Սլավիկը կհասնի՞ իր նպատակին, կդառնա՞ բժիշկ: 11 տարեկան տղայի մասին հարեւաններն ասում են` իրասածի է, ոչ մեկին չի ենթարկվում, բայց նաեւ նպատակասլաց է, դպրոցի լավագույն աշակերտներից, գերազանցիկ, ուզում է մեդալով ավարտել:
Սակայն ճակատագիրը նրան ո՞ւր է տանելու, երբ որբանա. անցյալ տարի մահացավ մայրը, բժիշկների ասելով` մեկ ամսից կմահանա հայրը:
Աբովյանի փախստականների հանրակացարանի մութ միջանցքը տանում է Խանումյանների 13 քմ տարածքով սենյակը: Սեղանի մոտ Սլավիկը դասերն է պարապում, դիմացը` մահճակալին, մահամերձ պառկած է հայրը` 68-ամյա Էդիկ Խանումյանը:
Էդիկի մահվան մահճի կողքին դույլն է, որտեղ թափում է հետ տված կերակուրը: Արդեն օրգանիզմը սնունդ չի ընդունում, նա միայն ջրով է ապրում: Ստամոքսը մի անգամ վիրահատել են, բժիշկն ասել է, որ երկրորդ անգամ արդեն իմաստ չունի, քաղցկեղը կերել է օրգանիզմը: Նրան երեք ամսվա կյանք է տվել, արդեն երկուսը անցել է:
Էդիկ Խանումյանը փախստական է Բաքվից: 1988 թվականին, երբ արդեն բոլորը քոչում էին, ինքն էլ եկավ երկու զավակների ու կնոջ հետ: Շամխորի Մարտունի գյուղից փախչում է ու որդուն միանում մայրը, որ 1998 թվականին մահացավ: Զավակները գնացին Մոսկվա, 1992-ին մահացավ առաջին կինը: Էդիկը կրկին ամուսնացավ, 1995 թվականի փետրվարի 18-ին` Էդիկին փախստական դարձրած Ղարաբաղյան շարժման օրը, ծնվեց Սլավիկը:
Մայրը` Ռոզան, մահացել է անցյալ տարի ապրիլին. «Հաց-մաց կերանք, տելեվիզր էինք նայում, ես քնեցի, ինքը նայեց մինչեւ 3-ը,- հազիվ բառերն արտաբերելով պատմում է Էդիկը: – Ասի` Ռոզա, թող քնենք, ասեց` մեր գյուղացիներն են երգում, թող նայեմ: 5-ի մոտ մեկ էլ խռխռոց եմ լսում, վեր կենամ, արդեն ուշ էր»:
Պարզվեց, որ մահացել էր երիկամային անբավարարությունից: Նախորդ օրը բժիշկը անալիզներ էր վերցրել, այդ օրը պիտի պատասխանը տար:
Տարօրինակ զուգադիպությամբ Էդիկի երկու կինն էլ մահացան այս նույն սենյակում նույն տարիքում` 52 տարեկանում:
18 տարվա մեջ շատ բան փոխվեց Էդիկի կյանքում, միայն նույնը մնաց նեղ սենյակը: Զուգարանը ամբողջ միջանցքի բնակիչների համար ընդհանուր է: Տաք եղանակներին միջանցքի ծայրում բնակիչները դույլով ջուր են տաքացնում ու լողանում, իսկ հիմա, երբ ցրտերը սկսվել են, արդեն կգնան բաղնիք: Սլավիկը երկու շաբաթ չի լողացել, օրերս բաղնիք կգնա: Առաջ հոր հետ էր գնում, հիմա երեւի հարեւանները տանեն: Բնակարան ստանալու բոլոր հույսերը մեռան: «Ասում էին` սերտիֆիկատ կտան, տուն կառնենք, բայց ոչ մի բան էլ չեղավ,- ասում է Սլավիկը: – Կդառնամ բժիշկ, փող կաշխատեմ ու էն ժամանակ տուն կառնեմ»:
Տան բոլոր գործերը Սլավիկն է անում: Գնումներ է անում, ուտելիք պատրաստում. ճիշտ է, բարդ ճաշեր դեռ չի կարողանում եփել, հարեւաններն են հաճախ նրան ճաշ տալիս: Այսօր միայն թթվասեր է կերել, իսկ երեկ նրբերշիկ էր առել, եփել. «Մեկ-մեկ էլ տապակում եմ»:
Արդեն շորերն էլ է սկսել լվանալ: «Ես սովորեցնում եմ, ասում եմ` այ, փոշին այսքան լցրու, այսպես տրորի,- ասում է հարեւանուհի Յուլյան: – Բայց քամելը` չէ, վերցնում եմ, ասում եմ` ես կանեմ, իրա ուժը դեռ չի հերիքում»:
Յուլյան է խնամում Սլավիկին, հետեւում, որ դասերն անի. «Նա շատ ուշիմ է, ամեն ինչ շուտ ընկալում է, հիշողությունը հիանալի է, բայց դեռ փոքր է, դեռ նրան խնամել է պետք: Շատ իրասածի է, դպրոցից գալիս է, ասում եմ` Սլավիկ, շորերդ փոխի, ասում է` հիմա, ու երկար տեւում է այդ «հիման»: Երբեմն կոպիտ եմ ասում ու երեւի դրա համար ինձ էնքան չսիրի: Մայրը ուշ էր ունեցել երեխային` 42 տարեկանում, ու Սլավիկը կյանքում նրա համար ամեն ինչ էր: Որ երբեմն չէր լսում, ձայնը բարձրացնում էր տղայի վրա, հետո շատ էր զղջում»:
Ամեն օր երկու-երեք ժամ ինքնուրույն դասերն է անում, երբ ինչ-որ բան չի հասկանում, դիմում է հարեւաններին: Իսկ եթե մեծանա, եւ առարկաները դժվարանան, ո՞վ կօգնի: «Մաթեմատիկան չեմ մտածում, ինձ համար հեշտ է»,- ասում է նա:
Հեռուստացույցով նայում է բոլոր բժշկական հաղորդումները` եւ Մոսկվայից, եւ Երեւանից. «Ես դառնալու եմ բժիշկ, բոլոր հիվանդությունները բուժող, ոչ թե առանձին: Գիտեմ` կան տենց բժիշկներ, օրինակ` իմ պապային վիրահատող բժիշկը»:
Մյուս սիրած զբաղմունքը դաշնամուրն է: Մի տարի գնացել է, բացվել էր անվճար խմբակ: Մայիսին փակվել է, բայց Սլավիկը շարունակում է նվագել, հաճախ վազում է երրորդ հարկ` Սոնյայի սենյակ, որտեղ շենքի միակ դաշնամուրն է, ու նվագում է:
Բացում է նոտաները, նվագում է սկզբում «Ուրախ բադը», հետո` Սոնյայի սիրածը` ուկրաինական ժողովրդական մի երգ: «Հիմա էկեք ձեր համար լավ երգ նվագեմ, հա՞»: Արդեն նոտաներին չի նայում, նվագում է հիշողությամբ:
Նվագում է Հայաստանի հիմնը, իսկ Սոնյան, որ փախստական է Կիրովաբադից, պատմում է դաշնամուրի պատմությունը, որն իր փախստական կյանքի խորհրդանիշն է դարձել. «Սաղ տունս թալանեցին, մենակ դաշնամուրը մնաց: Էկան ասեցին` գնացեք եւ վերջ: Ամեն ինչ տարան, ամեն ինչ, բայց դաշնամուրը չէին կարողացել տնից հանել, դե, դռնից հնարավոր չէր, բալկոնից էլ` լուսամուտ էր դրած: Հետո որ լիցքաթափվեց վիճակը, բալկոնը քանդեցինք ու դաշնամուրը հանեցինք, բեռնատարով բերեցինք այստեղ»:
Սլավիկը շատ է ուզում շարունակել երաժշտական կրթությունը: «Իսկ ինչո՞ւ չես շարունակում»: Ձայն չի հանում, կրկնում եմ հարցը, լռում է: Գուցե տեղ չկա գնալու: Պատասխանում է` չէ, երաժշտական դպրոց կա: «Փո՞ղ չկա»: «Այո, փող չկա, զանգեցի մի տեղ, ասեցին` ամիսը 2500 դրամ»:
Հայրը Բաքվում եղել է կռունկավար, Աբովյանում շարունակել է նույն գործը: Վերջին տարիներին դպրոցում էլեկտրիկ էր աշխատում, արդեն ամսից ավելի է` չի կարողանում աշխատանքի գնալ, բայց տնօրենը վճարում է աշխատավարձը` 25 հազար դրամ: Դասընկերները գնում են լողի, ինքն էլ կուզեր. «Բայց լողը շատ թանկ է, 10 հազար դրամ, էդ արդեն անհնար բան է»:
Սլավիկը երգում է, բայց դեռեւս չի կարողանում միաժամանակ նվագել ու երգել: Երգում է «Իմ փոքրիկ նավակը», որ նրա մանկական առոգանությամբ դառնում է տխուր մի երգ. «Իմ փոքրիկ նավակ, իմ փոքրիկ նավակ, կհասնե՞ս արդյոք ծովին կապուտակ»: Խոստանում է պարապել ու հաջորդ անգամ երգել դաշնամուրի նվագակցությամբ:
Բայց ինքը այս հանրակացարանում կլինի՞ հաջորդ անգամ: Դպրոցի տնօրենը արդեն պայմանավորվել է կողքի Սոսե գյուղի «Կինդերդորֆ» մանկատան հետ, որ հոր մահից հետո նա տեղափոխվի այնտեղ: Եթե ընդունեն տղային, նրա համար վատ չի լինի, քանի որ սա Հայաստանի լավագույն մանկատունն է համարվում: Հաճախելու է նույն դպրոցը, որ հանրակացարանի դիմաց է: Բայց Սոնյայի սենյակում կմնա՞ դաշնամուրը: Սոնյան ուզում է ծախել այն, 300 դոլար է ասում, թանկ չէ՞: «Բայց դոլարը էդպես ընկնում է, ինչի՞ է թանկ»,- ասում է նա: Արդեն կյանքն անտանելի է, ճնշումը անընդհատ բարձրանում-իջնում է, գրեթե անընդհատ պառկած է, դեղեր են անհրաժեշտ:
Հ.Գ. Տեքստը պատրաստ էր, երբ լուր եկավ, որ Էդիկը մահացել է:
www.armeninaow.com