«Ամոթ է, որ Ռուսաստանն իր ռազմավարական գործընկեր երկրի տնտեսության մեջ ներդրումների ծավալով չի գրավում առաջին տեղը»,- երեկ Կրեմլում Ռոբերտ Քոչարյանի հետ հանդիպման ընթացքում հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: ՌԴ նախագահի համար միգուցե դա նաեւ «թասիբի» հարց է։ Սակայն վատ զգալու տեղ չկա. փոխարենը նրա երկիրը Հայաստանի տնտեսության ողնաշարը հանդիսացող էներգետիկ համակարգի 80%-ը եւ շատ այլ կառույցներ նվեր է ստացել իր ռազմավարական գործընկերոջից։ Ռ. Քոչարյանը դժվար թե պրն Պուտինին հիշեցներ այդ փաստը եւ դրանով մխիթարեր նրան։ ՀՀ նախագահը պարզապես հուշել է, որ դեռ ամեն ինչ կորած չէ՝ «Գազպրոմի» հետ էներգետիկ ոլորտի բոլոր «լուրջ պայմանավորվածությունները մտնում են իրագործման փուլ, եւ ներդրումային բաղադրիչը գալիք տարում էապես կփոխվի»: Ամենայն հավանականությամբ խոսքը վերաբերում է Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկի վերագործարկմանը։ Իսկ միգուցե նաեւ ռուսներին հնարավորություն տրվի «ներդրումներ» անել Իրան-Հայաստան գազամուղո՞ւմ։ Վերջիվերջո, հո չե՞նք թողնելու, որ ռազմավարական գործընկերն իրեն վատ զգա։ Մեզ համար էլ է թասիբի հարց։