ է:

– Չգիտեմ, տարբեր հասակներում ես տարբեր ձեւերով եմ ապրել: Ինչպես երգում է իմ սիրելի Ջո Քոքերը` ամեն հասակ իր մտածողությունն ունի:

– Պատրանքներ չե՞ն փշրվել, երազանքների կորուստներ չե՞ն եղել:

– Ի՞նչ կորուստների մասին կարող է խոսք գնալ, եթե մարդն, առհասարակ, անընդհատ գտնելով է զբաղված: Ամենամեծ հաճույքը գտնելու մեջ է, դա գիտակցության ու աշխարհընկալման հաճույք է: Ես համոզված եմ, որ ոգին չի մեռնում, եւ մարդն անվերջության մեջ է: Հիմա, այս ժամանակահատվածում պարզապես այստեղ ենք ապրում: Ինձ համար կարեւորն այն է, որ ես ինչ-որ չափով կարողացել եմ հետք թողնել, մի քանի երգ եմ գրել, որոնք մարդկանց ուժեղացնում են:

– Իսկ պայքարել պետք չէ՞: Կամ էլ ավելի ծայրահեղ քայլերի դիմել, ասենք` հեղափոխություն անել:

– Չեմ կարծում, որ հիմա հեղափոխությունների ժամանակ է: Մարդու պայքարը միշտ իր հետ է լինում: Իսկ գաղափարական իմաստով հեղափոխական կարելի է համարել Հիսուս Քրիստոսին, ով ինչ մտածում՝ դա էլ ասում էր: Եթե նկատել ես, թե Բուդդան, թե Հիսուսը առանձին մարդու մասին էին խոսում, իսկ գաղափարախոս հեղափոխականները` Ստալինը, Պինոչետը մասսաներին էին դիմում ու մասսայական բնաջնջումների գնացին: Թեեւ քրիստոնեությունն էլ, որպես գաղափարախոսություն, տարբեր դարերում իր այլանդակ ձեւերն է ընդունել, իրար են սպանել կաթոլիկներն ու բողոքականները, հիմա էլ են իրար սպանում` Իռլանդիայում ու Անգլիայում: Ցավոք, գաղափարախոսությունը դարձավ կրոն: Կարծում եմ, որ ամենադեմոկրատական եկեղեցին Հայ Առաքելական եկեղեցին է, որը երբեք ոչ մեկին դաս չի տվել, այլ ընդհակառակը, կուլտուրա է ստեղծել, որպեսզի պահպանի իր ժողովրդին:

– Հիմա բավական հզորանում է աղանդավորական շարժումը, որն առավել տարածվում է երիտասարդ երգիչների շրջանում:

– Աղանդավոր դառնում են հիմնականում պրիմիտիվ, թերզարգացած մարդիկ: Շատ երգիչների երգելաձեւին ու դեմքի արտահայտությանը որ նայում ես, արդեն տեսնում ես նրանց մարդկային մակարդակը: Զարմանալի չէ, որ նրանք ընկնում են աղանդավորների ճանկերը: Աղանդավորական հովերը հիմնականում Արեւմուտքից են գալիս եւ լավ վճարվում են: Մի անգամ ինձ մոտ երկու հատ Եհովայի վկաներ էին եկել, նրանց վզին դագանակի երկու հարված հասցրեցի, որից հետո նրանք լաց լինելով խոստովանեցին, թե որքան են իրենց պրոպագանդայի համար վճարվում:

– Ամեն մեկը տանը պետք է դագանա՞կ պահի:

– Անպայման: Խփելով դու հո նրանց չե՞ս սպանում, միայն ֆիզիկական ուժ ես գործադրում: Իսկ ֆիզիկական ցավը նրանց ստիպում է ասել այն, ինչը նրանք պետք է ասեն:

– Բա խոսքի ազատությունն ու դեմոկրատիան ո՞ւր մնացին:

– Դեմոկրատիան չի նշանակում, որ պետք է առանց դագանակի լինես: Եթե քեզ մեկը վիրավորում է (իսկ երբ նա գալիս է քեզ պրոպագանդելու, դա արդեն իսկ վիրավորանք է), դու նրանից ուղղակի պաշտպանվում ես, որպեսզի քեզ վիրավորելու համար նման մարդկանց չղրկեն ու քո ինտելեկտին ցավ չպատճառեն: Դեմոկրատիան շատ լավ կարելի է շուռ տալ, քանի որ դեմոկրատիան բավականին լպրծուն բան է, ոնց ուզես` կարող ես պտտեցնել:

– Ըմբոստությունդ խուլիգանական մանկությունի՞ց է գալիս:

– Իմ մանկությունը խուլիգանական չի եղել: Ես միշտ մենակ եմ եղել եւ ոչ մեկի հետ ոչ մի հարաբերություն ունենալու չեմ ձգտել: Եվ մանուկ ժամանակից էլ աշխատում էի ապրել նույն դագանակի մեթոդով, չեմ սիրում, որ որեւէ մեկն իմ սահմաններն է խցկվում: Բայցեւ լավ տեսնում էի, որ կարող եմ ինքս ուրիշի սահմանները խցկվել` նրան բան սովորեցնելու համար:

– Հարազատների նկատմամբ վախ չե՞ս զգում: Որդո՞ւդ էլ ես ասում` դագանակ պահիր:

– Ես ասել եմ: Ասել եմ, որ եթե որեւէ մեկը քեզ ուզի ծեծել, մեծ քար վերցրու ու շատ ուժեղ խփիր նրա գլխին: Այդ ժամանակ կասեմ` ապրես, բալիկս:

– Իսկ եթե իրավապահ մարմինները խառնվե՞ն …

– Իրավապահ մարմինները, երեւի, ամենաշատ կաշառք վերցնողներն են:

– Երբեւիցե կաշառք տվե՞լ ես:

– Ես երբեք կաշառք չեմ տվել, միայն վերցրել եմ: Սա, իհարկե, կատակ է… Ես սկզբունքորեն կաշառքին դեմ եմ: Մի անգամ կարծես ստիպված էի կաշառք տալ, բայց դա շատ ծանր նստեց: Դեպքը տեղի էր ունեցել մաքսատանը, կաշառքի փաստն ապացուցվեց, ու երկու հոգի աշխատանքից հեռացվեցին:

– Ուրեմն սկզբունքայնությամբ կարելի՞ է շտկել իրավիճակը:

– Հիմա մենք ապրում ենք այնպիսի ժամանակահատվածում, երբ իրավապահ մարմիններն անիրավությամբ են զբաղված, իսկ անիրավապահները` իրավունքների պաշտպանությամբ: Հիմա շատ դժվար է որեւէ բան ապացուցել: Չինացիները որպես անեծք ասում են՝ «Թող, որ փոփոխական ժամանակներում ապրես»: Իսկ մենք հիմա այդպիսի ժամանակներում ենք ապրում:

– Բայց սովետական ժամանակներում ավելի վատ էր:

– Լավ չէր, բայց հստակ էր, գիտեիր, որ եթե ձեռքդ այստեղ դնես, ձեռքիդ կխփեն: Գիտեիր, որ Լենինին պետք չէ հայհոյել:

– Իսկ հիմա կարելի՞ է հայհոյել առաջնորդներին:

– Հիմա բոլորը կառավարությանը հայհոյելով են զբաղված: Դեմոկրատիան նրանում է, որ կառավարությունը հայհոյողներին առանձնապես չի ճնշում: Ի դեպ, լրատվական միջոցները երբեմն իրենց շատ ավելի անպարկեշտ են պահում, քան կառավարությունը: Հասկանում են, թե չեն հասկանում՝ աջ ու ձախ նախշում են: Ինչ որ ենթադրում են, այն էլ գրում են:

– Ի՞նչ է քեզ համար սերը:

– Սերը աշխարհը սիրել է նշանակում: Արեւը բացվում է, օրն արթնանում է, հետո գալիս է գիշերը: Դա է սերը: Ամեն ինչ պետք է սիրով անես:

– Կաշառք վերցնել, քարով խփել, հայհոյել… սիրո՞վ:

– Չէ, այդ բոլորն արդեն անում ես հումորով: Իսկ հումորն իր մեջ սիրո տարրեր է պարունակում: Կարծում եմ, որ Բարձրյալը անսահման հումորի տեր մարդ է եղել, եթե ստեղծել է այս աշխարհը: Աստծո հումորի մասին պատկերացում կազմելու համար հերիք է նայել մեր խորհրդարանին:

– Կցանկանայի՞ր մեր խորհրդարանում ավելի շատ կանանց տեսնել:

– Խորհրդարանում ամենակարգին մարդիկ հենց կանայք են` Հրանուշները` Խառատյանն ու Հակոբյանը, Ալվարդ Պետրոսյանը, Լյուդմիլա Հարությունյանը (չնայած նշվածներից մի քանիսն ԱԺ պատգամավորներ չեն): Մեկը մյուսից խելոք կանայք են, նույնիսկ թերթերից մեկում գրեցի, որ լավ կլիներ մեր պրեզիդենտն, ասենք, Լյուդան լիներ, որովհետեւ ինչպես երեւում է` հայ կանայք ավելի խելոք են, քան հայ տղամարդիկ: Ես միշտ այդպես եմ կարծել: Կինն ավելի հանդուրժող կենդանի է, հետո էլ` ավելի մաքրասեր է: Հայ տղամարդիկ, մանավանդ` դեպուտատները, ամբողջ օրն իրենց պոռնիկների հետ բաղնիքներում «քցած» են, իսկ մեր կանայք նորմալ կանայք են: Եվ լավ կլինի, որ տղամարդիկ հաճախ լսեն կանանց: Ժաննա դ’Արկին ո՞նց էին լսում: Իհարկե, եթե կինը խելացի է… Որովհետեւ հիմար կնիկը սարսափելի բան է: Աշխարհի ամենախելոք կինը մեր տատն էր, նրա նման կանայք էլ չկան: Մեր տատն է ինձ տղամարդ մեծացրել:

– Դու ռեժիսոր ես ու շատ լավ բեմադրել գիտես: Գուցե թատրոն վերադառնալու ժամանակը եկե՞լ է:

– Մի բան է հայտնի. լուսնի տակ ոչ մի նոր բան չկա: Ամեն ինչ բեմադրված է: Դեկորացիաներ սարքելու ցանկություն չունեմ, երազանքս գյուղում բնության հետ համերաշխ ապրելն է:

– Դրան հավատալը դժվար է: Գուցե հումո՞ր ես անում:

– Իզուր, որ չես հավատում, ես շատ անկեղծ եմ: