Ինչպես նշել էինք, նախորդ տարվա առաջին ինն ամիսների համեմատ գներն աճել են 2.4%-ով, իսկ օգոստոսի համեմատ գները սեպտեմբերին իջել են 0.3%-ով։ Ըստ վիճակագիրների, պարենային ապրանքների գները սեպտեմբերին նվազել են 0.9%-ով, ոչ պարենային ապրանքներինը՝ 0.2%-ով, իսկ ծառայությունների ոլորտում արձանագրվել է 0.5% գնաճ։
Ընթերցողներին հիշեցնենք, որ Սպառողական գների ինդեքսը հաշվարկվում է 470 անուն ապրանք-ծառայությունների գների հիման վրա, որոնցից 70-ն ավելացվել են այս տարի։ Ցուցակի ուսումնասիրությունն ինքնին շատ հետաքրքիր գործ է, որի ժամանակ կարող եք պարզել, որ սեպտեմբեր ամսին էլեկտրաէներգիան թանկացել է 0.7%-ով (օգոստոսի համեմատ)։ Ինչպես գիտեք, էլեկտրաէներգիայի սակագինը մեր երկրում հաստատվում է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից, որն այդ սակագինը վերանայելու է միայն նոյեմբերին։ Իսկ առայժմ մենք վճարում ենք ցերեկային ժամերի համար` 25 դրամ, իսկ գիշերային ժամերի համար` 15 դրամ (1 կիլովատտի դիմաց)։
Վիճակագիրները նաեւ պնդում են, որ «Մերսեդես-Բենց» ավտոմեքենաների գներն ընկել են 13.7%-ով։ Մինչդեռ երկրորդային շուկայում (օգտագործված ավտոմեքենաներ) մեքենաների վաճառքով զբաղվող անձինք պնդում են հակառակը, գները զգալիորեն աճել են։
Ավտոմեքենաների թեման շարունակելով՝ նշենք, որ մեքենա լվանալը նախորդ տարվա համեմատ թանկացել է 4.3%-ով։ Սա էլ, ճիշտն ասած, փոքր-ինչ տարօրինակ է, քանի որ այդ ծառայության գները սովորաբար լինում են կլոր թվեր՝ 1000, 1500 կամ 2000 դրամ։ Իսկ թանկարժեք մեքենաների համար` 5000 դրամ եւ ավելի։ 4.3 տոկոսը մի քիչ դժվար է պատկերացնել, քանի որ դա կնշանակեր 1200 կամ 1300 դրամ։ Այդպիսի «խուճուճ» գների ոչ մի ավտոլվացման կետում չեք հանդիպի։
Քանի որ ավտոմեքենաներով հետաքրքրվողները հիմնականում տղամարդիկ են, բերենք նաեւ կանանց հետաքրքրող մի ցուցանիշ։ Մազերի ներկումը թանկացել է 2.1, իսկ գանգրացումը՝ 3.8%-ով։
Ավտոմեքենայի եւ մազերի հարդարման ծառայություններով հետաքրքրվում են առավելապես քաղաքային համայնքների բնակիչները։ Սակայն վիճակագիրները չեն մոռացել նաեւ գյուղացիներին եւ, մասնավորապես, գյուղատնտեսությամբ զբաղվող մարդկանց։ Ահավոր թանկացել է գերանդին։ Նախորդ տարվա համեմատ այս գյուղատնտեսական գործիքի գինն աճել է 38.9%-ով։ Բահը եւ փոցխը նույնպես զգալիորեն թանկացել են, համապատասխանաբար, 26.4 եւ 35.9%-ով։
Հետաքրքրություն ներկայացնող ապրանք-ծառայությունների գների դինամիկային կարող եք ծանոթանալ ԱՎԾ-ի կայքէջում։ Մենք վերջում ավելացնենք միայն հետեւյալը։
Մոտ մեկ ամիս առաջ, երբ «168 Ժամ»-ին կից գործող «Պրեսսինգ» ակումբում քննարկվում էր դրամի արժեւորման թեման, մեր գործընկերներից մեկը նշեց, որ գնաճի հաշվարկման մեջ, չգիտես ինչու, հաշվում են «Մագնա» սիգարետի գինը։ Դրանով ցանկանում էր ցույց տալ, որ գնաճի հաշվարկման համար հիմք հանդիսացող ապրանք-ծառայությունների ցուցակը թերի է. կան ապրանքներ, որ ցուցակում չկան, եւ ընդհակառակը՝ ցուցակում տեղ են գտել այնպիսի ապրանքներ, որոնք այնքան էլ կարեւոր չեն։ Օրինակ, «Մագնա» սիգարետը անհնար է գտնել որեւէ վաճառասրահում։ Վաճառողների եւ ծխողների մոտ դա միայն քաղցր կարոտախտ է առաջացնում՝ անցումային շրջանի եւ «դախլային» հարաբերությունների ժամանակաշրջանի մասին։ Քննարկման ժամանակ պաշտոնատար անձանցից մեկը հավաստիացրեց, որ այդ սիգարետը ցուցակում արդեն չկա, սակայն ԱՎԾ-ի՝ գնաճին վերաբերող հրապարակման մեջ այն նորից ունի իր ուրույն տեղը։ 159-րդ տողում կարող եք պարզել, որ նախորդ տարվա համեմատ դրա գինն աճել է 0.4 տոկոսով։