Ռուսները մտան ՀՀ հեռահաղորդակցության ոլորտ

01/11/2006 Կարապետ ԹՈՄԻԿՅԱՆ

Ռուսական «Կոմստար-ՕՏՍ» ընկերությունը գնել է հայաստանյան «Կոլնետ/ Կոռնետ» ընկերությունների խումբը: Այս մասին հայտարարեց «Կոմստար-ՕՏՍ»-ի լրատվական ծառայությունը: Ընկերությունը ձեռք է բերել «Կոլնետի» կանոնադրական կապիտալի 75+1%-ը եւ «Կոլնետին» 100%-ով պատկանող «Կոռնետ» ընկերությունը, որը մասնագիտացած է ինտերնետային եւ նրա հետ կապված ժամանակակից IP տեխնոլոգիաների վրա հիմնված ծառայությունների տրամադրման, ինչպես նաեւ` լոկալ եւ գլոբալ ցանցերում տեղեկատվական ծառայությունների ամբողջական փաթեթի մատակարարման բնագավառում: «Կոլնետ» ընկերությունը գործում է հայաստանյան միջօպերատորական շուկայում, իսկ ինտերնետ-պրովայդեր «Կոռնետն» իր մեծությամբ երկրորդ հեռահաղորդակցության խումբն է ՀՀ-ում:

«Կոլնետը» հայկական շուկայի 4 օպերատորներից մեկն է, որն ունի տրաֆիկի տրանզիտի լիցենզիա: Վերջինս մեծ մրցակցային առավելություն է` հաշվի առնելով միջազգային տրաֆիկի այն մեծ ծավալները, որ բնորոշ են հայաստանյան շուկային: Իսկ «Կոռնետը» բաժանորդների աճող ցանց ունի. ՀՀ բանկերի 76%-ն այս ընկերության հաճախորդներն են: 2005թ. «Կոռնետի» հասույթը նախորդ տարվա նկատմամբ կրկնապատկվել է` հասնելով 4,3 մլն դոլարի: «Կոլնետը» եւ «Կոռնետը» առաջատար դիրքեր են զբաղեցնում Հայաստանի հեռահաղորդակցության շուկայի արագ զարգացող հատվածներում` տվյալների փոխանցման ծառայությունների եւ ինտերնետի մատուցման շուկաներում` օգտագործելով միեւնույն բիզնես-մոդելը, ինչ «Կոմստարը» Ռուսաստանում: «Կոռնետը» ՀՀ-ում Wi-Max ծառայությունների միակ մատակարարողն է, ինչը հետագայում «Կոմստարին» հնարավորություն կտա դրա հաջողված փորձն օգտագործել ՌԴ տարածքում Wi-Max ցանցի զարգացման մեջ»,- ասել է «Կոմստար» ընկերության գլխավոր տնօրեն Էրիկ Ֆրանկեն:

«Կոմստարի» համար «Կոլնետի» եւ «Կոռնետի» գնումն ԱՊՀ երկրներում երկրորդ ձեռքբերումն է: Նման մի գործարք ընկերությունն այս տարվա հունիսին կնքել է ուկրաինական կազմակերպության հետ:

«Կոմստար-ՕՏՍ» ընկերությունը ռուսաստանյան խոշորագույն օպերատորներից մեկն է, որը ստեղծվել է 2004թ.` «Կոմստար», «ՄՏՈՒ-Ինֆորմ», «Տելմոս» ընկերությունների միավորման միջոցով: «Կոմստար-ՕՏՍ»-ի հիմնական բաժնետերը «Սիստեման» է: 2005թ. «Կոմստարի» հասույթը հասել է 907,6 մլն դոլարի:

Հիշեցնենք, որ ռուսական «Սիստեմա» ընկերությունն «ԱրմենՏելի» հավանական գնորդներից մեկն է: Ու մինչ հայաստանյան օպերատորի ճակատագիրը դեռ որոշված չէ, «Սիստեման» ավելի «նուրբ» քայլ է կատարում` «Կոմստար-ՕՏՍ» ընկերության միջոցով մուտք գործելով ՀՀ հեռահաղորդակցության շուկա: Եթե հանկարծ «Սիստեման» դառնա «ԱրմենՏելի» 90% բաժնետոմսերի սեփականատերն, ապա կստացվի, որ այս ոլորտում վիճակը կդառնա շատ ավելի ոչ մրցակցային, քան ներկայումս է: Այդ դեպքում «ԱրմենՏելի» բաժնետերը միեւնույն ժամանակ կլինի նաեւ խոշոր ինտերնետ-պրովայդերի համասեփականատեր: