Առաջին ատյանի դատարանի երեկվա որոշմամբ` ՀՀ Ազգային անվտանգության ծառայության մեկուսարանից ազատ է արձակվել «Միասնական Ջավախք» ժողովրդավարական դաշինքի նախագահության անդամ, Վրաստանի քաղաքացի Վահագն Չախալյանը, ով հոկտեմբերի 11-ին ձերբակալվել էր Հայաստանի սահմանն ապօրինի հատելու համար: Նշենք, որ շաբաթ օրը ՀՀ նախագահի խորհրդական Գառնիկ Իսագուլյանը կարծիք էր հայտնել, որ Վ. Չախալյանը շուտով ազատ կարձակվի: Ըստ որոշ տեղեկությունների, Վ. Չախալյանը 5 տարով դեպորտացվել էր Հայաստանից: Ու թեեւ մինչ կալանավորվելը նա մի քանի անգամ հատել է ՀՀ սահմանը, սակայն հայրենի իրավապահները միայն վերջին անգամ են նկատել, որ նա այդկերպ օրենք է խախտում, քանզի վերոնշյալ 5 տարվա ժամկետը դեռ չի լրացել: