Ղարաբաղում բնակարանների գներն աճում են

01/11/2006 Անահիտ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Ղարաբաղում աստիճանաբար աճում են բնակարանների գները: Եթե մի քանի տարի առաջ Ղարաբաղում տուն կարելի էր ձեռք բերել առավել էժան գներով, ապա հիմա բնակարանների գները համարյա թե հավասարվում են Երեւանի բնակարանների գներին: Գներն աճում են ոչ միայն մայրաքաղաք Ստեփանակերտում, այլեւ՝ հանրապետության տարբեր շրջաններում, մասնավորապես` Շուշիում եւ Մարտունիում:

Չնայած գների այդպիսի դինամիկային, այստեղ շարունակվում են անշարժ գույքի նկատմամբ իրականացնել տարբեր գործարքներ, այդ թվում եւ առք ու վաճառք: Ըստ ԼՂՀ Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տվյալների, 2006թ. առաջին 9 ամսում հանրապետությունում անշարժ գույքի նկատմամբ իրականացվել են 3721 գործարքներ, որոնցից ծագող իրավունքների պետական գրանցումների քանակը 2005թ. 9 ամսվա համեմատ աճել է 16.0 տոկոսով:

2006թ. առաջին 9 ամսում ԼՂՀ շրջաններում գրանցվել է բազմաբնակարան բնակելի շենքի բնակարանների 750, առանձնատների` 718 գործարք:

Հանրապետությունում իրականացվել են 544 առուվաճառքի գործարքներից ծագող իրավունքների պետական գրանցումներ, որոնց քանակը 2005թ. 9 ամսվա համեմատ աճել է՝ 30.5 տոկոսով: Անցյալ տարվա առաջին ամիսներին գրանցվել է բազմաբնակարան շենքերի բնակարանների առքուվաճառքի 181 գործարք, իսկ այս տարի նույն ժամանակահատվածում` 180: Դրա փոխարեն` ավելացել է առանձնատների առքուվաճառքի գործարքների թիվը` 124-ից հասնելով 153-ի:

Առուվաճառքի գործարքների հիմնական մասը` 62.7 տոկոսը, գրանցվել է Ստեփանակերտում (2005թ. 9-ը ամսում՝ 70,7 տոկոս): Բավականին բարձրացել են նաեւ բնակարանների գները. կոմիտեի տվյալներով, այս տարվա առաջին 9 ամիսների ընթացքում Ստեփանակերտում գտնվող բնակարանի 1քմ-ն 145-350 ԱՄն դոլար էր` անցած տարվա նույն ժամանակահատվածի` 120-260 ԱՄՆ դոլարի դիմաց: Միջին գումարը Ստեփանակերտում կազմում էր 247.5 ԱՄՆ դոլար, Ասկերանում` 76, Մարտունիում` 79.5, Մարտակերտում` 41.75, Հադրութում` 51.25, իսկ Շուշիում` 52.5 ԱՄՆ դոլար: Կոմիտեի տվյալների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ անցած տարվա համեմատ 1քմ-ի գինը Ստեփանակերտում աճել է 30.3 տոկոսով, Ասկերանում` 27.7 տոկոսով, Մարտունիում` 22.3, Մարտակերտում` 19.3, Հադրութում` 20.6, իսկ Շուշիում` 25 տոկոսով: Վերոնշյալ տվյալների համաձայն, գների աճի ամենացածր ցուցանիշը գրանցվել է Մարտակերտում, չնայած, որ վերջերս «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից սկսել է «Արցախի վերածնունդ» ծրագիրը, որը մեկնարկել է հենց պատերազմից ամենաշատը տուժած Մարտակերտի շրջանից:

Ստեփանակերտում բնակարանների գների բարձրացմանը զուգահեռ ավելի է սկսում զարգանալ հյուրանոցային բիզնեսը: Շատերը նույնիսկ իրենց առանձնատները վերափոխում ու հարմարեցնում են հյուրանոցների` ստեղծելով համապատասխան պայմաններ: Եթե անցած տարի մեկ ամսում վարձով բնակարանի համար պետք է վճարեիր 20-25 հազար դրամ, այսօր նվազագույն գինը 35 հազար է, սակայն այդ գնով բնակարաններում ստեղծված չեն ժամանակակից պայմաններ: Այդ պայմաններով բնակարանի համար ամսական պետք է վճարես ամենաքիչը 70-80 հազար դրամ:

Ինչպես մասնագետներն են նշում, այդպիսի տների եւ հյուրանոցների պահանջարկը գնալով մեծանում է: Եվ երեւի պատահական չէ, որ բարերարները շարունակում են իրականացնել հյուրանոցային ծառայությունների ծրագրերը: Ի դեպ, «Սիրկապ Արմենիա» ընկերությունը Ստեփանակերտի նախկին «Ղարաբաղ» հյուրանոցի տարածքում նոր հյուրանոցային համալիր է կառուցում, որը պետք է շահագործման հանձնվի 2007 թվին: Նույն տարում, ամենայն հավանականությամբ` մայիս ամսում, շահագործման կհանձնվի նաեւ Շուշիի 9 հարկանի հյուրանոցը: